Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Ինչով կարևորվեց Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը

Ինչով կարևորվեց Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի մասնակցությամբ, ինչն իր ձևաչափով աննախադեպ էր։ COVID-19-ի համավարակի պայմաններում նման հանդիպման կազմակերպման անհրաժեշտությունն առավել քան հիմնավոր էր՝ հաշվի առնելով մի քանի գործոն։

Առաջին, վերջին շրջանում ադրբեջանական կողմը շարունակում է դիմել սադրանքների՝ անտեսելով ֆորսմաժորային այս իրավիճակում միջազգային հանրության կոչերը (ինչպես օրինակ, մարտի 19-ի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, մարտի 23 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ պահպանելու գլոբալ հրադադարը)՝ չդիմելու այնպիսի քայլերի, որոնք կսրեն իրավիճակը տարածաշրջանում: Մասնավորապես, վերջին մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը շարունակում է իրականացնել դիվերսոն ներթափանցման փորձեր, խախտել հրադադարի ռեժիմը՝ կրակոցներ արձակելով հայկական զինված ուժերի, անգամ խաղաղ բնակչության ուղղությամբ, ինչի արդյունքում տուժել են զինծառայողներ, անգամ Ոսկևան գյուղի բնակիչ, դպրոցական 15-ամյա մի երեխա: Ադրբեջանական կողմի նման սադրանքների վերջին դրսևորումներից էր նաև  ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարքի մուտքն Արցախի օդային տարածք, որն Արցախի ՊԲ օպերատիվ գործողությունների ընթացքում հաջողությամբ խոցվեց: Ստեղծված իրավիճակում կարևոր էր նման հանդիպումը և հանդիպման արդյունքում տարածված հայտարարությունը, որը թեև ոչ հասցեական, սակայն կոչ էր ադրբեջանական կողմին՝ զերծ մնալ նման սադրիչ գործողություններից:

Երկրորդ, կորոնավիրուսի պանդեմիայի տարածման հետևանքով ստեղծված համաշխարհային տնտեսական իրավիճակը, նավթի գների անկումը չէր կարող չունենալ իր բացասական ազդեցությունը նաև Ադրբեջանի տնտեսության վրա՝ վերջինիս դարձնելով բավական անկանխատեսելի: Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ փորձել է շեղել սեփական հանրության ուշադրությունը  երկրի ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից՝ դիմելով սադրանքների սահմաններին: Ուստի, հայկական կողմերը ապագայում ևս չեն կարող ապահովագրված լինել Ադրբեջանի նման սադրանքներից և այս հանդիպումը, որտեղ հիմնական շեշտը դրվեց հրադադարի ռեժիմի խիստ պահպանման վրա, պետք է սթափության կոչ լինի ադրբեջանական կողմի համար:

Երրորդ, ֆորսմաժորային այս պայմաններում, իրավիճակն ավելի է բարդացնում ԵԱՀԿ կողմից տեղում դիտորդական առաքելության ժամանակավորապես դադարեցումը, ինչը ևս վտանգ է ռիսկեր, որ ադրբեջանական կողմը կարող է իրեն ավելի ազատ զգալ՝ դիմելու սադրիչ գործողությունների:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ֆորսմաժորային այս իրավիճակում Ադրբեջանի  սադրիչ գործողությունների ֆոնին առավել քան բնական և անհրաժեշտ էր քննարկել ստեղծված իրավիճակը՝ փորձելով թուլացնել լարվածությունը և կանխել իրավիճակի հնարավոր էսկալացիան։

Լիանա Հովհաննիսյան






https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ