Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Հայոց ցեղասպանության թանգարանը ապրիլի 24-ին ընդառաջ ներկայացնում է նոր առցանց ցուցադրություն

Հայոց ցեղասպանության թանգարանը ապրիլի 24-ին ընդառաջ ներկայացնում է նոր 
առցանց ցուցադրություն
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիուտը ներկայացնում է նոր առցանց ցուցադրություն՝ «Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» թեմայով։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, ցուցադրությունը նվիրվում է  Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին։

«2020 թ. լրանում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցը, ինչի առիթով այս տարվա ապրիլի 16-17-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսության հետ համատեղ նախատեսում էր հրավիրել միջազգային գիտաժողով և կազմակերպել ժամանակավոր ցուցադրություն: Սակայն հաշվի առնելով համաճարակով պայմանավորված իրավիճակը, գիտաժողովն անորոշ ժամանակով հետաձգվեց, իսկ ցուցադրությունը հանրությանը կներկայացվի օնլայն ձևաչափով՝ ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում և վերջինիս ֆեյսբուքյան հարթակում:

«Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն), ներառում է տասնմեկ ենթախորագիր: Ներկայացվում են կիլիկիահայության ցեղասպանության պատմության տարբեր դրվագներ՝ սկսած մինչև ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում նրանց կարգավիճակի, ունեցած ներդրման, զբաղմունքի հետ կապված հարցեր, ընդհուպ մինչև տեղահանություն, կոտորածներ, միջազգային դիվանագիտություն, Կիլիկիայի հայաթափում: Հատուկ շեշտադրմամբ ներկայացվում են կիլիկիահայության մղած ինքնապաշտպանական մարտերը՝ ուղղված նախ երիտթուրքական վարչակարգի ցեղասպան քաղաքականության (1915 թ.՝ Ֆընտըճագի, Մուսա Լեռան ինքնապաշտպանությունները, Ամանոսի գոյամարտը), ապա՝ այն շարունակող քեմալականների դեմ (1920 թ. Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունները): Հայկական ինքնապաշտպանական մարտերն իսկական հերոսամարտեր էին, խիստ անհավասար պայմաններում պայքար ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության ու հավատքի համար: Ցուցադրության մեջ առանձնակի շեշտադրությամբ է ներկայացված հայ կնոջ ունեցած բացառիկ դերն այդ պայքարում: Գրեթե ամենուր, որտեղ տեղի ունեցան ինքնապաշտպանական մարտեր, կանայք գործուն մասնակցություն ցուցաբերեցին ոչ միայն նախապատրաստական-կազմակերպչական հարցերում՝ խրամատներ փորելով, պատնեշներ կառուցելով, այլ նաև զենքը ձեռքին ամուսինների կողքին մասնակցեցին բուն մարտական գործողություններին:

Վիճակագրական աղյուսակի միջոցով ներկայացվում է կիլիկիահայության թվաքանակը Հայոց ցեղասպանության նախօրյակին և 1921 թ. ապրիլի 1-ի դրությամբ:

Խորագրային պանելներից բացի կներկայացվեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Կիլիկիայի հայերի պատմության թանգարանի (Նոր Հաճն) բացառիկ ցուցանմուշներ՝ կից պատմություններով, որոնք վեր են հանում մարդկային ճակատագրեր, բացահայտում Հայոց ցեղասպանության սարսափներն ու հերոսական դրվագները»,- ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ