Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքը կրկին առաջին տեղում է. Փաստավավերագրական, մարտ, 2020

«Երևանյան բեսթսելեր». Ռոբին Շարմայի գիրքը կրկին առաջին տեղում է. 
Փաստավավերագրական, մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները: Ցանկի տվյալներն՝ ըստ մարտի վաճառքների:

Առաջին հորիզոնականում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Երկրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է: Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Դեյվիդ Ալենի «Ինչպես հասցնել բոլոր գործերը» երրորդ տեղում է: Գիրքն առաջին անգամ գրեթե 20 տարի առաջ լույս տեսնելուց հետո դարձել է դարի ամենաազդեցիկ բիզնես գրքերից մեկը: Այստեղ հեղինակը խոսում է անձնապես կազմակերպված լինելու կարևորության մասին։ Այն սեղմ, բայց արդյունավետ մոտեցում է առաջարկում մասնագիտական ու անձնական բնույթի առաջադրանքների կատարման համար: Նոր տեսակի կայքերի, սեմինարների, կազմակերպական գործիքների ստեղծման ոգեշնչման աղբյուր է։ Ալենը գիրքը վերաշարադրել է սկզբից մինչև վերջ՝ բնագիրը համալրելով «աշխատավայրի» մասին նոր ու կարևոր պատկերացումներով: Նա ավելացրել է այնպիսի բովանդակություն, որի շնորհիվ գիրքը երկար տարիներ արդիական կմնա։

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» չորրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

Հինգերորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքել ենք բոլորս» գիրքը: Իր նոր գրքով Մենսոնն անխուսափելի սխալներից անցում է կատարում իրար հաջորդող պատուհասներին: Սուզվելով հոգեբանական հետազոտությունների ավազանը, ուսումնասիրելով իմաստուններին՝ Պլատոն, Նիցշե և Թոմ Ուեյթ, նա քանդուքարափ է անում կրոնն ու քաղաքականությունը, այն ուղիները, որոնք այդ երկուսը միանման են դարձնում: Նա ուսումնասիրում է փողի հետ մեր հարաբերությունները, ժամանցը, համացանցը: Պարզում է, թե ինչպես կարող է որևէ բանի չարաշահումը մեզ ողջ-ողջ կուլ տալ: Նա տալիս է հավատի, երջանկության, ազատության բացատրությունները:

Վեցերորդ հորիզոնականում է Նապոլեոն Հիլի «Մտածի՛ր և հարստացի՛ր» գիրքը: Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:

Յոթերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիառատ, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով: Ութերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարարներ, մասնագետներ, ուսանողներ: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Սամվել Աղաջանյանի «Կհանդիպենք բարձունքում» գիրքը իններորդ հորիզոնականում է: Գիրքը բաղկացած է 33 տարբեր թեմաներից: «Կհանդիպենք բարձունքում» մոտիվացնող գիրքն ընթերցողներին հնարավորություն կտա լուծումներ գտնել բազմաթիվ բարդ իրավիճակներում, առաջ շարժվել ու հասնել հաջողությունների: Ներառված են հեղինակի անցած ճանապարհը, փիլիսոփայությունը, կյանքի մարտավարությունը և թեմաներ, որոնց բացահայտման համար հեղինակը ծախսել է շուրջ տասը տարի:

Տասներորդ հորիզոնականում է Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլան» գիրքը: Այն իսկական հեղաշրջում է, որը մարքեթինգային պլանի ստեղծումը դարձնում է պարզ և արագ: Տառացիորեն մեկ էջի շրջանակներում դուք կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե փորձառու ձեռներեց, «1-Էջանոց մարքեթինգային պլանը» ձեր բիզնեսի աճը խթանող մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու ամենաարագ ձևն է:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 321
2 0

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 124
3 նոր

Դեյվիդ Ալեն

«Ինչպես հասցնել բոլոր գործերը»

Newmag 74
4 0

Գերի Չեփմեն

«Սիրո 5 լեզուները»

Newmag 57
5 -2

Մարկ Մենսոն

«Թքել ենք բոլորս»

Newmag 55
6 *

Նապոլեոն Հիլ

«Մտածի՛ր և հարստացի՛ր»

Զանգակ 53
7 -2

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 40
8 +2

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 34
9 *

Սամվել Աղաջանյան

«Կհանդիպենք բարձունքում»

հեղ.հրատ 26
10 *

Ալան Դիբ

«1-Էջանոց մարքեթինգային պլան»

Էդիթ Պրինտ 24

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]