Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Օգոստոս 2022

Զինվել համբերությամբ, ժամանակն անիմաստ չանցկացնել. այսպիսին է մաեստրո Հովհաննես Չեքիջյանի խորհուրդը

Զինվել համբերությամբ, ժամանակն անիմաստ չանցկացնել. այսպիսին է մաեստրո 
Հովհաննես Չեքիջյանի խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտինի մեջ է, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն աշխատում է, արիխիվներն է բացել, հին, վաղուց մոռացված էջերն է թերթում։ «Ես Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբում աշխատում եմ արդեն 59 տարի։ Այդ տարվա արխիվները բաց եմ արել եւ զբաղվում եմ դրանցով։ Կարգի եմ բերում։ Մի ահռելի աշխատանք է։ Արխիվներում գտա վաղուց մոռացված էջեր։ Շատ բաներ ի հայտ եկան, մեկը մի տեղ էր, մյուսը՝ մի տեղ։ Հավաքում եմ։ Շատ ժամանակ եմ կորցնում տան մեջ փնտրելիս։ Երեւի մոտ երկու ժամ ման եմ գալիս։ Հիմա ի մի եմ բերում։ Ստացվում է, որ այս պահին էլ աշխատանքի մեջ եմ, գործ եմ անում, ո՞նց պիտի ավարտեմ, դեռ չեմ հասկանում»,-«ՀՀ»-ի հետ զրույցում իր առօրյայից է պատմում Հովհաննես Չեքիջյանը։

Մաեստրոյի մեկնաբանությամբ՝ կորոնավիրուսի համավարակն այնպիսի մի աղետ է, որից միայն մեր կյանքը չէ, այլ աշխարհն է վտանգված. «Այսպիսի աղետ չեմ տեսել։ Երբ, օրինակ, համեմատում ես Հայաստանի տեսած աղետների՝ երկրաշարժի, պատերազմի հետ, հասկանում ես, որ սա պատերազմ է, ուրիշ պատերազմ՝ բնության ու մարդկության միջեւ։ Սակայն այս դեպքում մարդկությունը պաշտպանվում է։ Մարդը ծնվում է, պայքարում բնության դեմ, քաջ գիտակցելով, որ բնությունը պիտի հաղթի իրեն։ Սակայն ամեն օր չենք կարող հիշել այս մասին։ Վտանգը շատ մեծ է, պիտի համբերությամբ տանենք, ուրիշ ճար չունենք»։

Համաքաղաքացիներին մաեստրոն կոչ է անում՝ զինվել համբերատարությամբ, շատ համարձակ լինել, ասում է, պետք չէ, համբերություն է պետք. «Դուրս մի՛ եկեք, ես դուրս չեմ գալիս»։ Կարանտինային վիճակն ավարտվի, առաջին բանը, որ անելու է, երգչախմբի հետ փորձն է, իրար շատ են կարոտել. «Մեզ մոտ ուրիշ մթնոլորտ է։ Շատ զանգեր եմ ստանում, հաճելի խոսքեր եմ լսում, ասում են՝ կարոտել են աշխատանքը։ Ես էլ իմ երգչախմբին եմ կարոտել»։

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի այս տարվա ծրագրերը շատ էին։ Մաեստրոն ասաց, որ ապրիլի 13-ին էլ անելու բան կար. «Պաստառները շատ խնամքով դրված էին։ Դժբախտաբար, շաբաթն ուրբաթից առաջ եկավ։ Հիմա տեսնենք՝ ինչպես ենք կազմակերպում։ Ծրագրերը շատ, շատ են»։ Մաեստրոն խորհուրդ է տալիս՝ ինչ որ չեք հասցրել անել՝ կարդալ, գրել, ֆիլմ դիտել, նոր բան սովորել, ժամանակն է զբաղվել դրանով։ «Այլապես ժամանակը չի անցնի, տխուր կլինի այդպես։ Երբ ես, օրինակ, զբաղվում եմ արխիվներով, մոռանում եմ ժամանակի մասին։ Իսկ անգործ մնացողն ի՞նչ պիտի անի, դժվար է»,-ասում է Հովհաննես Չեքիջյանը։

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]