Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Մայիս

Վիրուսի՝ առանց ախտանիշների տարածումը քաղաքացին կարող է կանխել

Վիրուսի՝ առանց ախտանիշների տարածումը քաղաքացին կարող է կանխել

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետի ապրիլի 12-ի որոշմամբ հանրապետությունում թույլատրվեցին տնտեսական գործունեության որոշ տեսակներ, որոնք համեմատաբար ցածր ռիսկայնություն ունեն վարակի տարածման տեսանկյունից։ Որոշմամբ թույլատրվել են բացօթյա շինարարությունը եւ դրա համար անհրաժեշտ ուղեկցող ոլորտների գործունեությունը՝ ցեմենտի, գիպսի, կրի, գաջի եւ դրանցից պատրաստված շինվածքների արտադրությունը։ Արգելքի ռեժիմից դուրս է հանվել նաեւ մետաղական կոնստրուկցիաների եւ դրանց մասերի արտադրությունը։ Շինարարության ավարտական փուլի աշխատանքները, որոնք հիմնականում իրականացվում են փակ տարածքներում, առայժմ արգելված են։ Պարետատունը թույլատրել է նաեւ ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, որն ուղղված է հասարակության ծխող հատվածի առաջին անհրաժեշտության պահանջարկի բավարարմանը։

Կառավարությունը նման քայլի գնում է առաջին հերթին համավարակի տնտեսական եւ սոցիալական բացասական հետեւանքները մեղմելու նպատակով, իսկ որոշման համար հիմք են եղել կորոնավիրուսի տարածման դինամիկայի կայունացումը եւ արդեն արձանագրված դրական ցուցանիշները։ Միանշանակ է, որ այս քայլը համավարակի տարածումը կանխելու, դրա հետեւանքների մեղմման միջոցառումներից եւ պայքարի մարտավարությունից է բխում՝ հիմնված առկա ցուցանիշների եւ հաշվարկների վրա։ Տնտեսության վերոհիշյալ ոլորտներում աշխատանքների վերսկսման տնտեսական հետեւանքներից բացի, այս քայլը թույլ կտա հետեւել նաեւ վարակի տարածման դինամիկայի վրա դրա ազդեցությանը, որը կկանխորոշի գործադիրի հետագա քայլերը։ Այս դեպքում կարճաժամկետ արդյունքներ ունենալու հավանականությունը փոքր է՝ պայմանավորված վիրուսի ինկուբացիոն շրջանով, որը թույլ է տալիս տարածման իրական պատկերը գնահատել միայն 14-18 օրվա ընթացքում։

Լիովին օրինաչափ է, որ այս մեղմացումներին զուգահեռ կառավարությունը գնաց եւս մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմի երկարացման ճանապարհով։

Երկարացվեցին նաեւ խստացումները։ Այդ քայլին են դիմել գրեթե բոլոր երկրները, որտեղ սահմանվել էր արտակարգ դրություն։ Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած գնահատականներով՝ վերջին խստացումները տվել են ակնկալվող արդյունքները։ Մարտի 21-ին վարակի տարածման գործակիցը եղել է 1.2-1.3։ Այսինքն, մեկ վարակակիրը պոտենցիալ վարակել է միջին հաշվով առավելագույնը 1.3 մարդու։ Մարտի 23-ից հայտարարված սահմանափակումների խստացումները կիրառելուց հետո մարտի 30-ին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 0.8-0.9-ի։ Պարետի հավաստիացմամբ, եթե պետությունը կանխարգելող միջոցառումներ չիրականացներ, ապա վարակի տարածման գործակիցը կարող էր հասնել 2.4—ի, եւ 50 օրվա ընթացքում կվարակվեր բնակչության մոտ 90 տոկոսը։

Սակայն ասել, որ համավարակի տարածումը լիովին հսկողության տակ է վերցվել, ճիշտ չէր լինի։ Այդ մասին բարձրաձայնեց նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հիմնավորելով արտակարգ դրությունը երկարացնելու իր միջնորդությունը։ Վերջինս արձանագրեց, որ վարակման դեպքերի աշխարհագրությունն է ընդլայնվել։ Ներկայում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել 11 մարզից 7-ում։ Նման իրավիճակում կանխարգելող միջոցառումների գործիքակազմում թուլանում է պետական միջոցառումների ազդեցությունը եւ մեծանում հասարակության ինքնակազմակերպման եւ սահմանափակումների պահպանման վարքագծի նշանակությունը։ Պետությունը հնարավորինս սահմանափակել է վարակի տարածման ուղիները՝ առաջին հերթին արգելելով հասարակական տրանսպորտի աշխատանքը, մասսայական միջոցառումների կազմակերպումը։

Վիրուսի տարածման ամենամեծ պոտենցիալ ունեցող հասարակական տրանսպորտը չի գործի նաեւ մինչեւ մայիսի 1-ը։ Այս փուլում համավարակի տարածման կանխարգելման գործընթացներում առաջին դերակատարումն արդեն անցնում է հասարակությանը։ Քաղաքացու վարքագծի կարեւորության մասին իրազեկումները մշտապես են իրականացվում հնարավոր բոլոր միջոցներով։ Տնտեսական մեղմացումներ սահմանելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տեսաուղերձի հիմնական մասը հատկացրեց այդ ուղերձին։ Նա նաեւ թույլատրված գործունեությունների ոլորտների գործատուներին պատասխանատվության եւ աշխատողների անվտանգությունն ապահովելու հորդորներ հղեց։

Սինգապուրի առողջապահության ինստիտուտի գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսով վարակվածության 70 տոկոսն առանց ախտանիշների է ընթանում, ինչը բարձրացնում է վարակելու հավանականությունը եւ դԺվարացնում դրա դեմ պայքարը։ Հետեւաբար, յուրաքանչյուր քաղաքացու կողմից անհատական պաշտպանական միջոցների եւ միջոցառումների կիրառումն առաջնային նշանակություն է ստանում հատկապես այն դեպքում, երբ պետությունը հնարավորություն չունի համատարած թեստավորումներ իրականացնելու՝ առանց ախտանիշների վարակակիրների իրական թիվը պարզելու համար։ Ճապոնացիների՝ անձնական հիգիենային հետեւելու բարձր մշակույթն օգնեց, որ այդ երկրում գրանցվի համաճարակի տարածման փոքր տոկոս։ 126 մլն բնակչություն ունեցող Ճապոնիայում համաճարակի բռնկումից ի վեր արձանագրվել է 5500 վարակի դեպք, որից միայն 700-ը զբոսաշրջիկների նավի վրա էր հայտնաբերվել։

Պետության առաջնային խնդիրներից է մնում առողջապահական համակարգի պատրաստվածությունը։ Ներկայում հանրապետությունում վարակվածների թիվը 1000-ից մի փոքր ավելի է։ Առանց արտակարգ միջոցների կիրառման Հայաստանի բուժհաստատությունները կարող են սպասարկել մահճակալային բուժում պահանջող 1700 եւ 4500 մեկուսացման ենթակա անձի։ Ոլորտի պատասխանատու գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ թիրախում խնդիր են դրել օրական իրականացնել 1000 թեստավորում։ Ապրիլի 13-ին անցկացվել է 685 թեստ եւ հայտնաբերվել 28 վարակակիր։ Ենթադրվում է, որ թեստավորման քանակի ավելացումը կբերի նաեւ վարակակիրների թվի աճի, քանի որ, ինչպես նշվեց վերեւում, կորոնավիրուսով հիվանդությունը շատ դեպքերում ընթանում է առանց ախտանիշների։ Սակայն թեստավորումների քանակի ավելացումը կարեւոր է համավարակը կառավարելու, ինչպես նաեւ հիվանդության ռիսկային գոտում գտնվող քաղաքացիներին պաշտպանելու համար։ Պարետի հրապարակած վիճակագրության ցուցանիշներով հիվանդության ռիսկի բարձր գոտում է բնակչության 12 տոկոսը, 352 հազար մարդ, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով։

Թեստավորումից բացի արդյունքներ է տալիս նաեւ հեռախոսային կապով տեղորոշման գործիքակազմի ներդնումը, որի միջոցով 315 արձանագրված հիվանդի հետ շփված մոտ 3000 անձ է հայտնաբերվել, եւ նրանք չեն գտնվել համաճարակների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են լինել պոտենցիալ վարակակիրներ։

Իսկ «Կովիդ 19-Արմենիա» բջջային հավելվածը 60 հազար ներբեռնում ունի, եւ նրանով կատարված 4900 հարցումային թեստավորման շնորհիվ կապ է հաստատվել 1600 անձի հետ, որոնք գտնվել են կարմիր գոտում։ Նրանցից 21 հոգի ուղարկվել է թեստավորման, եւ 4-ի մոտ արդյունքները եղել են դրական։ Տեղորոշման այս մոդելը հաջողությամբ կիրառվում է Չինաստանում ու վարակի մեծ տարածվածություն ունեցող այլ երկրներում եւ արդյունավետ է հատկապես ինքնամեկուսացման ռեժիմը պահելու համար։

Եթե հաջողվի առաջիկա մեկ ամսում կանգնեցնել վիրուսի տարածումը, ամենայն հավանականությամբ, առաջին քայլով կառավարությունը կհանի տնտեսական սահմանափակումները՝ այս ոլորտում ճգնաժամը չխորացնելու եւ նոր պայմաններում տնտեսության զարգացման ուղիներ մշակելու համար։ Բայց աներկբա է, որ հասարակության շրջանում կանխարգելիչ պաշտպանական միջոցները կշարունակվեն, առավել եւս, որ նման հիվանդությունները սեզոնային բնույթ ունեն, եւ չի բացառվում, որ աշնանը նոր բռնկում լինի։

Արմեն Վարդանյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ