Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի խիստ պահպանման կարևորությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի խիստ պահպանման 
կարևորությունը
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ տեսակոնֆերանսի ընթացքում ընդգծել են հրադադարի ռեժիմի խիստ կարևորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է կողմերի ընդունած համատեղ հայտարարության մեջ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից Իգոր Պոպովը, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆերը) մարտի կեսերից կանոնավոր կերպով անցկացնում են հեռահար խորհրդակցություններ՝ ներառյալ ապրիլի 21-ին համատեղ տեսակոնֆերանսը: Այդ խորհրդակցություններին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։
Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցները քննարկել են տարածաշրջանի համար Առողջապահության համաշխարհային ճգնաժամի հետեւանքները եւ տեղերում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Նրանք նաեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հետագա քայլերը ՝ 2020 թվականի հունվարի 30-ին Ժնեւում հրապարակված իրենց համատեղ հայտարարության համաձայն:
Արձանագրվել է, որ COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով նախկինում համաձայնեցված հումանիտար քայլերի իրականացումը հետաձգվել է: Հետաձգվել են նաև նախարարների առանձնազրույցներն ու համանախագահների՝ Ժնևում համաձայնեցված այցերը տարածաշրջան։ Այնուամենայնիվ, այդ միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքը շարունակվում է։
Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի խիստ պահպանման և ստեղծված իրավիճակում սադրիչ գործողություններից զերծ մնալու կարևորությունը, ինչպես նաև կողմերին կոչ են արել միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա նվազեցման ուղղությամբ: Նրանք նաև երախտագիտություն են հայտնել ներկա պայմաններում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքը շարունակելու համար և ընդգծել մոնիթորինգների շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը:
Հաշվի առնելով այն հսկայական խնդիրները, որոնց ներկայումս բախվում է ողջ բնակչությունը՝ առանց հաշվի առնելու քաղաքական սահմանները, և որոնք դաժան հիշեցում են յուրաքանչյուր մարդկային կյանքի արժեքի մասին, արտգործնախարարներն ու համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համաճարակի դեմ պայքարում դրսևորված վճռականությունը ստեղծարար և կառուցողական լիցք կհաղորդի խաղաղ գործընթացին։ Համանախագահները ուշադրություն են դարձրել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի մարտի 23-ի կոչին՝ ձեռնարկել գլոբալ միջոցներ առողջապահության ոլորտում ներկայիս ճգնաժամի ժամանակ կրակի դադարեցման ուղղությամբ և համանախագահների մարտի 19-ի հայտարարությանը:
Արտգործնախարարները և համանախագահները պայմանավորվել են սերտ կապ պահպանել և հնարավորինս արագ շարունակել բանակցություններն առերես»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդական միակ ձևաչափն է: Համանախագահներն են Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը, Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին և ԱՄՆ-ը ներկայացնող Էնդրյու Շոֆերը:
Նորայր Շողիկյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]