Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Ցեղասպանության ճանաչումը թուրք սերունդների փրկօղակ

Ցեղասպանության ճանաչումը թուրք սերունդների փրկօղակ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցել է շուրջ 105 տարի 1915 թվականի ապրիլի 24-ից, այն օրվանից, որ ընդունվեց որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր, եւ ինչպես համայն հայությունը, այնպես էլ աշխարհի առաջադեմ մարդիկ ու ժողովուրդները այս օրը կրկին ու կրկին՝ հարգելով զոհերի հիշատակը, իրենց ձայնն են բարձրացնում բռնության ու թուրքական եղեռնագործության դեմ։ Այդ արյունալի իրադարձությունների կնիքը ցայսօր էլ «պսակում» է Թուրքիայի ու նրա իշխանությունների անխոհեմ ճակատը՝ հիշեցնելով ոչ միայն ժամանակին եղեռնագործություն իրականացրած թուրք իշխանավորների անփառունակ անունները, այլեւ վարկաբեկելով ներկայիս թուրք սերունդներին, ովքեր իրավամբ համարվում են ոճրագործության ժառանգորդներ։

Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ընդունել մարդկության եւ, մասնավորապես, հայերի հանդեպ կատարած անպատմելի ու աննկարագրելի, գազանային բնույթի ոճրագործությունները, այլեւ, ժխտողական քաղաքականությամբ, սպառնում հաշվեհարդար տեսնել նրանց հետ, ովքեր կհամարձակվեն բարձրաձայնել այդ մասին ու, նախ եւ առաջ, հենց առաջադեմ թուրք գործիչների հանդեպ, ովքեր, այնուամենայնիվ, աշխարհի այս ու այն անկյունում՝ այս ու այն կերպ, փորձում են իրենց խոսքն ասել այդ մասին, ինչը, ըստ էության, ոչ թե Թուրքիայի հեղինակության հետ խաղալու խնդիր է, այլ նրա հեղինակությունը փրկելու, գոնե սերունդների երեսից պատմության այդ նողկալի էջը ինչ-որ կերպ սրբագրելու փորձ։

Ու թեեւ այսօր էլ Թուրքիայում կողք կողքի ապրում են տարբեր ազգությունների ու ժողովուրդների ներկայացուցիչներ, այդ թվում եւ հայեր, Թուրքիան շարունակում է վարել ազգայնամոլական քաղաքականություն եւ ատելություն սերմանել այլազգիների, հատկապես՝ հայերի նկատմամբ, թեեւ, նախկինի պես էլ, ընդունում է նրանց ծառայությունները եւ օգտվում գիտելիքներից։ Այնուամենայնիվ, սա թուրքերին չի խանգարում շարունակել նախկինների կիսատ գործերը եւ հնարավորինս ոչնչացնել հայկական մշակութային արժեքներն ու հուշարձանները, տաճարները, եկեղեցիները, մասամբ էլ դրանք վերածելով մզկիթների կամ պահեստների, գոմերի ու աղբանոցների՝ դրանց հանդեպ դրսեւորելով վանդալիզմին բնորոշ արարքներ։ Թերեւս, միայն համաշխարհային կարծիքն է ինչ—որ չափով զսպում նրանց գործողությունների վայրագությունն ու թափը, եւ շատ բաներ, ըստ սովորության, ստիպված են լինում անել թաքուն կամ բացահայտ հրաժարվել իրենց կատարած գործողություններից։

Պատմականորեն այնքան էլ հեռու չէ այն ժամանակը եւ ոչ էլ մեկօրյա ծածուկ գործողություն, եւ ոչ էլ մեկ մարդու կողմից մեկ մարդու հանդեպ գործողություն, որ այնքան թաքուն ու կասկածելի լինի դրա իրողությունը, որ փաստերի կամ վկայությունների պակաս ունենա եւ հատուկ ապացուցման կարիք, ինչպես որ ցեղասպանության փաստն է եւ աշխարհով մեկ սփռված հայության փաստը, սակայն աշխարհի նվաճողական քաղաքականության ու զանազան շահերի բախման տիրույթում հաճախ հարկ է լինում ապացուցել չափազանց ակնհայտ իրողություններ, որում համոզված են բոլորը, բայց բոլորը չէ, որ ցանկություն ու կամք ունեն ընդունելու այն։

Ու, չնայած սրան, Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները դիտարկվել են մի քանի միջազգային կազմակերպությունների կողմից։ Այսպես, 1984 թվականին «Ազգերի մշտական տրիբունալը» Օսմանյան կայսրության գործողությունները որակեց ցեղասպանություն։ 1997 թվականին նմանատիպ որոշում կայացրեց Ցեղասպանություն ուսումնասիրողների միջազգային միությունը։ 2000 թվականի հունիսի 8-ին «Նյու Յորք Թայմս» եւ «The Jerusalem Post» թերթերում հրապարակվեց Հոլոքոստի 126 ուսումնասիրողների հայտարարությունը (այդ թվում՝ Եղուդ Բաուեր, Իսրայել Չարնի եւ Էլի Վիզել)՝ հաստատելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի ցեղասպանության փաստի անվիճելիությունը։ 2001 թվականին հայ-թուրքական հաշտեցման համատեղ հանձնաժողովը դիմեց «Անցումային շրջանի արդարադատության հարցերով միջազգային կենտրոնին» (ԱՇԱՀՄԿ) անկախ եզրակացության համար. արդյո՞ք 1915 թվականի իրադարձությունները համարվում են ցեղասպանություն։ 2003 թվականի սկզբին ԱՇԱՀՄԿ-ը ներկայացրեց իր եզրակացությունը, որ 1915 թվականի իրադարձությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր սահմանումներին, եւ այս եզրույթի կիրառումը ամբողջովին արդարացի է։

Բացի այս, հայտնի է Օսմանյան կայսրությունն առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքական «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ղեկավար գործիչների դատավարությունը Կ. Պոլսում՝ 1919—20 թթ., երբ, Մուդրոսի զինադադարի (1918) կնքումից անմիջապես հետո, համաշխարհային հասարակայնության ճնշման տակ, թուրքական նոր կառավարությունը որոշեց պատասխանատվության ենթարկել Թուրքիան պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի ցեղասպանությունը կազմակերպած մեղավորներին։ Դատավարության ընթացքում ի հայտ եկան արեւմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ՝ ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ եւ հրամաններ, ականատեսների վկայություններ եւ այլն։ Դատական նիստերի ընթացքում քննվեց երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության ԿԿ անդամների եւ շրջանային պատասխանատու քարտուղարների ու պաշտոնյաների, հայկական կոտորածներն իրականացնող «Թեշքիլաթ-ը մահսուսե»-ի («Հատուկ կազմակերպություն»), Յոզղատի, Տրապիզոնի, Բյոյուքդերեի (Կ. Պոլսի արվարձան) եւ Խարբերդի տեղահանությունն ու կոտորածները կազմակերպողների հանցավոր գործունեությունը։

Երիտթուրքերի դատավարությունը ցույց տվեց, որ արեւմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառումներ չէին եւ սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, ինչպես ցանկանում էին ներկայացնել հանցագործները, այլ եղել են կանխամտածված ու մշակված գործողություններ, իրականացվել բացարձակապես երիտթուրքական կուսակցության ԿԿ նախաձեռնությամբ ու կարգադրությամբ, իսկ կոտորածներն անմիջականորեն իրականացրել են այդ նպատակով բանտերից ազատ արձակված մարդասպաններն ու այլ ոճրագործներ։

Դատավարության արձանագրությունները հրատարակվել են 1919-20 թթ., «Թաքվիմ-ի վեքայի» («Իրադարձությունների օրացույց») արաբատառ թուրքական պաշտոնաթերթի հավելվածում։ Երիտթուրքերի դատավարությունը թեեւ չստացավ լայն արձագանք, այնուամենայնիվ բացահայտեց Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում թուրքական իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանությունը։ Երիտթուրքերի դատավարության նյութերը հերքում են թուրքական պաշտոնական շրջանների՝ հայերի ցեղասպանությունը ժխտող պնդումները։

Օսմանյան Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մշակման ու իրականացման հովանավորն ու ակտիվ գործակիցը կայսերական Գերմանիան էր։ Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմը 1915 թվականի փետրվարին հորդորում է իր կառավարությանը «չարգելակել հայերի դեմ ձեռնարկվող քայլերին», իսկ հուլիսի 7—ին հեռագրում կանցլեր

Բետման Հոլվեգին, թե կյանքի է կոչվում «թուրքական պետության մեջ հայ ազգի ոչնչացման նպատակը»։ Արեւմտյան մեծ տերությունները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ—ն, այնպես էլ գործնական միջոցներ չձեռնարկեցին հայերի բնաջնջման գործընթացը կանգնեցնելու ուղղությամբ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը՝ խոսելով անգլիական քաղաքականության մասին, մասնավորապես, գրել է.

«Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին… Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասցրեց 1895—1897 թվականների սարսափելի սպանդներին եւ 1915 թվականի ահավոր կոտորածին»։

Մինչ այսօր էլ, անկախ այն բանից, թե աշխարհի տերություններից ով՝ ինչպես է արձագանքում ցեղասպանության հայտնի ու անժխտելի փաստին, ինչպես է ընդունում կամ չի ընդունում այդ փաստը, աշխարհի նվաճողական քաղաքականության դրվածքն ու մոդելը խոշոր տերությունների կողմից մնում են նույնը՝ անմարդկային ու անմեկնելի, մարդ տեսակի ոչնչացման նորանոր ու դաժան ձեւեր ընդունելով եւ որեւէ պատասխանատվություն չկրելով դրա համար...

Էլեոնորա Ներսիսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ