Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Ucom-ի տնօրենին իրավասու է ընտրել միայն ընկերության տնօրենների խորհուրդը․ փաստաբան

Ucom-ի տնօրենին իրավասու է ընտրել միայն ընկերության տնօրենների խորհուրդը․ 
փաստաբան

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom-ի տնօրենին իրավասու է ընտրել միայն ընկերության տնօրենների խորհուրդը, ինչից հետո Իրավաբանական անձանց պետական ռեգիստրը կազմակերպելու է օրենքով սահմանված կարգով գրանցման գործընթացը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 20-ի մամուլի ասուլիսին այս մասին ասաց փաստաբան Գնել Մուղնեցյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ucom-ի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Ընկերությունում արտառոց ոչինչ չկա, հերթական կենդանի գործընթացն է իրականանում։ Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը դիմում է ներկայացրել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որից հետո իրականացվել են գործընթացներ՝ օրենքով սահմանված կարգով»,–ասաց Մուղնեցյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին Մուղնեցյանից, թե այժմ ո՞վ է ընկերության տնօրենը, քանի որ ընկերության տնօրենների խորհուրդը հայտարարել էր նոր տնօրենի` Արա Խաչատրյանի ընտրության մասին, սակայն պետռեգիստրն էլ իր հերթին հայտարարել էր, որ տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով։ Մուղնեցյանը նշեց, որ ընկերության գործադիր մարմնի ղեկավարն այս պահին Արա Խաչատրյանն է, քանի որ Ucom-ի դեպքում տնօրեն նշանակելու հարցում միակ իրավասու սուբյեկտը համարվում է տնօրենների խորհուրդը։

«Տնօրենների խորհուրդը կայացրել է համապատասխան որոշում և պետռեգիստրը պետք է օրենքով սահմանված կարգով կազմակերպի գրանցման գործընթացը, ինչն այս պահին իրականացվում է»,- ասաց փաստաբանը։

Մուղնեցյանը շեշտեց, որ պետական ռեգիստրի կողմից տրված փաստաթուղթը ընդամենը իրավասու սուբյեկտի որոշման հիման վրա կատարված գրառման վերաբերյալ տեղեկություն է: «Մենք այդ գրառման գործընթացը սկսել ենք, գրանցման վարույթը մեկնարկել ենք, դիմում ենք ներկայացրել պարոն Արա Խաչատրյանին՝ որպես ընկերության նոր տնօրենի: Մենք գործ ունենք երկու տարաբնույթ փաստաթղթերի հետ, տնօրենների խորհրդի որոշումները այն միակ և թույլատրելի ապացույցն են, որով հավաստվում է սուբյեկտի՝ ընկերության գործադիր տնօրեն լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ փաստաթուղթ դրա համար գոյություն չունի»,- նշեց փաստաբանը:

Անդրադառնալով Եսայան եղբայրների հետ ընկերության 800 աշխատակիցների` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու հանգամանքին, ինչպես նաև հարցին, թե ի՞նչ է լինելու «Ucom» ընկերության աշխատակիցների հետ և ովքե՞ր են պատասխանատու նրանց առաջ, իրավաբանը պատասխանեց, որ այդ առումով թիմային քննարկում է իրականացվում և որոշումը կհրապարակի տնօրենը: «Նրանց մասով համապատասխան որոշում կկայացվի։ Այդ աշխատակիցներն իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով իրենց դիմումները հետ վերցնել կամ էլ կարող են աշխատանքից ազատվել իրենց դիմումի հիման վրա։ Նախկին տնօրեններն աշխատակիցների առաջ պարտավորություններ ունեն, քանի որ աշխատակիցների դիմումների ժամկետներն արդեն վերջանում են։ Այս մասով ևս թիմային քննարկում է իրականացվում»,- հավելեց փաստաբանը:

Գնել Մուղնեցյանը նաև վստահեցրեց, որ Ucom–ի բաժանորդներին որևէ վտանգ չի սպառնում, և նրանք իրավունք ունեն անխափան ստանալ այն ծառայությունները, որոնց բաժանորդագրված են։

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ «Ucom» ընկերության շուրջ 800 աշխատակից աշխատանքից դուրս գալու դիմում է գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և մոտ 6 տոկոսի բաժնետերեր Հայկ և Ալեքսանդր Եսայանները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում: Ապրիլի 15-ին, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստի ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Խաչատրյանը: Սակայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարել էր, որ «Ucom» ընկերության նոր գլխավոր տնօրենի պետական գրանցումը հետաձգվում է 20 օրով:

Լիլիթ Դեմուրյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ