Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նոր ճգնաժամը Թուրքիային սպառնում է դեֆոլտով

Նոր ճգնաժամը Թուրքիային սպառնում է դեֆոլտով

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան համավարակից բոլորից շատ տուժած երկրների շարքում է։ Վարակակիրների թվով այդ երկիրը 9-րդն է ամբողջ աշխարհում, իսկ համաճարակաբանական բարձրակետը դեռ առջեւում է։ Սակայն շատ ավելի մեծ ահազանգ է երկրի տնտեսության վիճակը։ Պետության միջազգային պահուստներն արագ ընկնում են լիրայի հետ միասին, իսկ տարադրամային վարկերի ծավալը, որոնք երկրի ընկերությունները պետք է մարեն առաջիկա 12 ամսվա ընթացքում, գերազանցում է ՀՆԱ-ի մեկ քառորդը։ Թուրքիան «հնարավորություն ունի» դառնալ առաջին երկիրը, որը դեֆոլտ կհայտարարի համավարակի պատճառով։

Թուրքական տնտեսությունը շատ է տուժել վերջին տարիներին։ 2018 թ. տարադրամային ճգնաժամը, պարզվեց, անսպասելի էր իշխանությունների համար, սակայն միանգամայն կանխատեսելի՝ հաշվի առնելով ֆինանսական նախկին քաղաքականությունը, որը շատ մեղմ էր եւ անտեսում էր հնարավոր ռիսկերը։ Ճգնաժամի արդյունքում, կապված կապիտալի արտահոսքի հետ, քայքայվեցին հարյուրավոր ընկերություններ, իսկ լիրան 2018 թ. դոլարի նկատմամբ արժեզրկվեց 1,5, իսկ արդեն սեպտեմբերին՝ մոտ 2 անգամ։ Այն ժամանակ վերլուծաբաններն առաջին անգամ խոսեցին դեֆոլտի մասին, սակայն տարեվերջին հաջողվեց կայունացնել իրավիճակը կտրուկ քայլերի, այդ թվում՝ ավելի քան 20 տոկոսով տոկոսադրույքի բարձրացման շնորհիվ։ Գինը, որը Թուրքիան ստիպված էր վճարել այս կայունացման համար, տնտեսական աճն էր 0,9 տոկոսով։ Այդ թիվը վատը չէր լինի, եթե չլիներ երկրի բնակչության թվի ավելացումը, այդ թվում՝ սիրիացի փախստականների միջոցով, ինչը զգալիորեն գերազանցում է տնտեսական զարգացման տեմպը։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Բայց արդեն հաջորդ տարվա սկզբին Թուրքիան սկսեց աստիճանաբար վերականգնվել ճգնաժամից, երբ նոր դժբախտություն եկավ։ Լիրան արժեզրկվեց 15 տոկոսով։ Իրավիճակը փոքր-ինչ մեղմացրեց միայն այն, որ համաճարակը հարվածեց մինչեւ տուրիստական շրջանի սկիզբը, ինչի արդյունքում համաշխարհային ճգնաժամից կորուստներն առայժմ շատ ավելի քիչ են, քան կարող էին լինել։

Թուրքական տնտեսությունը դասվում է համեմատաբար բարեհաջող զարգացող երկրների շարքին, բայց ունի մեկ յուրահատկություն։ Եթե զարգացման նույն մակարդակն ունեցող երկրների մեծ մասն առաջին հերթին արտահանման ուղղվածություն ունեն եւ վճարային հաշվեկշռի մեծ ավելցուկ, ապա Թուրքիայում հակառակն է։ Չնայած այն բանին, որ երկիրը խոշոր արտահանող է, նրա հաշվեկշիռը խրոնիկ բացասական է։ 2017 թ. այն կազմել է 47 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 13 տոկոսը, 2018 թ.՝ լիրայի արժեզրկման ֆոնին, 27 մլրդ դոլար։ Տարբերությունը փոխհատուցվում է արտասահմանյան վարկերով։ Սակայն ներկա պահին արտաքին պարտքի ընդհանուր ծավալը (պետական, մասնավոր եւ կորպորատիվ) կազմում է մոտ 450 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 60 տոկոսը։

Պետության բաժինը համեմատաբար փոքր է. ողջ պարտքը չի գերազանցում ՀՆԱ-ի 30 տոկոսը, իսկ մաքուրը, հանած ակտիվները, 8 տոկոսից քիչ է։ Զարգացող երկրի համար դա վատ ցուցանիշ չէ, սակայն տեղի ընկերությունների սովորությունը՝ ֆինանսավորվելու տարադրամային վարկերի հաշվին, ազգային տնտեսությունը, ինչպես ասում են տնտեսագետները, ենթակա է դարձնում «արտաքին ցնցումներին»։

Ներկա պահին իրավիճակը հատկապես սուր է այն պատճառով, որ պարտավորությունների շատ մեծ մասը կարճաժամկետ է։ Առաջիկա 12 ամսվա ընթացքում թուրքական ռեզիդենտները պետք է վճարեն 172 մլրդ դոլար։ Այդ գումարը չի փակվում երկրի միջազգային ռեզերվներով, որոնք այժմ կազմում են 89 մլրդ դոլար։ Մաքուր ռեզերվը, չհաշված միջազգային պարտավորությունները, ընդամենը 27 մլրդ դոլար է կազմում, որի ավելի քան 90 տոկոսը փոխառված է տեղական առեւտրային բանկերից՝ որպես փոխանակման ծրագրերի մաս։ Առանց դրանց հաշվառման Թուրքիայի ոսկու եւ արտարժույթի պահուստները կիջնեն 1.5 մլրդ դոլարի, որն ակնհայտորեն այն գումարը չէ, որով երկիրը կարող է վստահորեն պատրաստվել՝ դիմավորելու ճգնաժամը։

Արագ հալվող արտարժույթի պահուստների համալրման համար Թուրքիայի ղեկավարությունը հույս ուներ փոխանակման գծեր կազմակերպել G20-ի պետությունների, առաջին հերթին՝ ԵՄ-ի երկրների ու ԱՄՆ-ի հետ։ Սակայն այս պահի դրությամբ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Բացի այդ, նման քայլը միայն ժամանակավոր արդյունք կարող է տալ, մինչդեռ Թուրքիայի խնդիրները տնտեսության եւ ֆինանսական համակարգի մեջ կուժեղանան շատ ամիսների ընթացքում։

«Morgan Stanley»-ի հետազոտության համաձայն՝ Թուրքիայի միջազգային պահուստների եւ անհրաժեշտ արտաքին ֆինանսավորման ծավալի հարաբերակցությունն ամենացածրն է համարժեք զարգացող երկրների խմբում, նույնիսկ զիջում է Արգենտինային, Պակիստանին ու Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ Նշենք, որ վերջին երեք երկրները նույնպես ֆինանսական ու մակրոտնտեսական կայունության օրինակ չեն։

Միջազգային ներդրողները լավ են տեսնում առաջացած ռիսկերը։ Շուկան գնահատում է հանրապետության հնարավորությունները՝ դադարեցնելու պարտավորությունների 6.3 տոկոսի վճարումները։ Այդ ցուցանիշն ավելի բարձր է, քան 2018 թ. ճգնաժամի բարձրակետին եւ առայժմ զիջում է միայն 2018 թ. աղետալի թվերին։ Այս մասին տեղեկացնում է «The Guardian»-ը։

Որոշակի պահի ճգնաժամային իրավիճակը կարող է հասնել այն բանին, որ Թուրքիային հարկ լինի շտապ վարկ վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից։ Հանրապետության պատմության մեջ նման բան երբեք չի եղել։ Երկրի ղեկավարության ներկայացուցիչներն առայժմ հայտարարում են, որ դրա կարիքը չկա, սակայն պետք է գիտակցել, որ մինչեւ ֆինանսական ճգնաժամի բարձրակետը Թուրքիան դեռ ժամանակ ունի։

Իրավիճակի վատթարացման ներուժը լուրջ է։

Առաջին՝ շուտով կսկսվի զբոսաշրջային սեզոնը, որն այս տարի գրեթե ամբողջությամբ կարող է չեղարկվել, եթե համավարակի տարածման տեմպերն առաջիկա ամիսներին անկում չապրեն։ Նույնիսկ այդ դեպքում զբոսաշրջային հոսք կլինի, սակայն շատ ավելի քիչ, քան նախորդ տարիներին։ Դա նշանակում է, որ թուրքական տնտեսությունը չեն համալրի միլիարդավոր դոլարներ (նախորդ տարիներին տուրինդուստրիայի արտարժութային վաստակը կազմել է մոտ 30 մլրդ դոլար), եւ արտարժութային ճգնաժամը կսրվի։ Երկրորդ խնդիրը կապված է այն բանի հետ, որ արտասահմանում կտրուկ կիջնի թուրքական արտադրանքի արժեքը։ Եվ դա՝ գլխավոր ցուցանիշների գլոբալ անկման եւ արտադրության տեմպերի կրճատման, գործազրկության աճի եւ բնակչության կենսամակարդակի անկման պատճառով։

Եթե արտահանմանը միտված տնտեսությունները գործում են «ցանկացած անհասկանալի իրավիճակում արժեզրկիր տարադրամը» սկզբունքով, ապա Թուրքիայի համար նման մոտեցումը կարող է հղի լինել ծանր հետեւանքներով, չնայած առանց այդ էլ լիրան իջել է վերջին ամիսներին։ Բանն այն է, որ դոլարի ու եվրոյի փոխարժեքի չափազանց ուժեղ աճը մահացու կլինի արտարժութային ֆինանսավորման ձգտող թուրքական սեփականատերերի, ինչպես նաեւ նրանց տարադրամով վարկ տված բանկերի համար։

Արժութային շուկայում բարդ իրավիճակը պատճառներից մեկն է, թե ինչու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առայժմ համեստ քայլեր է ձեռնարկում ճգնաժամի դեմ պայքարում։ Մարտի 18-ին նա հանդես է եկել հակաճգնաժամային ծրագրով, որը ենթադրում է պետության կողմից 15 մլրդ դոլարին համարժեք ծախսեր, որոնք ՀՆԱ-ի սոսկ 2 տոկոսն են կազմում։

 

Թուրքական բիզնեսի ներկայացուցիչները նամակներ են գրում՝ խնդրելով ավելացնել խթանող միջոցառումները, սակայն պետությունը դեռ քաղաքացիներին առաջարկում է աջակցել տնտեսությանը իրենց ներարկումներով։ Այդպիսի զգուշավորությունը հասկանալի է, քանզի երկրում ավելորդ տարադրամ չկա, իսկ լիրա թողարկելով՝ հնարավոր է կուրսը տանել փլուզման։

 

Թուրքիայի անկայուն դիրքը նրան դարձնում է համաշխարհային տնտեսության ամենաթույլ օղակներից մեկը։ Երկրի ՀՆԱ-ն բավական մեծ է՝ 750 մլրդ դոլար։ Եթե Անկարան դեֆոլտ թույլատրի, կամ նրա տնտեսական անկումը շատ ուժեղ լինի, շղթայական ռեակցիան կարող է տարածվել ողջ Մերձավոր Արեւելքում ու նրա սահմաններից դուրս։

 

Պատրաստեց Իշխան Քիշմիրյանը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]