Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Հայաստանում կարտադրվեն թոքերի արհեստական շնչառության սարքեր

Հայաստանում կարտադրվեն թոքերի արհեստական շնչառության սարքեր

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարեց և առանց մրցույթի՝ դրամաշնորհ տրամադրելու համար գումար հատկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշմամբ թույլ տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Գաղափարից մինչև բիզնես՝ դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով 2020-ի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթի որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրենց նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման աշխատանքների գործընթաց, և ստացվել են 300 հայտեր ու առաջարկներ:

«Այս որոշման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառության սարքերի ներքին պահանջարկը բավարրել, աջակցել առողջապահական համակարգին»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ աշխատող սարքավորում: Նախարարի խոսքով՝  այս դեպքում սարքերը շուկայական գնից կրկնակի էժան են լինելու: Հնարավորություն  կլինի ամսական արտադրել 40-50 սարք:

«Ներկայումս համավարակի պատճառով ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 հազար թոքերի արհեստական շնչառական սարքի պահանջարկ: Սա նաեւ հնարավորություն է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու լուրջ շուկա է»,-ընդգծեց Արշակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ թեև կա տեսակետ, որ շոգերին զուգահեռ կորոնավիրուսի վարակման ցուցանիշենրի անկում կարող է լինել, բայց հնարավոր է, որ աշնանը, հետո նաև ձմռանն ունենանք վարակի թվի աճ: Այնպես որ, վարչապետը կարևորեց նախագիծը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ եթե նույնիսկ համաճարակն անցնի, այդ սարքերը մեզ պետք են լինելու, որովհետև դրանք ընթացքում շարքից դուրս են գալիս:

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ սա, այո, ռիսկային նախագիծ է, որովհետև հանրային միջոցներ են ծախսում և ապահովագրված չեն, որ կունենան այն արդյունքը, որը նախատեսում են: Ավինյանը, միաժամանակ ընդգծեց, որ սա արդարացված ռիսկ է:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ