Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Քրդական խաղաքարտի գինը․ Հայաստանի ազգային շահն ու քրդական հարցը Սեւրի դաշնագրի համատեքստում

Քրդական խաղաքարտի գինը․ Հայաստանի ազգային շահն ու քրդական հարցը Սեւրի 
դաշնագրի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիայի ճգնաժամի ծավալմանը զուգընթաց կտրուկ աճեց քրդական գործոնի դերը։ Դա պայմանավորված էր այն ակնհայտ հանգամանքով, որ քրդերը սկսեցին հետաքրքրել թե՛ սիրիական իշխանություններին եւ ընդդիմությանը, թե՛ տարածաշրջանային եւ տարածաշրջանից դուրս եղած այն ուժերին, որոնք փորձում էին քրդական համայնքի հնարավորություններն օգտագործել ի նպաստ իրենց քաղաքական շահի։

Քրդական հարցի լուծումն առնչվում է նաեւ մեր ազգային շահերին եւ հետաքրքրություն է ներկայացնում հայ գիտական շրջանակների համար։ ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի եւ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության համատեղ նախագծի՝ «Փորձագիտական միջավայր» շարքի հերթական հանդիպումը նվիրված էր քրդական թնջուկին։ Ինստիտուտի գիտաշխատող Տաթեւիկ Մանուկյանը «Քրդական խաղաքարտը տարածաշրջանային շահերի բախման առանցքում. իրողություններ եւ հնարավորություններ» թեմայով բանախոսության շրջանակներում ներկայացրեց քրդական հարցի շուրջ ծավալվող վերջին զարգացումները՝ տարածաշրջանային եւ ԱՄՆ-Ռուսաստան ուժային վերադասավորումների համատեքստում։

«Ճգնաժամի սկզբնական փուլում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի որոշումը՝ լայն ինքնավարություն տալ քրդական ուժերին, քաղաքական ճշգրիտ հաշվարկ էր եւ նրա ամենահաջողված քայլերից մեկը ճգնաժամի պայմաններում։ Այդ ժամանակ սիրիական բանակը լքեց քրդական բնակավայրերը՝ փաստացի իշխանությունը հանձնելով քրդերին»,–նշեց Տաթեւիկ Մանուկյանը։

Ի հակադրություն սիրիական ընդդիմությանն աջակցելու Անկարայի նախաձեռնություններին, Դամասկոսը կրկին փորձեց որպես հակազդեցության լծակ օգտագործել քրդական խաղաքարտը ի դեմս իր վաղեմի գործընկեր PKK-ի։ Դեռեւս 1998 թ. ընդհատված հարաբերությունները վերականգնվեցին եւ PKK-ն ստացավ համակողմանի ռազմական եւ ֆինանսական աջակցություն։ «Թուրքական սահմանին PKK-ի վերազինումը սիրիական իշխանությունների կողմից առնվազն բնական պատնեշ ստեղծեց Թուրքիայի հնարավոր ներխուժման ճանապարհին։ Ակնհայտ է, որ այս տարիներին Դամասկոսին հաջողվել է վերահսկել երկրի հյուսիս-արեւելյան շրջանները, մասամբ նաեւ PKK-ի եւ նրա տեղային կառույցի՝ Ժողովրդավարական միության զինյալների աջակցությամբ»,– մանրամասնեց բանախոսը։

Քրդական մյուս ուժային կենտրոնը՝ Մասուդ Բարզանիի անմիջական աջակցությամբ եւ հովանավորությամբ գործող զինյալ խմբավորումներն են, որոնք արմատական եւ խոր հակասություն ունեն PKK—ի եւ նրա արբանյակ հանդիսացող ուժերի հետ։

Տ. Մանուկյանի խոսքով, Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունների էվոլյուցիան դիտարկելիս հստակ երեւում է, որ այդ երկրի իշխանությունները շահարկում են PKK-ն որպես Թուրքիայի ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող գործոն։ Դա հնարավորություն է ընձեռում թուրքական իշխանություններին անարգել ներխուժել հարեւան երկրներ՝ այնտեղ տեղակայված ռազմաբազաների ոչնչացման պատրվակով։ Այսպես, 2016-19 թթ. Թուրքիան Սիրիայի տարածքում իրականացրեց հայտնի երեք ռազմական ներխուժում՝ «Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ» եւ «Խաղաղության աղբյուր» անվանումներով։ Այդ գործողությունների արդյունքում Թուրքիան լուծեց իր համար շատ կարեւոր խնդիրներ, առաջինը՝ կանխեց Աֆրինից մինչեւ Միջերկրական ծով քրդական ուժերի տարածվելու հնարավորությունը, վերացրեց քրդական կանտոնների միավորվելու հավանականությունը, մյուս կողմից՝ մեծացրեց իր տնտեսական, ռազմական եւ այնուհետեւ գաղափարական ներկայությունը Սիրիայում։ «Այս տեսլականը հաստատվել է Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության առանցքում եւ հիմնավորվել Սիրիայում»,– ասաց նա։

 

Քրդական խաղաքարտը ԱՄՆ-ի համար

Սիրիական ճգնաժամի սկզբում քրդերն ունեին բավականին մեծ հնարավորություններ, սակայն հետագայում նրանց ծրագիրը տապալվեց։ Փորձագետը Սիրիայի քրդական հանրույթում ձախողման խորքային պատճառներից մատնանշում է մասնատվածությունը, անհամախմբվածությունը, գաղափարական եւ ուժային տարանջատվածությունը։ Դրան ավելանում են նաեւ միջազգային ուժերի վերադասավորումները, աշխարհաքաղաքական գործոնները եւ այլն։ Այս ամենի արդյունքում Սիրիայի քրդերը կորցրեցին այն հնարավորությունները, որոնք ունեին 2012-2016 թթ.։ Մինչեւ վերջերս քրդերը վստահ էին, որ սիրիական ճգնաժամն անհնար է լինելու լուծել առանց իրենց հետ հաշվի նստելու։ 2016—ին իրավիճակն այնպիսին էր, որ քրդերը վերահսկում էին Թուրքիային սահմանակից շրջանների հիմնական մասը, բացառությամբ Ազազի շրջանի, իսկ վերահսկողության տակ գտնվող շրջանները հայտարարել էին «Հյուսիսային Սիրիայի ժողովրդավարական դաշնություն», որը ներկայումս վերանվանել են «Հյուսիսային եւ արեւելյան Սիրիայի ինքնավար կառավարություն»։

Հետագա զարգացումները նույնպես բարենպաստ չէին քրդերի համար։ Նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց ԱՄՆ-ի համար փակել սիրիական հարցը, քրդական խաղաքարտն այլեւս հետաքրքիր չէր ԱՄՆ-ի համար։ Փորձագետը չի բացառում, որ պաշտոնական Վաշինգտոնը կխուսափի ամբողջական կարգավորման գործընթացում քրդական հարցի պատասխանատվությունից։ Իսկ քրդերը հազիվ թե մասնաբաժին ունենան ԱՄՆ-ի կողմից վերահսկվող սիրիական նավթի վաճառքից, որը կազմում է զինյալ խմբավորումների ֆինանսական հիմնական աղբյուրը։

 

Քրդական հարցի լուծման տարբերակները

Քրդական հարցը շահարկվել է տարբեր ժամանակներում, եւ մինչ օրս հանգուցալուծում չունենալը դրա լավագույն դրսեւորումներից է։ Խնդիրն այն է, որ լուծման տեսլականը խիստ իրարամերժ է շահագրգիռ կողմերի համար։ Այսպիսով, Բաշար Ասադը պահանջում է լուծարել սիրիական քրդերի ինքնավարությունը։ Այս պարագայում ավելացել է Ռուսաստանի դիրքորոշման կշիռը եւ այն հանգամանքը, թե ինչպես կզարգանան ռուս-թուրքական հարաբերությունները։ Այս պահին քրդական գործոնի վերաբերյալ ռուսական մոտեցումներն էապես պայմանավորված են Թուրքիայի հետ հարաբերություններով։ Մոսկվան հանդես է գալիս Դամասկոսի եւ քրդերի միջեւ փոխզիջման առաջարկով, որի դեպքում երկու կողմն էլ պետք է զիջումների գնան, այսինքն՝ Ասադը պետք է համաձայնվի քրդական ինքնավարությանը որոշակի ձեւաչափով, իսկ քրդերն էլ պետք է հրաժարվեն անկախության համահավասար ինքնավարություն պահանջելուց։ «Քրդերը ինքնակազմակերպվելու եւ քաղաքականապես հասունանալու խնդիր ունեն։ Նախնական հավակնություններից նահանջ չի նկատվում, մինչդեռ քրդական խաղաքարտերը թուլանում են, եւ չի բացառվում, որ Սիրիայի Սահմանադրության վերջնական տարբերակում քրդերը հանդիպեն մի այնպիսի հանգուցալուծման, երբ իրենք հերթական անգամ կմնան խաղից դուրս վիճակում»,–ընդգծեց բանախոսը։

Իրաքի քրդերի հետ լրջորեն աշխատում է Իսրայելը եւ միակ պետությունն էր, որ 2017-ին աջակցեց իրաքյան քրդերին հանրաքվեի անցկացման նախաձեռնության մեջ։ Նկատենք, որ Իսրայելը ռազմական, գիտական եւ տնտեսական լուրջ ներդրումներ ունի իրաքյան Քրդստանում, ինչպես նաեւ միջնորդավորված աջակցություն է տրամադրում բարզանիական քրդերին։

Քրդական հարցը բազմագործոն է, բազմաշերտ, եւ փորձագետների կողմից լուծման տարբերակները քննարկելիս պետք է այս հանգամանքը հաշվի առնել։ Տաթեւիկ Մանուկյանը մոտակա 10 տարվա կտրվածքով իրաքյան քրդերի համար չի տեսնում անկախության հասնելու հնարավորություն։ Ինչ վերաբերում է երկարաժամկետին, ապա վերջիններս հիմնավոր քայլեր են անում այդ ուղղությամբ, սակայն հարցի լուծումն ավելի մոտ կլիներ, եթե հաջողության հասնեին Սիրիայի քրդերը եւ ելք ապահովվեր դեպի Միջերկրական ծով էներգառեսուրսների համար, ինչը թույլ կտար դառնալ անկախ խաղացող։ Սակայն այսօր իրավիճակը դա թույլ չի տալիս, եւ նրանք մնում են Թուրքիայի ուղեծրում, քանի որ թե՛ տնտեսապես, թե՛ ֆինանսապես կախված են թուրքական կապիտալից։

Սիրիայի քրդերի մասով հնարավոր են զարգացման մի քանի սցենարներ։ «Քրդերի համախմբվելուց է կախված իրենց ճակատագիրը Սիրիայում։ Մյուս կարեւոր հարցն այն է, թե ինչով կբավարարվեն նրանք։ Եթե ընթանան փոքր լիազորություններով ինքնավարություն ստանալու ճանապարհով, ապա դա հետագայում քաղաքականապես եւ ադմինիստրատիվ առումով ամրանալու հնարավորություն կտա։ Դա ավելին է, քան ոչինչը, սակայն քաղաքական դաշտում խորը պայքար է ընթանում առաջնորդության համար։ Խնդիրը քուրդ ժողովրդի մոտ միասնական ինքնության բացակայությունն է։ Քրդական հանրույթը շատ բազմաշերտ եւ իրարամերժ է, ինչը քայքայում է նրանց՝ զրկելով միասնական գաղափարախոսություն եւ տեսլական ունենալու հնարավորությունից»,–պարզաբանեց փորձագետը

 

Հայաստանի ազգային շահը, քրդական հարցն ու Սեւրի դաշնագիրը

Քրդերի հետ կապված Հայաստանում կան շատ հակասական եւ ինչ-որ տեղ մեր շահերից չբխող տեսակետներ։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է դիրքավորվեն Հայաստանի գիտական, փորձագիտական հանրույթը եւ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնողները քրդական հարցի հետ կապված, Տ. Մանուկյանը նախեւառաջ հորդորեց զերծ մնալ քրդական հարցի հետ կապված հայտնի տերմինաբանությունից, մասնավորապես «Արեւմտյան Քրդստան»՝ Ռոժավա, հյուսիսային կամ հարավային Քրդստան ձեւակերպումներից, որովհետեւ դրանք անմիջականորեն հակասում են մեր անվտանգային եւ աշխարհաքաղաքական հետաքրքրություններին եւ ամենակարեւորը՝ մեր պատմական հիշողությանը։ «Երեւակայական Քրդստանը չորս մասի բաժանելով, մենք կարծես թե դրանց միավորումը դարձնում ենք գաղափարախոսական հենասյուն, որի շուրջ պետք է կառուցվի Քրդստան ասվածը։ Չմոռանանք, որ իրենց կողմից շատ սիրված արեւմտյան Քրդստանը տարածքներ է ներառում պատմական Հայաստանից,–ընդգծեց նա, ապա շարունակեց.–Եթե խոսում ենք Քրդստան պետության մասին, ապա այն կարող է լինել Իրաքի տարածքում։ Թուրքիայի դեպքում ինձ համար ընկալելի են Սեւրի դաշնագրով նախատեսված սահմանները, որը սակայն չի բավարարում քրդական կողմին։ Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք։ Քրդական հանրույթում լուրջ սեւրաֆոբիա կա եւ իրենց համար ընկալելի եւ կիրառելի չէ Սեւրի դաշնագրով նախատեսված բաժանումը»։

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն էլ ընդգծեց, որ Սեւրի դաշնագիրը պետք է դրված լինի Հայաստանի մերձավորարեւելյան քաղաքականության ընկալումների հիմքում. «Սեւրը մեզ հուշում է, որ քրդերը, եթե ստեղծեն իրենց պետականությունը, ապա դա պետք է ընդգրկի Դիարբեքիրից եւ Տիգրանակերտից հարավ ընկած տարածքները։ Ավելի խորը պետք է հասկանանք նաեւ Վիլսոնի իրավարար որոշման հենքը։ Սովորաբար քարտեզը տեսնելով ուրախանում ենք, բայց չենք կարդում այն հիմնավորումները, որոնք դրվել են այդ քարտեզի հիմքում»։ Նրա խոսքով, հենց այդ հիմնավորումների վրա է ստեղծվել քարտեզը։ Նրանք շատ լավ են հասկացել, որ հայ ժողովուրդը գործ է ունենալու հիմնականում քրդերի հետ։ «Այնտեղ կա հետեւյալ գնահատականը, որ քրդերը շատ են, եւ դա եղել է ցեղասպանությունից հետո, որի հետեւանքով հայ ժողովուրդը վերացել է այդ տարածքներից, բայց անհրաժեշտ են համարել հայ ազգաբնակչության վերադարձը»,– ընդգծեց նա։ Հիմնավորումները գրող երեք հեղինակները վստահ են եղել, որ հայ ժողովրդի առանձնահատկություններն ու քաղաքակրթական անցյալը հնարավորություն կտան հայերիս խաղաղ ճանապարհով տարածաշրջանում հասնել գերակա դիրքի։ «Սա բանալի է։ Եթե կարողանանք մեր քաղաքականությունը ճիշտ կառուցել՝ հաշվի առնելով եւ օգտագործելով քաղաքակրթական գործոնը, փափուկ ուժը, կհաջողվի քրդական հարցը լուծել հօգուտ մեզ»,–ամփոփեց Ռուբեն Սաֆրաստյանը։

 

Լուսինե Մխիթարյան

«Հայաստանի Հանրապետության»





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ