Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Մարտունաշեն. մեկը կորցրել էր չորս երեխային ու կնոջը, մյուսը՝ ամուսնուն, բոլորը՝ փոքրիկ հայրենիքը

Մարտունաշեն. մեկը կորցրել էր չորս երեխային ու կնոջը, մյուսը՝ ամուսնուն, բոլորը՝ 
փոքրիկ հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշենի ենթաշրջանի (1989 թ.-ին Գետաշենի բնակչությունը ընդւոնել էր Շահումյանի շրջանին միանալու որոշում) Մարտունաշեն գյուղը 1991թ.  ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ-ՄՀՆՋ)` ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ԽՍՀՄ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ ծրագրած «Օղակ» ռազմաոստիկանական ահաբեկչական գործողության առաջին թիրախներից էր։ 

Մարտունաշենը դեռևս մարտից գնդակոծվում ու հարձակումների էր  ենթարկվում, սակայն տեղի ինքնապաշտպանական ուժերի գործողությունների շնորհիվ բնակիչները կարողացել էին դիմադրել։ Բայց ապրիլի 30-ից մեկնարկած «Օղակ» գործողության արդյունքում Մարտունաշենն ամբողջությամբ այրվում ու ոչնչացվում է, իսկ խաղաղ բնակչությունը՝ սպանվում, թալանվում և բռնագաղթեցվում։ Բնակիչներին ստիպում են ստորագրել փաստաթղթեր, թե իրենք «իրենց իսկ ցանկությամբ լքում են» սեփական տները։

Ապրիլի 30-ին՝ առավոտյան ժամը 6-ի սահմաններում, տանկերից ու  թնդանոթներից սկսում են կրակել գյուղի ուղղությամբ։ Զորքերը չորս կողմից մտնում են գյուղ։ Սկզբում մտնում են զրահափոխադրիչները (ԲՏՌ), նրանց հետևից՝ օմօնականները, այնուհետև մի քանի տանկ, մյուս մասը կանգնել էր գյուղի վերին հատվածում և կրակում էր գյուղի վրա։ 

«Ես անձամբ տեսել եմ 5 տանկ։ Զինծառայողները զինված էին հրացաններով և գնդացիրներով, նրանք կրում էին զրահաբաճկոններ, գլուխներին դիմակներ էին, իսկ դեմքերը ներկված էր մրով։ ՕՄՕՆ-ականները զրահաբաճկոններով էին, կրում էին սև գույնի ոստիկանական համազգեստ, զինված էին ձեռքի գնդացիրներով ու հրացաններով։ Առաջինը սպանեցին  Ալքամյան Շամիրին (1934թ. ծնված), որը դուրս եկավ տանից և խնդրեց իրեն ձեռք չտալ։ Հետո նրանք սպանեցին 60 տարեկան Հովհանեսյան Հովհաննեսին։ Հաջորդ զոհը դարձավ Աղաջանյան Ռազմիկը, որին սպանեցին իր տան շեմին»,- պատմել է դեպքերի ականատես, Մարտունաշենի բնակիչ Էդուարդ Հովհանեսյանը ու հավելել, որ չորրորդ զոհը 60-65 տարեկան Դավթյան Խաչիկն էր։ «Բոլոր սպանվածներն առանց զենքի էին…»։

Է. Հովհանեսյանը վկայել է, որ թալանել-տարել են ամեն ինչ՝ սառնարան, կահույք, գորգեր, անկողին և այլն։ Թալանից հետո հրդեհել են տները։ «Տանկերից կրակում էին տների ուղղությամբ ու մեկը մյուսի հետևից այրում… բոլորին՝ մեծից փոքր, ծնկի իջեցնում։ Անհնազանդներին սպառնում էին կրակել։ Մարդկանց գլուխների վերևով թռչում էին փամփուշտները, նրանցից շատերը կորցնում էին գիտակցությունը...»,- պատմել է նա։

Ապրիլի 30-ին հերոսաբար զոհվում է նաև Մարտունաշենի ինքնապաշտպանության ղեկավարությունը ապրիլի 19-ից ստանձնած, երկրաբան Սիմոն Աչիկգյոզյանը (Դեդ)։ Մեծ թվով և լավ սպառազինված հակառակորդի դեմ ինքնապաշտպանության էին դուրս եկել 30-ից քիչ թվով մարտիկներ՝ ձեռքներին միայն ավտոմատներ և 41 թվի հակատանկային նմուշի մի զենք։ 

Ապրիլի 30-ին ինքնապաշտպանական ջոկատը բնակչությանը տեղափոխում է անտառ և մարտի բռնվում թշնամու հետ։ Դեդը բարձրանում և հրացանով դիրքավորվում է տներից մեկի տանիքին՝ վերևից հակառակորդի ուժերի գործողություններն ավելի լավ տեսնելու և մարտը կառավարելու նպատակով։ Պաշտպանների վրա այնպիսի փոթորկալից կրակ է տեղում, որ մարտիկները չեն կարողանում գլուխները բարձրացնել։ Այդ պահին Դեդը սկսում է երգել՝ ասես իր ձայնով խլացնելով կրակոցների ձայնը։ Նրա հետևից սկսում են երգել նաև մյուս մարտիկները։ Տներն ավերելու համար տանկերը սկզբում կրակում էին երկաթե կաղապարներով, բայց երբ հասկանում են, որ մարտիկները չեն պատրաստվում նահանջել, գործի են դնում ֆուգասային արկերը։ Դրանցից մեկը ընկնում է այն տան վրա, որտեղից կրակում էր Դեդը։ Նա վիրավորվում է, բայց, չնայած տանիքից իջնելու և ապահով տեղ հեռանալու մարտընկերների հորդորին, սկսում է նորից երգել ու կրակել թշնամու ուղղությամբ։ 

Հաջորդ արկը ավերում է տունը։ Ընդհատվում է Դեդի երգը… Ընկերներին չի հաջողվում տան փլատակների տակից դուրս բերել հրամանատարի մարմինը։ Երբ վերջանում են փամփուշտները, մարտիկները ստիպված են լինում թողնել Դեդի մարմինն ու հեռանալ։ Միայն գիշերը երկու մարտունաշենցի, հասնելով գյուղ, փլատակների տակից դուրս են բերում Դեդի մարմինը [Ցվետանա Պասկաևա, վավերագրական ֆիլմ՝ «Նվիրյալները - Սիմոն Աչիկգյոզյան (Դեդ)»]: Սիմոն Աչիկգյոզյանը զոհվում է գիտակցաբար. նա հասկանում էր, որ իր զենքով անհնար է  պայքարել տանկերի դեմ։ Նա այդ քայլով կրակը վերցնում է իր վրա՝ հակառակորդի ուշադրությունը իր կողմը կենտրոնացնելու և Մարտունաշենի բնակիչների կյանքը փրկելու նպատակով։

Մարտունաշենի վրա գնդակոծությունը, հարձակումներն ու թալանը շարունակվում են նաև հաջորդ օրերի ընթացքում։  Ականատեսները պատմել են, որ ապրիլի 30-ի սպանվածներին հաջորդ օրը հուղարկավորում են։ Տեղեկանալով, որ բնակիչները գերեզմանոցում են, տանկերը հարձակվում են նրանց վրա ու կրակում։

Մայիսի 2-ին հերթական հարձակման ժամանակ 21-22 մարտունաշենցի՝ հիմնականում տարեցներ, փախչում են անտառ։ Տանջված ու ուժասպառ, սոված ու ծարավ Մարտունաշենի խաղաղ բնակիչները երեք օր շարունակ անցկացնում են անտառում՝ պատսպարվելով ծառի, թփի, քարի տակ, երբեմն էլ նաև գետի մեջ։ Այս ընթացքում ևս կրակոցները չեն դադարում։ Տանկերը շրջափակում են նաև անտառը, իսկ ուղղաթիռներն անընդհատ հետապնդում «մահից փրկվածներին» և կրակում նրանց ուղղությամբ։

Անտառում թաքնվելու ընթացքում մարտունաշենցիները հեռվից ականատես են լինում հայրենի գյուղի հրդեհմանն ու ավերմանը։ «... Մեզ շրջափակել են անտառում … ու սկսել թալանել գյուղը։  Գյուղացուց վերցրել  նրանց սեփական մեքենաները, տները խուզարկել, ամեն ինչ մեքենան են բարձել ու տարել։ Տունը լրիվ թալանելուց ու ամեն ինչ վերցնելուց հետո այն վառել են։ Թալանել-տարել-տունը վառել են։ Այս ձևով գյուղը ամբողջությամբ վառել են։ ... Գյուղը այդ վիճակում տեսել ենք անտառից։ Տեսել ենք, որ տները բոլորը վառված են, ընդամենը մի տուն է մնացել, որտեղ օմօնցին է նստած եղել։ Այն եղել է անտառի սկզբին, դա էլ իրենց հսկողի համար են պահել…»,- պատմել են անտառի մեջ երեք օր շարունակ անցկացրած Մարտունաշենի բնակիչները, որոնք, ի վերջո, մեծ դժվարությամբ ու տառապանքով կարողացել են հասնել Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղ։

«Օղակ» գործողության ընթացքում Շահումյանի շրջանում գտնվող ռուս գրող, իրավապաշտպան Ինեսա Բուրկովան, տեղեկանալով, որ Մարտուշանի բնակիչների մի մասը Բուզլուխում է, շտապել է նրանց մոտ ու լսել նրանց վկայությունները։ Ի. Բուրկովան նշել է, որ այդ խաղաղ բնակիչների պատմածները լսելը վեր է մարդկային ուժերից։ «Տանջահարված, խելագար աչքերով նրանք կրկին վերապրում էին հարազատ գյուղում կատարված սարսափը։ Հրետանային ռմբակոծություն, փողոցներում դղրդացող զրահատեխնիկա, դեսուդեն նետվող գյուղացիների բազմություն, ճիչ, լաց, օգնության աղերս։ Արկերով ջախջախված հարազատներ, սպանված եղբոր մարմին, որի վրայով տանկն էր անցել։ Թրթուրահոդերին միս, կացնով մասնատված հարևան, խմբակային բռնաբարության ենթարկված կանայք։ Ավերակների վերածված այրվող տներ և դպրոցներ։ Ադրբեջանական մեքենաներ՝ բեռնված թալանված ավարով»։

«Հայկական Մարտունաշեն գյուղը ոչնչացված է… Շատ քիչ մարտունաշենցիներ են փրկվել և ողջ են… դեռ։ Մի մասը հասցրել է փախչել Գետաշեն, որտեղ [զրահամեքենաներով շրջափակված] տառապում են սովից, ցրտից և վախից։ Մյուսները շարժվել են դեպի անտառ, բայց այնտեղ ՕՄՕՆ-ականները նրանց հետևից որս են սկսել՝ ավտոմատների կրակահերթով սանրելով անտառը։ Դժոխքից դուրս պրծած 22 մարտունաշենցիները չգիտեին՝ ով է ողջ, ով՝ սպանված։ Մեկը կորցրել էր չորս երեխաներին ու կնոջը, մյուսը՝ ամուսնուն։ Բոլորը կորցրել էին փոքրիկ հայրենիքը...»,- վկայել է Ինեսա Բուրկովան։ 

Թեմայի շուրջ հավելյալ տեղեկություններ, արխիվային  հարցազրույցներ, փաստաթղթեր, վկայություններ ու այլ նյութեր ներկայացված են http://karabakhrecords.info/ և http://sumgait.info/ կայքերում։

 Գոհար Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ