Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեր երկիրն այն երկրներից է, որտեղ բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի․ Գևորգ Պապոյան

Մեր երկիրն այն երկրներից է, որտեղ բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի․ Գևորգ 
Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների եւ Հայաստանի կողմից իրականացվող քայլերի մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանի հետ։

 

–Պարոն Պապոյան, այս իրավիճակն առաջին հերթին ի՞նչ խնդիրներ է առաջացնում մեզ համար։

–Ինչպես մեր, այնպես էլ աշխարհի բոլոր երկրների համար ամենամեծ խնդիրը տեղաշարժի սահմանափակման առաջացումն է ոչ միայն երկրների միջեւ, այնպես էլ երկրների ներսում, ինչի հետեւանքով տնտեսական գործունեության բազմաթիվ տեսակներ չեն գործում։ Եթե անգամ որոշ երկրներում թույլատրվում է, ապա դրանք գործում են շատ ցածր արդյունավետությամբ, քան նախկինում, ինչը հանգեցնում է առաջարկի կրճատման։ Դա էլ իր հերթին տնտեսության համար բերում է բացասական հետեւանքներ, գործազրկություն է առաջանում եւ այլ վարչական խնդիրներ։ Այնպես որ, այս խնդիրը, որ ունենք, միայն մերը չէ, առհասարակ, աշխարհի գրեթե բոլոր երկրներում այն կա։

 

–Կա՞ն թեկուզ մոտավոր հաշվարկներ, թե դեռ որքան կշարունակվի այս վիճակը։

–Այս պահին դա ոչ ոք չի կարող ասել, դժվար է գնահատել, բայց կարող ենք ասել, որ սա սովորական տնտեսական խնդիր չէ եւ տնտեսական վայրիվերումների ցիկլերի մեջ չի տեղավորվում, սա առողջապահական ճգնաժամ է, որը հանգեցրել է տնտեսական խնդիրների։ Քանի դեռ այն չի հաղթահարվել, կարող ենք ասել, որ այս վիճակը կպահպանվի, իհարկե, վարքագծային փոփոխություններ տեղի կունենան, եւ մարդիկ իրավիճակին կհարմարվեն։ Բայց, ըստ էության, եթե անգամ դա տեղի ունենա եւ վարքագծային փոփոխության արդյունքում հիվանդությունը չհաղթահարվի, բայց մարդիկ իրավիճակին հարմարվեն եւ ըստ դրա ապրեն, ապա այդ պարագայում եւս կարող ենք համարել, որ առողջապահական խնդիրը մասամբ լուծվել է, եւ դա կարող է դառնալ տնտեսական խնդիրների լուծման սկիզբը։

 

–Իրավիճակին հարմարվելու մասին խոսեցիք, բայց, օրինակ, Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի հետ կապված արդեն միջադեպ է տեղի ունեցել, աշխատակիցները պահանջում են թույլ տալ գնալ աշխատանքի, ֆինանսական խնդիրներ կան, որոնք էլ սոցիալական դժվարություններ են առաջացնում։

–Հասկանալի է, նմանատիպ խնդիրներ կարող են լինել եւ առաջանում են։ Խնդիրները միայն առողջապահական չեն, նաեւ տնտեսական են, սոցիալական են, որոնք մեկ ամբողջ համատեքստում են, բայց մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ պետք է նախ եւ առաջ ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին, որովհետեւ սա արվում է իրենց առողջությունը, կյանքը պահպանելու համար։ Կարող ենք ամեն ինչ բացել եւ սկսել աշխատել, բայց այդ պարագայում պետք է գիտակցենք, որ մեզանից շատերը վարակվելու են, եւ հետեւաբար կունենանք առողջապահական եւ մարդկային կյանքերի մասով, այսպես ասած, ոչ լավ իրավիճակ։

 

–Իսկ այս իրավիճակում, երբ տնտեսությունն, այսպես ասած, դանդաղ է աշխատում, շրջանառությունը նվազել է, եկամուտները, ըստ այդմ, թե մարդկանց, թե պետության եւս նվազել են, որքա՞ն ժամանակ Հայաստանը պատրաստ կլինի այս վիճակին ըստ արժանվույն դիմակայելու։

–Ես չեմ կարող դա գնահատել, դա կախված է նրանից, թե այս իրավիճակն ինչպես կշարունակվի, հետեւաբար, ուզում եմ նշել, որ սցենարը որպես այդպիսին այն չէ, թե ինչքան կդիմանանք կամ ինչքան է պետք։ Սցենարն այն է, որ այս համավարակը պետք է կառավարելի լինի, որպեսզի առողջապահությունը հասցնի բոլոր հիվանդներին սպասարկել, քանի առողջապահությունը հասցնում է բոլոր հիվանդներին սպասարկել, անկախ նրանից՝ իրենց մոտ սիմպտոմ է, թե ծանր դեպք, կարող ենք ասել, որ լուրջ պրոբլեմներ չենք ունենա եւ այդ պարագայում հարյուրավոր մարդկային կյանքեր կփրկենք։ Խնդիրն այն է, որ մեր առողջապահությունը կարողանա նորմալ սպասարկել այս իրավիճակում։ Այս սահմանափակումներն էլ հենց այն բանի համար են, որ վարակի տարածումը մեծ ծավալների չհասնի եւ լինի կառավարելի առողջապահական տեսանկյունից։ Մենք հռչակել ենք, որ մարդու կյանքը բարձրագույն արժեք է, եւ հետեւաբար ամեն ինչ անելու ենք, որ մարդկանց կյանքեր փրկենք։

 

–Վարչապետը նշեց, որ ստեղծված իրավիճակի հետեւանքով տնտեսության որոշ ճյուղեր կարող են ավելի բարենպաստ պայմաններում հայտնվել, ինչպե՞ս կմեկնաբանեք։

–Հիմա, տեսեք, ինչ է առաջանում. համաշխարհային ՀՆԱ-ն կտրուկ կրճատվում է, բազմաթիվ ընկերություններ տարբեր շուկաներում, որոնք տասնյակ տարիներով հեգեմոն դերակատարություն են ունեցել եւ ոչ ոք հնարավորություն չի ունեցել մտնելու այդ շուկաներ, նրանք հիմա շուկաներից դուրս են գալիս։ Սա առաջացնելու է ինչպես փոփոխություն մարդկանց մոտ, այնպես էլ նոր հնարավորություն, որպեսզի նոր բիզնեսները մտնեն այդ շուկաներ, փորձեն իրենց։ Եթե, օրինակ, կարողանանք մեր տեղական արտադրությամբ, մեր գյուղմթերքներով, մեր գյուղատնտեսական մթերքներ մշակող արդյունաբերությամբ մտնել, օրինակ, այն շուկաներ, որոնք ավանդաբար մերը չեն եղել, եւ փորձել ապահովել այդ շուկաներն համապատասխան արտադրանքով, ապա, բնականաբար, դա կարող է հնարավորություն դառնալ մեզ համար։ Ցանկացած ճգնաժամ լի է ինչպես մարտահրավերներով, այնպես էլ հնարավորություններով։ Ճգնաժամի արդյունքում միշտ լինում են ընկերություններ կամ երկրներ, որոնք շատ ավելի հաղթող են դուրս գալիս, եւ այնպիսիք, որոնք շատ ավելի վատ վիճակում են հայտնվում։ Այդ ամեն ինչը կախված է տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներից։ Այս համատեքստում եթե մեր բիզնեսը պրոակտիվ գտնվի, կարծում եմ, մեծ հաջողություն կարող է արձանագրել։ Նույնը վերաբերում է նաեւ մեր գյուղացիական տնտեսություններին։ Հիմա ակնհայտ է, որ հատկապես այս համավարակի ֆոնին ապագայում լավ մթերքների, բնական մթերքների պահանջարկն աշխարհում բարձր է լինելու։ Այս պարագայում ունենք հնարավորություն արտադրելու բարձրորակ գյուղմթերքներ եւ մատակարարելու այն շուկաներին, որոնք ունեն դրանք սպառելու հնարավորություն։ Սրանով է պայմանավորված մեր կոչը՝ օրինակ, մեր գյուղացիությանը, որ հատկապես այս տարի մեր երկրում չպետք է մնա որեւէ անմշակ հողակտոր։

 

–Այդ ուղերձն ուղղված է բիզնեսին ու առանձին ընկերությունների՞, թե՞ պետությունն ինքն էլ էական անելիքներ ունի։

–Այստեղ երկկողմանի է, չի կարող պետությունը քայլ անել, բայց բիզնեսը չարձագանքի, եւ հակառակը՝ բիզնեսն էլ չպետք է միայնակ մնա։ Այս առւմով մենք աշխարհի այն երկրներից ենք, որը տնտեսական լայն աջակցության ծրագրեր է սկսել։ Աշխարհի ոչ բոլոր երկրներում այդպիսի ծրագրեր կան։ Աշխարհի ոչ բոլոր երկրներում են բիզնեսին զրո տոկոսով վարկ տալիս։ Մեր երկիրն այն երկրներից է, որտեղ բիզնեսն արտոնյալ պայմաններ ունի։ Պետության խնդիրն է ապահովել մի շարք կարեւոր պայմաններ։ Առաջինը՝ ազատ շուկայական, մրցակցային միջավայրն է, որն ապահովված է։ Երկրորդ խնդիրը բարենպաստ միկրոմիջավայրն է, մասնավորապես, կոռուպցիայից զերծ համակարգը, որը նույնպես կա։ Եվ երրորդը, իհարկե, ֆինանսական միջոցներին հնարավորինս աջակցելն է, որը հիմա տեղի է ունենում։ Մնացած պրոբլեմները մակրոտնտեսական են, որոնք որոշ չափով մեզանից դուրս են։ Օրինակ, ծով չունենք, մեծ հողային ֆոնդ չունենք, սպառման համար ներքին մեծ շուկա չունենք եւ այլն։ Տրանսպորտային առումով եւս խնդիրներ կան՝ երկաթուղի չկա դեպի ՌԴ։ Ակնհայտ է, որ այդ խնդիրը Հայաստանից դուրս է։ Հիմա այսպիսի իրավիճակների հետ կապված պետությունն ինչ-որ մեղմացնող քայլեր իրականացնում է, բայց հիմնական կարեւոր պրոբլեմները մեր երկրում, կարծում եմ, լուծված են, եւ հիմա մնում է աշխատել։

 

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]