Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը շարունակում է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը՝ հարմարվելով նոր իրողություններին

Հայաստանը շարունակում է բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը՝ 
հարմարվելով նոր իրողություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ բոլոր երկրների պետական և կառավարման համակարգերն այսօր բախվում են լիովին նոր տիպի մարտահրավերների, որոնց հաղթահարումը հավելյալ ճկունություն և ջանքեր է պահանջում։ Նոր խնդիրներ և իրողություններ են ձևավորվել նաև միջազգային հարաբերությունների ոլորտում, ինչի հետ կապված Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ևս զգալիորեն ավելացրել է իր ջանքերը` ընդլայնելով ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից մատուցվող ծառայությունները (ի թիվս այլ գործողությունների՝ հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումն առաջիկայում հասանելի է լինելու տեսակապի միջոցով),  ապահովելով բեռնափոխադրումների բնականոն ընթացքը, նպաստելով տարբեր երկրներից ՀՀ քաղաքացիների հնարավորինս արագ և անվտանգ տեղափոխմանը հայրենիք։ Չնայած աշխարհի տարբեր երկրներում առկա տեղաշարժի սահմանափակումներին, մարտի 1-ից ի վեր Հայաստան է վերադարձել 63.322 ՀՀ քաղաքացի, ինչը հնարավոր է դարձել նաև ՀՀ կառավարության ջանքերով:

Վերջին երկու ամսվա ընթացքում միջազգային հարաբերություններում նկատելի է իզոլացիոնիզմի կտրուկ աճ և համագործակցային գործելաոճի անկում, ինչը հավելյալ մարտահրավեր է Հայաստանի նման փոքր պետությունների համար, որոնք բախվում են նաև լոգիստիկ խնդիրների: Ստեղծված պայմաններում, պետք է արձանագրել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն աստիճանաբար ադապտացվում է նոր իրավիճակին և իրականացվում է` հաշվի առնելով առկա իրողությունները։ Հայաստանը շարունակում է իր արտաքին քաղաքականությունը՝ առաջնային դիտարկելով Հայաստանի անվտանգության և զարգացման օրակարգով թելադրված մեր արտաքին քաղաքական գերակայությունները` հավատարիմ մնալով բազմավեկտոր արտաքին քաղաքականության իր տեսլականին:

Երևանը շարունակում է խորացնել ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ, այդ թվում` տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ Միաժամանակ, ինչպես Երևանը, այնպես էլ Մոսկվան, նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման պայմաններում ընդգծում են փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը: Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ՀՀ նախաձեռնությամբ և մյուս անդամ երկրների հետ համագործակցությամբ ընդունվել են մի շարք որոշումներ, որոնք ներկայիս ճգնաժամային իրավիճակում առավել քան կարևոր են: Մասնավորապես, որոշում է կայացվել ժամանակավորապես զրոյացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը, բժշկական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ տարածք ժամանակավորապես թույլատրել արտոնյալ պայմաններով,  արգելել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից դուրս։

Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսությունը նաև ԵՄ անդամ երկրների հետ: Ստեղծված պայմաններում հաջողությամբ վերանայվել են համագործակցության մի շարք ծրագրեր և հնարավոր է դարձել զգալի միջոցներ ուղղել նոր տիպի կորոնավիրուսային համավարակի դեմ համատեղ պայքարին: Այդ պայքարի շրջանակներում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 92 մլն եվրո, ինչը կուղղի բժշկական սարքավորումների մատակարարմանը, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպմանը, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրմանը:

Ճգնաժամային այս իրաիճակում կարևոր է նաև բարեկամ երկրների հետ ակտիվ երկխոսության պահպանումը: Այս առումով կարելի է առանձնացնել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը, որի պահպանման և հետագա ամրապնդման ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն շարունակում է ակտիվ ջանքերը նաև այս օրերին:

Շարունակվում է ռազմավարական երկխոսությունն ԱՄՆ-ի հետ։ Օրերս ՀՀ արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունն ակտիվ քայլեր ձեռնարկելու հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի պահպանման ու ընդլայնման ուղղությամբ: Երկու երկրները համագործակցում են նաև COVID 19-ի համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Այդ համագործակցության շրջանակներում Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, Հայաստանին տրամադրելու է 1,7 մլն դոլար աջակցություն, ինչը կօգտագործվի լաբորատոր համակարգերի պատրաստման, նոր դեպքերի հայտնաբերման և արձանագրված դեպքերի վերահսկողության ակտիվացման, տեխնիկական մասնագետներին արձագանքման և պատրաստվածության մակարդակը բարելավման ևայլ ուղղություններով:

Ճգնաժամային այս իրավիճակում կենսական կարևորություն են ստացել հարևան Վրաստանի և Իրանի հետ ակտիվ համագործակցությունը, որոնք ապահովում են Հայաստանի ցամաքային կապը աշխարհի հետ։ Հայկական կողմն ակտիվ երկխոսության մեջ է թե´ Վրաստանի, թե´ Իրանի արտաքին գործերի նախարարությունների հետ, ինչի շնորհիվ, Հայաստանն այս համընդհանուր սահմանափակումների պայմաններում լիարժեքորեն ապահովում է իր պարենային անվտանգությունը, դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող բեռնափոխադրումներն ընթանում են առանց լուրջ խնդիրների, տարբեր զգայուն հարցերի հետ կապված հարևանների հետ հնարավոր է լինում հասնել բավական արդյունավետ և գործընկերային լուծումների: Հատկանշական է, որ Թբիլիսիի հետ Երևանն այս շրջանում հաջողությամբ համագործակցում է նաև Վրաստանի տարածքով երրորդ երկրներից ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերություններում ձևավորված դրական մթնոլորտը:

Ակնհայտ է, որ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններով նախաձեռնողականության պահպանումը և այս շրջանում նոր իրողություններին հնարավորինս արագ ադապտացվելն ազգային անվտանգության առաջնահերթություն է, ինչն ԱԳՆ կողմից հաջողությամբ իրականացվում է:

 

Արփինե Հովսեփյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]