Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄԷ-ի որդեգրած ռազմավարությունը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱՄԷ-ի որդեգրած ռազմավարությունը նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության առաջին քարտուղար Ահլամ ալ-Սալամին ներկայացրել է ԱՄԷ-ի որդեգրած ռազմավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ-ում ԱՄէ դեսպանության առաջին քարտուղար Ահլամ ալ-Սալամիի հետ հարցազրույցը։

Հայտնի է, որ ԱՄէ-ն համարվում է աշխարհի ամենակարևոր տուրիստական ուղղություններից մեկը, ինչպես նաև հանդիսանում է օդային և ծովային հաղորդակցության գլոբալ լոգիստիկ կենտրոն։ Նմանատիպ պայմաններում ինչպե՞ս է երկիրը պայքարում նոր տիպի կորոնավիրուսի դեմ։

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր ԱՄԷ-ն պայքարում է  վիրուսի տարածման դեմ ազգային և միջազգային մակարդակներում՝ կերտելով ճգնաժամի կառավարման սեփական ուղին, որը համահունչ է երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային համակարգի առանձնահատկություններին։

Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ԱՄԷ-ի որդեգրած ռազմավարությունը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.

  • Հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հորդորներին և ապահովել դրանց անհապաղ և ամբողջական կիրառումը։
  • Պահպանել ճգնաժամի հաղթահարման և համաճարակային իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների թափանցիկությունը։
  • Ապահովել հասարակության ներգրավվածությունը հիվանդության տարածման դեմ պայքարում։
  • Օգտվել այլ երկրների արդյունավետ և օրինակելի փորձից։
  • Իրականացնել ճգնաժամային իրավիճակի դինամիկ և շարունակական գնահատում և ձեռնարկել իրավիճակին համապատասխան հավասարակշռված միջոցառումներ։
  • Ջանք չխնայել կորոնավիրուսային համաճարակի տնտեսական, հասարակական և կրթական հետևանքների հաղթահարման համար։

Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել ԱՄԷ-ն նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում։

Կորոնավիրուսի ախտորոշման համար անցկացվող թեստերի քանակն ավելացնելու ազգային ռազմավարության շրջանակներում ԱՄԷ-ն  ավելի քան  1 մլն 22 հազար թեստ է անցկացրել, ինչը գերազանցում է արևմտյան երկրների  կողմից անցկացված թեստերի քանակը։ ԱՄԷ-ում 14 օրվա ընթացքում կառուցվել է կորոնավիրուսի ախտորոշման աշխարհում ամենամեծ լաբորատորիան Չինաստանից հետո։  Աբու Դաբի էմիրությունը գործարկել է հեռախոսային նոր հավելված, որը հնարավորություն է տալիս հետևել պարտադիր մեկուսացման ենթարկված մարդկանց տեղաշարժին և պարզել նրանց գտնվելու վայրը։ ԱՄԷ-ն զբաղեցրել է  աշխարհում 5-րդ հորիզոնականը մեքենաներում վիրուսի ախտորոշման ծառայություն տրամադրելու առումով։ Բացի այդ, ԱՄԷ-ն ցողունային բջիջների միջոցով կորոնավիրուսի բուժման  նորարական մեթոդ է մշակել։ Այս ամենի արդյունքում մեր երկիրն արժանացել է միջազգային կազմակերպությունների գնահատանքին։

ԱՄԷ-ն մշտապես հաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու կնոջ դերի ամրապնդմանն ուտարբեր ոլորտներում նրանց ներգրավվածության ապահովմանը։ Իսկ ո՞րն է կնոջ դերը կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում։

Էմիրաթացի կանայք մշտապես բոլոր հարցերում վայելել են երկրի ղեկավարության աջակցությունն ու վստահությունը, այդ թվում նաև երկրի ապագան կերտելու գործում։ Համաճարակի այս պայմաններում ևս էմիրաթցի կանայք առաջնագծում են և՛ որպես ուսուցչուհիներ, ովքերհեռավար ուսուցման համակարգը կիրառելովկրկնակի պատասխանատվություն են ստանձնում, և՛ որպես տարբեր ոլորտների աշխատակցուհիներ, ովքեր ձգտում են սրտացավորեն և նվիրվածությամբկատարել իրենց վստահված պարտականությունը:Էմիրաթցի կանայք նույնիսկ ամենադժվարին պահերին վստահ են իրենց ուժերին և կարողություններին։

Իսկ ի՞նչ կասեք հեռավար ուսուցման Էմիրաթական փորձի մասին։

ԱՄԷ-ում կրթությունը համարվում է առաջնահերթություն և գտնվում է ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Ճգնաժամային պայմաններում կրթության շարունակականության ապահովման, ինչպես նաև ուսանողների և աշակերտների առողջության և անվտանգության պահպանման նպատակով որոշում է կայացվել հեռավար կրթությունը շարունակել մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը։

Կառավարությունը մշտապես աշխատանքներ է տանում երկրում հեռավար ուսուցման փորձի բարելավման և զարգացման համար`ավելացնելով խելացի լուծումների և ինտերակտիվ կիրառական տարբեր կրթական համակարգերի կրառումը: Գնահատման և քննությունների անցկացման մեխանիզմները ներկայումս թարմացվում և մշակվում են երկրի բոլոր կրթական համակարգերի համար։ Բացի այդ, Կրթության նախարարությունը ծնողների համար պարբերաբար խորհրդատվական դասընթացներ է կազմակերպում հեռավար կրթության համակարգում կիրառվող հավելվածների վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով նրանց աջակցել և վերահսկել իրենց երեխաների մասնակցությանը հեռավար դասերին:

Հիմնադրումից ի վեր մարդասիրական սկզբունքներն իրենց ուրույն տեղն են ունեցել ԱՄԷ արտաքին քաղաքականության մեջ: Արդյո՞ք ԱՄԷ-ն շարունակում է հավատարիմ մնալ այս սկզբունքներին կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում։

Կորոնավիրուսային ճգնաժամն ուժեղացրել է կամավորական և մարդասիրական գործողությունների մշակույթը ԱՄԷ-ում, նպաստել  հասարակության կայուն համերաշխության ամրապնդմանը և ամրագրել է այն հումանիտար սկզբունքներն ու արժեքները, որոնցով աչքի է ընկնում ԱՄԷ-ն իր ստեղծման պահից ի վեր։

Վիրուսի բռնկման առաջին օրերից սկսած` ԱՄԷ-ն անհրաժեշտ օգնություն և բժշկական պարագաներ է տրամադրել բազմաթիվ երկրների, որոնք առավելապես տուժել են վիրուսի հետևանքներից:

ԱՄԷ-ն մինչ օրս ավելի քան 314 տոննա օգնություն է ուղարկել 27-ից ավելի պետության, որից օգտվել է շուրջ 314 հազար բուժաշխատող։

2020 թվականի մարտի 25-ին ԱՄԷ-ն հիմնել  է «Էմիրությունները` որպես մարդասիրության երկիր» հիմնադրամը՝ նպատակ ունենալով միավորել ազգային ջանքերը համաճարակի հաղթահարման գործում։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]