Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյուղատնտեսական երաշխիքային ֆոնդ ստեղծելու տրամաբանական հիմնավորումն առկա է․ինչ խնդիրներ այն կլուծի

Գյուղատնտեսական երաշխիքային ֆոնդ ստեղծելու տրամաբանական հիմնավորումն 
առկա է․ինչ խնդիրներ այն կլուծի

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ մեր գյուղատնտեսության համակարգը բազամթիվ խնդիրներ ունի։ Բայց այդքանով հանդերձ՝ մեր գյուղատնտեսությունը մրցակցային առավելություններ ունի։ Օրինակ՝ տնտեսական ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածությունը։ Սա մեզ ԵԱՏՄ մեծ շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու հնարավորություն է տալիս։ Կամ՝ մեկ այլ առավելություն է գյուղատնտեսական բարձրարժեք մշակաբույսերի վեգետացիայի երկար տեւողությունը, վաղահաս բերքի աճեցման համար բարենպաստ կլիմայական գոտիները։

Կամ՝ խոշոր առավելութուն է հարուստ գյուղատնտեսական ժառանգությունը. չէ որ Հայաստանը խաղողագործության եւ ծիրանի ու կեռասի մշակության հայրենիքն է։ Կարեւոր առավելություն է բարձրորակ ջուրը, որ համեղ գյուղմթերք ստանալու երաշխիքներից է։

Չթվարկենք մյուս առավելությունները։ Բայց դրանք պահպանելու եւ խնդիրները լուծելու համար պետք են միջոցներ։ Գյուղտեխնիկան թարմացնել ենք ուզում՝ միջոցներ են պետք, անմշակ ու անջրդի հողատարածքներն օգտագործել ենք ուզում՝ միջոցներ են պետք, նորագույն տեխնոլոգիաներ կիրառել ենք ուզում, հակակարկտային համակարգեր ներդնել, ապահովագրական համակարգ ստեղծել՝ դարձյալ միջոցներ են պետք։ Ու քանի որ գյուղացին չունի դրանք, հայացքն ուղղում է վարկային շուկային։ Եվ հենց այս հատվածում էլ հասկանում ենք, որ շղթայական տարբեր խնդիրներ կլուծվեն, եթե միայն այս՝ վարկային օղակը մատչելի լինի։ Բայց գաղտնիք չէ, որ այդպես չէ։

Ու քանի որ էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ գյուղոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների առաջիկա տասը տարիների ռազմավարությունը հստակ ծրագիր է, հետաքրքրվեցինք՝ ինչ է արվում վարկային շուկայի զարգացումը բարելավելու համար։

Հասկանալի է, որ գյուղատնտեսությամբ զբաղվողների համար բարելավված ֆինանսական ծառայությունների հասանելիությունը ոլորտի մրցունակության շարժիչ գործոններից է։ Պատկան կառույցն ասում է, թե մեր երկրում գյուղվարկերի շուկան բնութագրվում է վարկ օգտագործողների մեծ թվով եւ հաճախորդների վարկերի՝ պատշաճորեն մշակված պատմություններով։ Միեւնույն ժամանակ ընդհանուր վարկային պորտֆելում երկարաժամկետ վարկերի տեսակարար կշիռը ցածր է, տոկոսադրույքներն էլ բարձր են, «ինչն ապախթանում է փոքր գյուղացիական տնտեսությունների կողմից փոխառությունը բարձր ռիսկային կամ երկարաժամկետ գյուղատնտեսական ներդրումային գործունեության նպատակով»։

Բացի այս՝ գյուղատնտեսական շատ վարկեր այսօր, դարձյալ ըստ պատկան կառույցի, ըստ էության, սպառողական վերաձեւակերպվող վարկեր են։ Այսինքն՝ վարկային գումարի միայն մի մասն է գործածվում որպես կարճաժամկետ շրջանառու կապիտալ գյուղատնտեսական գործունեության եւ ներդրման համար։ Սրանք հիմնական խնդիրներն են։ Դեռ չենք նշում ածանցյալները։

Հիմա՝ գյուղատնտեսական վարկային շուկայում այս մարտահրավերները լուծելու համար նախարարությունը ինչ-որ քայլ կամ քայլեր ձեռնարկելու՞ է։ Պարզվում է՝ նախարարությունը ֆինանսական հաստատությունների եւ կենտրոնական բանկի հետ համատեղ վարկային շուկայում բավարար մրցակցություն է ապահովելու՝ միաժամանակ վարկերի խթանման բազմաթիվ ծրագրեր իրականացնելով։

Հաջորդ հարցադրումն է առաջ գալիս. դե, եթե այո, ապա ինչի՞ց է սկսելու։ Ըստ այդմ, նախարարության գործողությունները կսկսվեն առաջնային արժեշղթաների մասով գյուղվարկային շուկաների բացթողումները համակարգված վեր հանելով եւ դրանք լուծելու գործողություններ մշակելով։ Օրինակ՝ բանկերը հիմա վարկերի վերաբերյալ որոշումները գրավի առկայությամբ են պայմանավորում։ Սակայն, նորարարություն կլինի։ Իբրեւ մրցակցային առավելություն կդիտարկվի բիզնես պլանի առկայությունը։ Ռիսկերի երաշխավորման սխեմաներ կլինեն՝ գրավով փոխառության կոշտ ստանդարտների վերացման նպատակով։

Մինչ խնդիրները վեր հանելը, գործողության ծրագրեր մշակե՞լն ինչ կարվի։ Խոսքը կարճաժամկետ միջոցառումների մասին է։ Ըստ նախարարության, որպես առաջնահերթ կարճաժամկետ միջոցառումներ, գործող աջակցության սխեմաներով ծրագրեր կառաջարկվեն։ Ինչպիսիք են գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանն ուղղված ծրագրերը կամ աջակցության ծրագրերով թիրախային դրամաշնորհների փոխարինումը (գյուղսարքավորումների ֆինվարձակալություն, խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, ինտենսիվ այգիների համար տրվող վարկեր եւն)։

Խոսք կար նաեւ գյուղատնտեսական երաշխիքային ֆոնդ ստեղծելու մասին։ Այո, ըստ պետական կառույցի, «կա՛ այդպիսի ֆոնդ ստեղծելու տրամաբանական հիմնավորում»։ Այն կլինի կամ որպես պետական երաշխիքային ֆոնդի մաս, կամ համատեղ նպատակ ունեցող առանձին կառույց։ Այս տեսակետից ֆոնդը, որի համար պետք է կատարվի հետագա իրագործելիության վերլուծություն, կլինի գյուղվարկերի տեղական, անկախ, կայուն երաշխիքային կառույց։ Այն պորտֆելային վարկային երաշխիքներ կտրամադրի ֆինանսական հաստատություններին՝ գյուղացիներին եւ ՓՄՁ-ներին հատկացվող վարկերի մասով՝ ռիսկի որոշակի տոկոսը ծածկելու նպատակով»։

Իսկ որտեղից են գոյանալու ֆոնդի գումարները։ Հիշյալ ռազմավարությունում ասվում է, թե ֆոնդի կապիտալը կարելի է հավաքագրել տարբեր դոնորներից, իսկ իրականացումը պետք է հենվի զարգացող երկրների լավագույն փորձի վրա։

Մինչ վարկային շուկայի զարգացումը բարելավելու տարբերակներ են քննարկվում, քայլեր ձեռնարկվում, սխեմաներ գծվում, մի բան հաստատ է՝ գյուղի ու գյուղացու կողքին կանգնելու համար պետական երաշխիքային մի կառույց պետք է՝ կլինի այն ֆոնդ, կենտրոն թե մեկ այլ բան։ Պետակա՛ն երաշխիքով, քանզի, հասկանալի է, որ ազատական տնտեսահարաբերությունների պայմաններում բանկերին շատ բան թելադրել հնարավոր չէ. այդ կառույցներն էլ իրե՛նց ռիսկերը պետք է ապահովագրեն։ Դրա համար կա՛ պետական երաշխիքի անհրաժեշտությունը, որ կգա եթե ոչ չեզոքացնելու, ապա գոնե մեղմելու բազմապիսի ռիսկեր։ Ուզենք թե ոչ, գյուղոլորտն առանց պետական աջակցության չի կարող դիմակայել մարտահրավերներին։ Եվ պետք է չէ դա թյուրիմացաբար պայմանավորել խորհրդային ժառանգությամբ։ Այդպես է նաեւ զարգացած երկրներում։ Ու եթե մեր նպատակը զարգացած, բարձրարժեք, ինքնաբավության աստիճանի բարձրացմամբ գյուղատնտեսություն ունենալն է՝ դրական բոլոր հետեւանքներով հանդերձ, ապա պե՛տք է գործել հստակ քայլերով՝ պետության գործուն աջակցությամբ։

 

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am