1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ամեն ինչ արվում է գյուղատնտեսական աշխատանքների բարեհաջող մեկնարկն ապահովելու համար․Ռոմանոս Պետրոսյան

Ամեն ինչ արվում է գյուղատնտեսական աշխատանքների բարեհաջող մեկնարկն 
ապահովելու համար․Ռոմանոս Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակում Կոտայքի մարզում ձեռնարկված հատուկ միջոցառումների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։

–Պարոն Պետրոսյան, Կոտայքի մարզպետարանն այս իրավիճակում ինչպիսի՞ միջոցներ է ձեռնարկում։

–Մարզպետարանը, որպես կառավարության ներկայացուցիչ տարածաշրջանում, ինստիտուցիոնալ մարմին, իր բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ մարզում իրականացնում է կառավարության կողմից առաջարկված ծրագրերի պարզաբանումը, ամբողջական ներկայացումը եւ ներդրումը։ Քանի որ պետության կողմից մեկուսացված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը մեր մարզում է՝ կոնտակտավոր կամ այլ երկրներից վերադարձած, հետեւաբար, մեր ռեսուրսների զգալի մասը դրան է ուղղվում՝ այդ թվում բուժծառայության մեր ներկայացուցիչներին։ Առողջապահական համակարգի մարզային ենթակայության բուժկենտրոնների մեր բժիշկներն են հերթապահություն անում։ Կան նաեւ բավական մեծ թվով կամավորներ, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր ստորաբաժանումներ, որոնք համագործակցաբար հոգում են մեր քաղաքացիների այն հոգսերը, որոնք նեղ մասնագիտական լինելով՝ առողջապահության նախարարության տիրույթում չեն։

–Տեղաշարժի սահմանափակման առումով աշխատանքներ տարվո՞ւմ են։

–Իհարկե, իրացնում ենք նաեւ տեղաշարժի սահմանափակումների առնչությամբ մեր լիազորությունները։ Մարզում գործում է յոթ հսկիչ անցագրային կետ, եւ մենք մարզային ոստիկանության վարչության, ազգային անվտանգության ծառայության, ռազմական ոստիկանության մեր գործընկերների հետ փոխգործակցաբար աշխատանքների այդ մասն ենք իրականացնում։ Ինքս էլ, որպես մարզպետի ինստիտուտի ներկայացուցիչ, լիազորված եմ պարետատան ցուցումների վերահսկողությունն իրականացնել մարզում, նաեւ այդ պարտականությունն ենք իրականացնում։ Նաեւ պիտի մատնանշեմ մի շարք տնտեսավարողների, խոշոր գործարարների հետ մեր համագործակցությունը, մասնավորապես, սննդի մատակարարումը տարբեր խոցելի խավերի համար։ Դրվատանքով պիտի նշեմ Հրազդանի ցեմենտի գործարանին, որը երկու հարյուր ընտանիքի հոգս է իր վրա վերցրել, Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի մեր թեմը շուրջ հարյուր հիսուն ընտանիքի հոգս է ստանձնել, ինչպես նաեւ մի քանի հարյուր ընտանիքների հոգս հոգում են ամենատարբեր բարեգործական հիմնադրամներ, տնտեսավարողներ, առեւտրի մանր ու միջին ցանցեր ունեցող գործարարներ։

–Այն ընտանիքները, որոնց օգնություն է ցուցաբերվում, ի սկզբանե անապահո՞վ են եղել, թե՞ կարանտինի հետեւանքով աշխատանքն ընդհատածներն են։

–Երկուսն էլ. կան ընտանիքներ, որոնք եկամտի աղբյուրներ չունեն եւ նպաստառուների ցանկերով են վերհանված, այդ ընտանիքներին ենք առաջնային օգնություն ցուցաբերում, եւ կան նաեւ ընտանիքներ, որոնք այս կարանտինի հետեւանքով կորցրել են եկամտի աղբյուրները, դիմել են մեզ ամենատարբեր խողովակներով, եւ մենք հաշվառում ենք այդ ընտանիքներին, հնարավորինս ջանում օր առաջ լուծելու առաջին անհրաժեշտության, սննդի ու այլ կարիքներ։

–Այդ օժանդակությունը մտնո՞ւմ է կառավարության ներկայացրած՝ պետբյուջեի հաշվին ցուցաբերվող օգնության ցուցակի մեջ։

–Ոչ, այդ ցուցակից դուրս մնացածների մասին է խոսքս։ Բայց նաեւ կա կառավարության կողմից իրականացվող ծրագիր, որն ապրիլի 10—ից է գրանցումներն իրականացնելու։ Իսկ ապրիլի 16—ից կցուցաբերվի օգնությունը, այդ պարագայում հնարավոր եմ համարում, որ այն ընտանիքները, որոնց մենք սնունդօգնություն ենք տրամադրել տարբեր նախաձեռնությունների միջոցով, հավելյալ կկարողանան նաեւ այդ ծրագրերից օգտվել։ Բայց մենք հիմնական շեշտադրումն արել ենք այն ընտանիքների վրա, որոնք տարբեր չափորոշիչների չբավարարելով՝ չեն կարողանա օգտվել կառավարության առաջ քաշած ծրագրերից։

–Ունե՞ք տվյալներ քաղաքացիների տեղաշարժերի հետ կապված։ Օրինակ, շատ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիները չեն ենթարկվում չտեղաշարժվելու հորդորներին։

–Ինքս դրա ականատեսն եմ, քանի որ շատ անգամներ մեր հսկիչ անցագրային կետերում աշխատանքներին եմ հետեւում, խորհրդատվություն ենք անում մեր իրավապահ համակարգի ծառայողների հետ, եւ կարող եմ ասել, որ նմանատիպ դեպքերը շատ են, եւ կրկին խնդրում եմ մեր քաղաքացիներին՝ տանից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում։ Իսկ հսկիչ անցագրային կետերում, պարզապես ինքնանպատակ, պարզապես մի տեղից մյուսը տեղափոխվող մեր քաղաքացիներին ոստիկանության ծառայողները հորդորում են հետ վերադառնալ մշտական բնակության վայրեր, բացառապես ծայրահեղ անհրաժեշտ դեպքերի է թույլ տրվում հատել հսկիչ անցագրային կետերը։

–Տուգանքներ եղե՞լ են։

–Այո, արդեն մի քանի հարյուր վարչական ակտ մեր մարզում կիրառվել է։

–Գյուղատնտեսության ոլորտում ի՞նչ աշխատանքներ են տարվում։

–Գյուղատնտեսական աշխատանքների մասով ասեմ, որ հատուկ գրությամբ համայնքների ղեկավարներին հորդորել ենք անպայմանորեն աջակցել ֆերմերային տնտեսություններին եւ գյուղացիական կոոպերացիաներին ու անհատներին՝ գյուղատնտեսական աշխատանքները մեկնարկելու եւ ամբողջ ծավալով իրականացնելու համար։ Ինչպես նաեւ, ինքներս նույնպես կառավարության կողմից առաջարկվող գյուղացիական վարկավորման, կոոպերացիաների համաֆինանսավորման առումով բավական լուրջ ինֆորմացիոն արշավ ենք տարել եւ մեր համայնքների ղեկավարների հետ այս պահին աշխատանքներ ենք տանում, որպեսզի առավելագույնս մեծ մասշտաբով գարնանացանի աշխատանքներ իրականացվեն։ Կառավարության խողովակներով պարարտանյութերի ձեռք բերման հնարավորություններ ենք ստեղծել եւ իրազեկել ենք համայնքներին, թե ինչ պարարտանյութերի ձեռք բերմանը կարող ենք օժանդակել՝ հնարավորինս արտոնյալ գներ առաջարկելով։

Այսինքն, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի առումով առանձնահատուկ շեշտադրում ենք արել։ Պիտի նշեմ, որ «Կոտայք» ՋՕԸ-ն նույնպես ամբողջ ծավալով իրականացնում է գարնան նախապատրաստական աշխատանքները ոռոգման սեզոնին ընդառաջ, որպեսզի ոռոգման ջրի եւ ջրային համակարգերի առումով հավուր պատշաճի պատրաստ լինենք։

 

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]