Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Նորովի հայացքը դժվարություններին զուգահեռ հնարավորություններ է բերում

Նորովի հայացքը դժվարություններին զուգահեռ հնարավորություններ է բերում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի այս օրերին աշխարհը սկսեց նորովի նայել բնապահպանական խնդիրներին, ինչի մասին խոսել ենք։ Նորովի նայեց, բայց դասեր կքաղի, թե ոչ, պարզ կդառնա համավարակից հետո։ Բոլորովին այլ տեսանկյունից սկսեց կարեւորել նաեւ գյուղատնտեսությունը. այն ոչ միայն զբաղվածության ու պարենային ապահովվածության, այլեւ նոր բիզնես հնարավորությունների մասով դիտարկվեց։

Գաղտնիք չէ, որ նույնիսկ զարգացած երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը բոլորովին այլ հիմքերի վրա է, այնուամենայնիվ, պարբերաբար պետական աջակցության տարբեր ձեւերի հույսին է մնում։ Այո, գյուղատնտեսությամբ զբաղվելը նաեւ շահութաբեր է, բայց պետություններն այստեղ չեն մոռանում, որ նույնիսկ ապահովագրության տարբեր ձեւերով հանդերձ՝ սա ռիսկային ոլորտ է։ Եվ հասկանալի է, որ բիզնես հատվածն այստեղ դժվարությամբ է մտնում, ներդրումները զգուշավոր են արվում։

Համավարակի այս օրերին, երբ պարենային ապահովվածության հարցերն օրախնդիր են, գյուղատնտեսությանը նորովի հայացք գցելը պարտադիր է դարձել աշխարհում, այդ թվում եւ՝ Հայաստանում։ Հասկանանք՝ ինչ խնդիրներ են քննարկվում աշխարհում եւ մեզ մոտ, մեկանգամյա՞ լուծման են դրանք, թե՞ արմատական որոշումներ էլ կան։

Եթե հակիրճ քննարկենք իրավիճակը, ապա պատկերը սա է՝ վտանգված են այն երկրները, որոնք սննդի քիչ աղբյուրներ ունեն, քանզի սահմանները փակ են, բեռնափոխադրումները՝ հիմնականում խափանված։ Բացի այդ, այն երկրները, որոնք սննդի աղբյուրներից չեն խեղճանում, սահմանափակել են դրանց արտահանումը։

ՄԱԿ-ից մտավախություն են հայտնել (CNN-ն է փոխանցում), որ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային մակարդակով բիզնեսի գործունեության դադարն ու բազմաթիվ երկրներում սահմանված մեկուսացումը կարող են հանգեցնել մատակարարումների շղթայի խափանման եւ սննդի անապահովության մակարդակի աճի։ Ճիշտ է՝ սուպերմարկետների դարակները դեռ ապրանքներով լի են, սակայն երկարատեւ համավարակի ճգնաժամը կարող է ծանրաբեռնվածություն ստեղծել մատակարարման համալիր շղթայի համար։

Երկրներ կան, որ այս իրավիճակում փորձում են չվհատվել եւ նոր հորիզոններ բացել իրենց գյուղատնտեսության համար։ Գյուղի եւ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մինչ կորոնավիրուսը ունենում է իր բացասական ազդեցությունը տարբեր ոլորտների վրա, Չինաստանում որոշ գյուղատնտեսական ստարտափների մոտ դրական միտումներ են նկատվում։

Օրինակ, 2020 թ. առաջին երկու ամիսը Գուանջաու քաղաքում չինական կազմակերպություններից մեկը շուրջ 4 հազ. հատ գյուղատնտեսական դրոններ է վաճառել։ Մեկ այլ կազմակերպություն էլ եկամուտների քառապատկում է նախատեսում, որը կկազմի մոտ 4.31 մլն դոլար։ Աճը պայմանավորված է գյուղատնտեսական դրոնների եւ ռոբոտ մեքենաների պահանջարկի աճով։ Չինաստանում խոշոր ֆերմերային տնտեսություններն ու տեղական ինքնակառավարման մարմինները բարձր տեխնոլոգիական սարքավորումներ են գնում, քանի որ տվյալ սարքավորումները կրճատում են, այլ դեպքերում բացառում են մարդկանց շփումը արտադրության պրոցեսի հետ, որը նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը։

Քանի որ Չինաստանի հետ սահմանը փակ է, Ռուսաստանի գյուղատնտեսությունը մի շարք խնդիրների առաջ է կանգնել։ Այստեղ վաղուց են մասնագիտական շրջանակներում քննարկում, թե այդ փաստը եւ, ընդհանրապես, համավարակը ինչպես կանդրադառնան Ռուսաստանի ագրոարդյունաբերական համալիրի վրա։

Դեռ փետրվարին այս հարցերի մասին մանրամասն խոսել էր ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտական բարձրագույն դպրոցի ագրարային քաղաքականության տնօրեն Եվգենիա Սերովան՝ անդրադառնալով Ռուսաստանին առանձնահատուկ որոշ խնդիրների։ Հաստատված է պարենային անվտանգության նոր դոկտրինը, որն ամրագրում է առաջնային սննդամթերքի ինքնաբավության շեմը։ Ըստ այդմ, օրինակ՝ բանջարեղենի ցուցանիշը 90 տոկոս է։ Բայց այս ցուցանիշը չի կարող նույնը լինել բոլոր մարզերի համար։ Եվ եթե Կրասնոդարում շատ վարունգ կա, բնավ չի նշանակում, որ այն անհապաղ կառաքվի Վլադիվոստոկ, թե այնտեղ դեֆիցիտ լինի։ Ուրեմն, ըստ մասնագետի, պետք է հասկանալ, որ պարենային անվտանգությունը ոչ թե ընդհանուր թիվն է, այլ հենց պարենային անվտանգությունը յուրաքանչյուր ռեգիոնում։ Որպեսզի չստեղծվի այն վիճակը, ինչ իրենց երկրի հեռավոր արեւելքում եղավ։

Բացի այդ, մասնագետներն առաջարկում են նաեւ հասկանալ, որ չնայած ռուսական գյուղատնտեսությունում չինական ներգրավվածությանը, այս կողմի համար ամերիկյան շուկան ավելի հետաքրքրական է, քան ռուսականը։ Ռուսաստանը պետք է հաշվի առնի, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը կավարտվի։ Եվ որ, այնուամենայնիվ, չինական շուկան չանտեսելով, Ռուսաստանն իր հայացքը պետք է ուղղի վճարունակ աֆրիկյան երկրների, Լատինական Ամերիկայի կողմը։

Ուշագրավ մի փաստի հանդիպեցի։ Պարզվում է՝ Ռուսաստանն էլ խնդիր ունի իր ապրանքանիշները ներկայացնելու։ Մասնագետները խոսում են կվասն աշխարհին ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Ըմպելիք, որ «ոչնչով չի զիջում աշխարհի հայտնի ըմպելիքներին, բայց դեռ հայտնի չէ։ Մինչդեռ առանձնահատուկ բաղադրություն ունի, եւ այն գողանալ կարող են»։ Եվ անգամ համավարակի այս օրերին պետք չէ մոռանալ դրա մասին, քանզի հենց այս կարգի՝ ոչ այսրոպեական խնդիրների լուծումն է հետո նպաստելու ոլորտի զարգացմանը։

ՌԴ քաղաքական ուժերն էլ թեմային անմասն չեն մնում։ Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու կամ մեղմելու համար կոմունիստները, օրինակ, առաջարկում են ավելացված արժեքի հարկը նվազեցնել՝ հասցնելով 12 տոկոսի։ Դա հետագայում նաեւ տնտեսական աճի կբերի։

Ֆրանսիայում կարծում են, որ կորոնավիրուսի հետեւանքները մեղմելու համար պետք է ընդլայնել գյուղատնտեսական զբաղվածության ծավալները, ինչը թույլ կտա նաեւ ծագած սոցիալական խնդիրները լուծել։ Այդ նպատակով աշխատանքը կորցրածներին առաջարկում են գյուղոլորտ մտնել։ Հետո մտադիր են ուշադրությունը սեւեռել նոր աջակցության ու նոր շուկաներ գտնելու վրա։

Համապատկերում շատ կարեւոր է դառնում այն հարցը, թե այս օրերին ինչ վիճակում է մեր գյուղատնտեսությունը։ Այն մեզ համար կրկնակի կարեւոր է, քանզի մեր գյուղերը միայն պարենային անվտանգության հարց չէ, որ լուծում են, նրանք նաեւ մեր սահմանապահ տարածքները լինելով՝ բառիս բուն իմաստով անվտանգության հարցեր էլ են լուծում։ Այդ մասին՝ հաջորդիվ։

Արմենուհի Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ