Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջերմոցային տնտեսությունների ծավալը Կոտայքի մարզում ավելացել է

Ջերմոցային տնտեսությունների ծավալը Կոտայքի մարզում ավելացել է

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Կոտայքի մարզում գյուղատնտեսության ոլորտի հեռանկարների եւ իրականացվող ծրագրերի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, ձեր մարզում որո՞նք են գյուղատնտեսության ոլորտի ամենաէական խնդիրները։

-Եթե իրավիճակից վերանանք (նկատի ունի համավարակը.- խմբ.), զուտ ընդհանուր զարգացման տեսակետից գյուղատնտեսության ոլորտում այս պահին ջրային համակարգերի հիմնանորոգման խնդիր ունենք, որովհետեւ ջրային ենթակառուցվածքները մեծամասամբ խիստ մաշված են, նույնիսկ շատ դեպքերում գոյություն չունեն։ Արարատյան դաշտը, Արագածոտնի հարավային հատվածը սնուցող չորս հիմնական ջրանցքները Կոտայքի մարզով են անցնում, եւ այնքան կենցաղային աղբ ու տիղմ, տասնամյակներով կուտակված ամենատարբեր թափոններ ենք հանում այդ ջրանցքներից, որ նույնիսկ ինքներս ենք ապշում։ Հիմնական խնդիրներից մեկը դա է։ Կարող եմ նշել «ստվերում» գտնվող բազմաթիվ այգիներ, ցանքատարածություններ, որոնք մինչ այժմ ջրօգտագործող ընկերությունների կողմից հաշվառված չեն եղել որպես ջրդի տարածքներ, ըստ այդմ, նաեւ գումարներ չեն գանձվել ոռոգման ջրի դիմաց այդ տարածքների համար։ Կարող եմ նաեւ եզրակացնել, որ գուցե եւ գանձվել են, բայց ստվերային շրջանառությամբ են դրանք իրականացվել։ Կարող եմ ասել, որ Կոտայքի մարզում ջրդի վարելահողերի ու այգիների ծավալները վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրկնապատկվել են, բայց ոչ թե դրանք ավելացել են, այլ ստվերից դուրս են բերվել չգրանցված գործունեություն ծավալող այգիներն ու ջրովի ցանքատարածքները։ Օրինակ, անցյալ տարի, երբ պաշտոնապես կանխատեսում էինք, թե որքան ոռոգման ջուր է մեզ անհրաժեշտ լինելու սեզոնի համար, միայն սեզոնի ավարտին հասկացանք, որ մեր կանխատեսումից երկու անգամ ավելի է անհրաժեշտ եղել, քանի որ երբ արդեն հաշվառված ու գանձումով իրացրել ենք ոռոգման ջուրը, հասկացել ենք, որ շատ-շատ տարածքներ ժամանակին ջրվել են եւ հավելագրվել են այդ տարածքների վրա որպես կորուստներ։ Այս ուղղությամբ որոշակի իրավական գործընթացներ են իրականացվել։

-Գյուղացիական կոոպերացիաներ ստեղծելու աշխատանքներն ի՞նչ փուլում են, ի՞նչ հեռանկարներ կան։

-Կոոպերացիաների կոնկրետ թվաքանակ չեմ կարող ասել, մարզում այս պահին կա 30.000-ից ավելի գյուղացիական տնտեսություն, եւ դրանց մեջ կան կոոպերացիաներ, որոնք ֆորմալ գրանցված են, բայց ոչինչ չեն ձեռնարկում։ Հատուկենտ կոոպերացիներ կարող են լինել, որոնք իրենց գործառույթներն ամբողջ ծավալով իրացնում են։ Կառավարության՝ ինտենսիվ այգեգործությանը վերաբերող ծրագրերից մեկը հատապտղային գյուղացիական գործունեության առումով մինչեւ 50 տոկոս համաֆինանսավորում է առաջարկում հենց կոոպերացիաներին՝ դրանով խրախուսելով վերջիններիս գործունեությունը։ Գյուղացիական կոոպերացիաները նպատակահարմար են նաեւ լիզինգային եղանակներով տարբեր բանկերի միջոցով գյուղտեխնիկա ձեռք բերելու համար։ Այն կբարձրացնի նաեւ մարդկային ՕԳԳ-ն եւ դրանով նաեւ տեխնոլոգիական ինտենսիվ գյուղատնտեսությունը կզարգացնենք, որի նախադրյալներն ունենք մեր մարզում։ Դրա վառ օրինակը շուրջ 125 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություններն են։ Այս պահին էլ բավական ծրագրեր ունենք նախագծման փուլում, սպասում ենք արտակարգ դրության ավարտին, որպեսզի տնտեսավարողները կարողանան ներկրել սարքավորումները եւ կառուցապատեն իրենց ջերմատները։

-Դրանք նո՞ր ծրագրեր են։

-Այո, նոր ծրագրեր են, մեկ ու կես տարվա ընթացքում մոտ 30 հեկտար ավելացել է ջերմոցային տնտեսությունների ծավալը մեր մարզում, այս պահին էլ մի քանի տասնյակ նման նախագծեր են նախատեսվում իրականացվել։

-Իսկ կոոպերացիների ստեղծման գործում մարզպետարանն ունի՞ կոնկրետ ֆունկցիա, թե՞ հիմնական գործիքները կառավարության նախաձեռնություններն են։

-Մարզպետարանը կառավարության ներկայացուցիչն է, տարածքային կառավարման մարմինները, այսպես ասած, կառավարության մարմիններն են, եւ որեւէ հավելյալ գործիքակազմ չունենք, բացառությամբ այն բանի, որ գյուղաբնակ քաղաքացիների առաջնագիծն ենք, եւ այդ ամբողջական խորհրդատվությունը մենք ենք անում կառավարության տարբեր ստորաբաժանումների հետ։

-Իսկ որպես կոոպերացիաների նախաձեռնողներ անհատ քաղաքացինե՞րն են հանդես գալիս, թե՞ նախաձեռնողը համայնքներն են։

-Իրավական առումով կոոպերացիաներ նախաձեռնողները համայնքներն են եւ համայնքների այն շրջանակները, որոնք տիրապետում են համեմատաբար ավելի մեծ հողային կամ ֆերմերային ռեսուրսների։ Բայց բոլոր դեպքերում կոոպերացիայի սուբյեկտը տնտեսավարող քաղաքացին է, որը գյուղատնտեսությամբ է զբաղվում եւ, որպես ագրոբիզնեսի շարժիչ ուժ, պետք է նաեւ այդ գործիքակազմն օգտագործի։ Այսինքն, մարզպետարանը որպես սուբյեկտ չի կարող հանդես գալ, համայնքը կարող է հանդես գալ, իսկ համայնքներում էլ, ցավոք, ոչ միշտ է, որ այդ միտքը, արժեհամակարգը կամ ցանկությունը կիսում են։ Բայց մենք առավելագույնս փորձում ենք կոոպերացիաների գաղափարը հասու դարձնել բոլոր շրջանակներին։

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]