Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Մարտ

Լիբանանյան «L'Orient-Le Jour» պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահի հոդվածը

Լիբանանյան «L'Orient-Le Jour» պարբերականը հրապարակել է ՀՀ նախագահի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան հեղինակավոր «L'Orient-Le Jour» ֆրանսալեզու պարբերականը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը՝ «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը» խորագրով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ավելի քան մեկ դար է անցել մարդկության և քաղաքակրթության դեմ 1915-1923 թթ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը»,- մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը:

Հոդվածում նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության պատճառներին ու հետևանքներին, ցեղասպանության դասերին և այդ համատեքստում ողջ մարդկության անելիքներին։ «Ոմանք ասում են, թե արդեն ավելի քան մեկ դար է անցել ցեղասպանությունից, և ինչքան էլ կորուստները ծանր լինեն, դա անցյալ է, և պետք է նայել ապագային: Ես էլ ասում եմ՝ մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է,-գրել է նախագահը:-Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթներն, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ:

Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են հայերի և հայկական քաղաքակրթության հետքերը»:

Հայաստանի նախագահը նշում է, որ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքան խստությամբ պետք է դատապարտենք և ժամանակին պետք է դատապարտած լինեինք առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական և մշակութային հուշարձանների ոչնչացումը: «Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված: Ճանաչումն ու դատապարտումը կարող էին կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների,-գրել է նախագահը։-Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ՝ առաջին հերթին այն համամարդկային արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2008թ. սկսած ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևեր, իսկ 2015թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևը:

Ուստի ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում և կրկնության բացառում, հետևանքների վերացում»:

Նախագահ Սարգսյանը նաև երախտագիտություն է հայտնել այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկված հայերին:

«Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար,-եզրափակել է նա։-Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի ու վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա»:




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ