Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Մարաղայի ջարդերից 28 տարի անց հայրենի գյուղ վերադառնալու հույսը դեռ ապրում է

Մարաղայի ջարդերից 28 տարի անց հայրենի գյուղ վերադառնալու հույսը դեռ ապրում է

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր՝ ապրիլի 10-ին, լրանում է Արցախի Մարաղա գյուղում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի 28-րդ տարելիցը։

Արցախի Մարտակերտի շրջանում (նախկին ԼՂԻՄ-ի տարածքում) գտնվող Մարաղան համարվում էր տարածքի ամենահարուստ և մեծ գյուղերից մեկը։ Գյուղում մի քանի գործարան էր գործում, զարգացած էր խաղողագործությունը։ Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի (Գանձակ, ներկայումս՝ Գյանջա) հայ բնակչության դեմ իրականացված ջարդերից հետո, փախստական դարձաց հայկական բնակչության մի մասը մեծ դժվարությամբ ապաստան էր գտել Արցախի սահմանային տարբեր գյուղերում, այդ թվում՝ Մարաղայում։ Ջարդերի ալիքներից հետո Ադրբեջանը ավելի մեծ մասշտաբների հարձակումներ սկսեց իրականացնել հայկական ուժերի, ինչպես նաև՝ խաղաղ բնակչության վրա։ Միայն ապրիլի 10-ի ջարդերի ժամանակ ադրբբեջանցիները մի քանի ժամվա ընթացքում սպանել և խոշտանգել են շուրջ 50 բնակչի՝ մեծամասամբ կանայք, ծերեր և երեխաներ, և շուրջ նույնքան մարդ էլ գերեվարվել է։ Հայկական կողմի ջանքերի շնորհիվ գերեվարվածների մեծ մասը հետագայում վերադարձվել են հայրենիք, այդուհանդերձ 19 մարդու ճակատագիր մինչ օրս անհայտ է։

Նախկին ԼՂԻՄ, իսկ անկախացումից հետո արդեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում տեղակայված Մարաղա գյուղը և նրա հարևանությամբ գտնվող Մարգուշևանը 1954 թ.-ից մինչ 1992 թ. միավորված էին Լենինավան անվան տակ՝ որպես այդ խորհտնտեսության (совхоз) մաս։ Ըստ 1989 թ. խորհրդային վերջին մարդահամարի տվյալների՝ Լենինավանն ուներ 5000 բնակիչ։ Բնակչության թիվն ավելի աճել էր Սումգայիթի, ապա նաև Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո, երբ հայ փախստականները հանգրվանել էին նաև այս գյուղում։ Չնայած հստակ տվյալներ չկան փախստականների թվաքանակի վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ նրանք բավական մեծ թիվ են կազմել, քանի որ ականատեսները նշում են, որ գյուղում առանձին թաղամաս էր կառուցվել նրանց համար։

1989 թ. սկսած Արցախի սահմանի ողջ երկայնքով տեղակայված ադրբեջանական զորամիավորումները մշտական հրետակոծության տակ էին պահում հայկական գյուղերը, ժամանակ առ ժամանակ տարբեր խմբերով հարձակումներ կատարում խաղաղ բնակչության վրա և ահաբեկում նրանց՝ իրականացնելով առևանգումներ և գողանալով նրանց պատկանող գույքը, գյուղի ֆերմաների անասուններին և այլն։

Մարաղան և Մարգուշևանը առաջին անգամ հարձակման թիրախ էին դարձել դեռ 1992 թ. փետրվարի 25-26-ին, երբ ադրբեջանական ստորաբաժանումները անընդհատ արկակոծում էին գյուղերը։ Այս ժամանակ արդեն գյուղացիների նախաձեռնությամբ ստեղծվել էին կամավորական ջոկատներ, որոնց ընդհանուր հրամանատար էր դարձել Ռոմա Կարապետյանը։ Վերջինս հիշում է, որ փետրվարի 26-ին կամավորական ջոկատների դիմադրության շնորհիվ կարողացել են կանխել ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը։ Լարվածությունը շարունակվել է մինչև ապրիլի 10, երբ կամավորական ջոկատների ուղղությամբ հարձակում իրականացրել են ոչ միայն ՊՆ, այլ ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները (ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ)։

Ապրիլի 10-ի հարձակման առաջին 2 փորձերը հայկական ինքնապաշտպանական ջոկատները կարողացել են կասեցնել և կրկին կանխել ադրբեջանցիների մուտքը գյուղեր։ Լարվածության աճով պայմանավորված, գյուղի բնակիչների մեծ մասը լքել էր Մարաղան՝ ապաստանելով հարևան այլ բնակավայրերում։ Ըստ ականատեսների՝ հարձակման օրը գյուղում 118 բնակիչ էր մնացել, որոնք էլ խմբերով թաքնվել էին իրենց իսկ պատրաստած ընդհատակյա ապաստարաններում։

Ապրիլի 10-ի գլխավոր հարձակումը տեղի ունեցավ կեսօրից հետո, սակայն այս անգամ հայկական ինքնապաշտպանական ուժերը ի զորու չէին դիմակայել. ադրբեջանական կողմը հարձակումը կազմակերպել էր ոչ միայն ՊՆ և ՕՄՕՆ-ի զինվորների, այլ նաև զրահատեխնիկայի, այդ թվում՝ տանկերի ուղեկցությամբ, որին ի պատասխան հայկական ուժերը չունեին ո՛չ զինամթերք, ո՛չ մարդկային ուժ, ուստի նահանջն անխուսափելի էր։

Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Ռոմա Կարապետյանի վկայությամբ՝ զրահատեխնիկան գյուղի փողոցներում շրջել է մոտ 1-2 ժամ, իսկ գյուղը, ընդհանուր առմամբ, մինչև երեկո է մնացել ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Նշված ժամանակահատվածը, այդուհանդերձ, բավարար էր ադրբեջանցի ջարդարարների համար տեղի հայկական խաղաղ բնակչությունը կոտորելու, տները վառելու, դիակները խեղելու և մարդկանց ողջակիզելու համար։

Թե՛ ինքնապաշտպանության ջոկատի ղեկավարը, թե՛ կամավորները նշում են, որ ներխուժումից հետո, երբ իրենք ստիպված էին բարձրանալ գյուղից մոտ 100 մետր հեռավորության վրա և պաշտպանությունն այդտեղից իրականացնել, նկատել են ոչ միայն զենքերով, այլ՝ սրերով (ըստ ականատեսների՝ յաթաղան հիշեցնող) զինված ադրբեջանցի զինվորների։ Հաջորդ օրը առավոտյան, երբ հայկական ուժերը ազատագրեցին Մարաղան, նկատեցին, որ բնակիչների դիակների վրա ադրբեջանցի զինվորները սրերով խաչեր են նկարել։

Մարաղայի կոտորածի ժամանակ ադրբեջանական ուժերին հաջողվել էր գյուղից մոտ 50 բնակչի պատանդ տանել։ Պատանդների շարքում գերակշռում էին կանայք և երեխաները։ Նրանց վերադարձնելու գործընթացը բավական բարդ և երկար է տևել։ Այս գործում մեծ ներդրում է ունեցել այդ ժամանակ ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի փորձագետ Լարիսա Ալավերդյանը, որի ակտիվ գործունեության շնորհիվ կազմակերպվել է գերիների վերադարձը և հավաքագրվել են նրանց հիշողությունները։

Ականատեսների վկայություններից մեկում նշվում է, որ Մարաղայի բնակիչներ Ռազմիկ և Սվետա Մովսիսյան ամուսինները պատանդ էին տարվել Միրբաշիր, որտեղ բանտապետի տեղակալը նրանց կապել էր շների պես և ստիպել չորեքթաթ տեղաշարժվել։

Մարաղայի խաղաղ բնակչության վրա հարձակումն իրականացրած ջոկատներից շատերի հրամանատարները, զորաջոկատների անդամները գործողությունից անմիջապես հետո պարգևատրվել են, զգալի մասը՝ արժանացել արդեն անկախ Ադրբեջանի «Ազգային հերոսի» կոչման։ Նմանատիպ մարդկության դեմ գործված հանցագործություններում, եթե անգամ բարդ է ապացուցել պետության անմիջական ներգրավվածությունը կազմակերպման գործում, այդուհանդերձ, փաստը, որ ապրիլի 10-ի ռազմական գործողությունը կազմակերպած և իրականացրած անձինք արժանացել են պետական պարգևների, առնվազն ցույց է տալիս նմանօրինակ քայլերը խրախուսելուն միտված Ադրբեջանի պետական քաղաքականությունը և պետության պատասխանատվությունը այդ ցեղասպանական ակտի համար։

Մարաղան ադրբեջանական վերահսկողության տակ անցավ 1992 թ. հունիսին՝ ադրբեջանական ուժերի լայնամասշտաբ հարձակման ժամանակ։ Ներկայումս այնտեղ տեղակայված է Ադրբեջանի զինուժի ստորաբաժանում։ Մարաղայի նախկին բնակիչների մի մասը ստիպված եղավ արտագաղթել, իսկ շատերը բնակություն հաստատեցին պատերազմից հետո հիմնված Արցախի Հանրապետության Նոր Մարաղա գյուղում՝ հայացքը սևեռած դեպի իրենց հայրենի բնօրրանը։

Լյուսի Պողոսյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ