Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրավիճակը սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման նոր եղանակներ է հուշում

Իրավիճակը սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման նոր եղանակներ է հուշում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսը բազմաթիվ բացասական երեւույթներից զատ առաջացրեց իրավիճակներ, որոնցից ելքեր որոնելիս մարդիկ սկսեցին հետաքրքիր դիտարկումների հանգել։ Դիտարկումներ, որպիսիք նախկինում չէին արվում, որոնց մասին մարդիկ չէին մտածում, որոնց մասին մտածելու ոչ առիթ, ոչ էլ ազդակ չէին ունենում։ Ու այդ դիտարկումներն արվեցին ինչպես կենցաղային մակարդակում, այնպես էլ՝ աշխատանքային, պետական, ազգային, վերպետական եւ այլն, ում հետաքրքրությունները նայած դեպի ուր էին ուղղված։

Համավարակը մարդկանց պարտադրեց մնալ տներում եւ հնարավորինս սահմանափակել կենդանի շփումը, այսինքն, թե՛ աշխատանքը, թե՛ առեւտուրն անել օնլայն կամ ցանցային եղանակով՝ առանց միմյանց տեսնելու ու իրար առաջ կանգնելու։ Կարանտինը մարդկանց, անգամ ընտանիքներին դարձրեց միմյանցից անտեսանելի սահմանով բաժանված առանձին միավորներ։ Եվ առաջացած այդ մոդելը շատ առումներով նման է մեր սփյուռքին։ Տարածված աշխարհով մեկ, միմյանց հետ կապի մեջ, բայց տարածության պատճառով միմյանցից «մեկուսացած»։ Իրականում, իհարկե, մեկուսացվածության խնդիր չկա հայ համայնքներում, բայց չէ՞ որ այդ միավորների կապը հիմնականում տեղի է ունենում համացանցի կամ հեռավար կապի այլ միջոցներով։

Այսպես, ի՞նչ են հուշում համավարակն ու հեռավար ուսուցումը։ Փաստ է, որ հայ ժողովուրդն արդեն մի սուբյեկտ է, որը բաղկացած է աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող միավորներից։ Եվ այն պարագայում, երբ աշխարհը կենտրոնացված համակարգերից աստիճանաբար անցում է կատարում ցանցային համակարգերի՝ լինի դա տնտեսական, թե քաղաքական, մենք՝ հայերս, մի տեսակ բարենպաստ իրավիճակում հայտնվելու իրական հնարավորություններ ունենք։

Եվ դրա պատճառն այն է, որ, կարծես թե, մյուսներից շատ ավելի վաղ ենք կանգնած եղել ցանցային համակարգի մոդելի մշակման խնդրի առաջ։

Բայց խնդիրը իրականում հենց այդ ժամանակն օգտագործելն ու միմյանց հետ հարաբերվելու գործուն, արդյունավետ եղանակներ մշակելն է։ Կրթական համակարգում հեռավար ուսուցման բազմաթիվ փորձեր արդեն կայացել են։ Ճիշտ է, ոլորտի մասնագետները նշում են, որ այն չի կարող փոխարինել ավանդական դասապրոցեսին, բայց կարեւոր խնդիրներ լուծում է։ Հիմա՝ հեռավար ուսուցման եղանակը հարկավոր է կիրառել սփյուռքի հայ համայնքներում առանձին դասապրոցեսներ, կուրսեր անցկացնելու համար։ Համացանցը, բնականաբար, բաց է բոլորի համար ու որեւէ սահմանափակում չի կարող լինել դասապրոցեսի առումով։ Հետեւաբար, այն հասանելի է լինելու աշխարհի գրեթե բոլոր ծայրերում։

Կարելի է հեռավար դասապրոցեսի օրինակով նաեւ այլ գործընթացներ անցկացնել։ Նպատակը մեկն է՝ միմյանց հետ ավելի ամուր կապել հայության տարբեր հատվածների։ Կարելի է կազմակերպել տեսակոնֆերանսներ կամ տեսաքննարկումներ։ Անգամ կարելի է դրանք իրականացնել ամենօրյա շփման ձեւաչափով։

2008-ի ու 2018-ի ժողովրդական շարժումների միջեւ ամենահիմնական տարբերություններից մեկը հենց տեխնոլոգիաների զարգացումն էր, ինչն էլ դարձավ 2018 թ. ժողովրդական շարժման հաջողության գրավականներից մեկը։ Նույն իրավիճակը մեր առաջ ծառացած է այսօր սփյուռքի հետ հարաբերությունների համատեքստում։ Տեխնոլոգիաները Հայաստանի ու սփյուռքի հարաբերություններում, ինչպես նաեւ սփյուռքի տարբեր համայնքների միջեւ հարաբերություններում էական աշխուժություն կարող են մտցնել։ Ամենօրյա տեսակապ՝ ամենօրյա շփում։

Սա՝ որպես իդեա, որը կարելի է տարածել տարբեր ոլորտների վրա, բայց գաղափարի առանցքը մեկն է՝ դյուրացնել, ավելի սովորական դարձնել շփումը հայության տարբեր հատվածների միջեւ, ինչպես նաեւ, որ նույնքան կարեւոր է, բացահայտել տարբեր սուբյեկտների միջեւ շահերի ու հետաքրքրությունների առավել շատ համընկնումներ։

Դավիթ  Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]