Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

Ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող Լազարյանին ՌԴ հանձնելու միջնորդության 
քննարկումը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Ռայչիխինսկում 2011 թվականին ադրբեջանցու սպանության համար մեղադրվող Միսաք Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող այլ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։ «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ Միսաք Լազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց էքստրադիցիոն կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի որոշմամբ:

«Նախ՝ նշեմ, որ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրվել էր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված՝ Լազարյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդությամբ պայմանավորված, իսկ նման դեպքում քրեական դատավարության օրենքը այդ փուլի համար այլընտրանք չի թողնում:

Իսկ դատախազի կողմից խափանման միջոցի փոփոխման որոշման կայացումը պայմանավորված էր նրանով, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով Լազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը նշեց, որ այս կապակցությամբ Լազարյանին ՌԴ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՌԴ գլխավոր դատախազության միջնորդության քննարկումը հետաձգվել է՝ մինչև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող վերոնշյալ քրեական գործով վերջնական որոշում կայացվելը։

«Միաժամանակ, ստացվել է ՀՀ միգրացիոն ծառայության պետի գրությունն այն մասին, որ որոշում է կայացվել Հայաստանում ապաստան ստանալու մասին Լազարյանի դիմումի վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կասեցնելու մասին:

Այսինքն՝ այն հանգամանքը, որ նշված քրեական գործով Միսակ Լազարյանի նկատմամբ արդեն ընտրված է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, իսկ նա անազատության մեջ է պահվում հանձնելու նպատակով կալանավորման որոշման հիման վրա, մինչդեռ հանձնման միջնորդության քննարկման հետաձգման պայմաններում անձին անազատության մեջ պահելը դառնում է առարկայազուրկ»,- եզրափակեց Աբրահամյանը։

Վերոնշյալ հոդվածը վերաբերվում է փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն։

Լրատվամիջոցներում տարածած տեղեկությունների համաձայն՝ 2011 թվականին Ռուսաստանի Ռայչիխինսկ քաղաքի հայ ընտանիքին պատկանող ռեստորանում մի խումբ ազգությամբ ադրբեջանցիներ անվայել արտահայտություններ էին բարձրաձայնել հայերի հասցեին։ Միսաք Լազարյանը ինքնապաշտպանության հիմքով ադրբեջանցիներից մեկին պատկանող ատրճանակից ադրբեջանցուն մահացու հրազենային վիրավորում էր հասցրել։

2012 թվականից Լազարյանը հետախուզվում էր Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից։ 2020 թվականին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրան ձերբակալել են, այնուհետև կալանավորել։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]