Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագծում կատարվել են փոփոխություններ

Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագծում կատարվել են փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը, ըստ էության, թույլ է տալիս բռնագանձել գույքը,  որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը, նախագծով նախատեսված էական ծավալներով, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Այդպիսի գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից գույքի ձեռքբերումը հիմնավորվող ապացույցների ներկայացմամբ: Նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը: Իրավասու մարմինը կգործի Գլխավոր դատախազության կազմում: Իսկ իրականացված գործառույթները կհանդիսանան պետական շահերի պաշտպանության հայցի ներկայացման դրսևորում: Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել: «Լուսավոր Հայասան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների, ինչպես նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովի առաջարկով կատարվել է փոփոխություն, որով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի: Նախարարը պարզաբանեց՝ սա արվել է նրա համար, որ որևէ մեկը չխոսի այն մասին, թե արտագնա աշխատանքի մեկնածները կարող են ընկնել այս կարգավորման տակ: Նա շեշտեց՝ շեմի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ խոսքը ոչ թե գույքի արժեքի մասին է, այլ այն արժեքի մասին, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով:

«Անձինք, ում գույքը փոխանցվել է որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականութունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալու հանգամանքից: Հստակ նախատեսվել է, որ գույքի բռնագանձմամբ չեն դադարում գույքի առնչությամբ բարեխիղճ անձանց՝ այդ թվում գրավառուների իրավունքները»,-ասաց Բադասյանը:

Քաղաքացիական դատավարության կանոններին նախագիծը ևս համապատասխանեցվել է:

«Ուսումնասիրության ժամկետի մասով արձանագրվել է, որ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառի առավելագույնը նախորդող 10 տարին, իսկ բացառիկ դեպքում, երբ պահպանվել են գործի համար էական ապացույցները, ավելի երկար, բայց սահանափակվելով 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածով: Ավելացվել են անձանց իրավունքների պաշտպանության հավելյալ երաշխիքներ»,-ասաց նա:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]