1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքում բարելավվել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մակարդակը. դատախազ

Գեղարքունիքում բարելավվել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման 
մակարդակը. դատախազ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի դատախազությունը մանրամասն վերլուծում է մարզում կատարված հանցագործությունները, դրանց շարժառիթները և բացահայտմանը խոչընդոտող հանգամանքները։ Դատախազության ուշադրությունը կենտրոնացած է հանցավոր ենթամշակույթի դրսևորումների բացահայտման, նման դեպքերով քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ որակյալ հսկողություն իրականացնելու վրա: Մարզում հանցավորության վիճակի, ապագա ծրագրերի և  այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ։
-2019 թվականին Գեղարքունիքի մարզում հանցագործության քանի դեպք է գրանցվել:  Գրանցված դեպքերից, որոնք են բացահայտվել: Նախորդ տարիների համեմատությամբ հանցագործությունների բացահայտման ինչպիսի դինամիկա է առկա, մասնավորապես որ տեսակի հանցագործություններն են ավելի շատ գրանցվել և ինչ քայլեր են ձեռնարկվում դրանք նվազեցնելու ուղղությամբ:
-2019թ. ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 163 դեպքով կամ 18,1 տոկոսով: Մասնավորապես, գրանցվել է 1066 դեպք: Եթե ըստ ծանրության աստիճանի դիտարկենք, ապա  իբրև մարզի դատախազ՝ ինձ համար առավել ուրախալի է, որ 44,4 տոկոսով նվազել են առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, ընդ որում՝ 50 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված դեպքերը: Փոխարենը անհանգստացնող է ծանր հանցագործությունների 69,3 տոկոսով և միջին ծանրության հանցագործությունների 27,6 տոկոսով աճը: Այսինքն` կարելի է նկատել, որ հանցագործությունների աճը մեծամասամբ տեղի է ունեցել ծանր և միջին ծանրության հանցագործությունների հաշվին: Եթե ըստ հանցագործության տեսակների դիտարկենք, ապա մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2018 թվականի համեմատ նվազել են 33,8 տոկոսով: Ընդ որում՝ 3-ով կամ 60 տոկոսով նվազել են սպանության դեպքերը, 66,7 տոկոսով՝ սպանության փորձի, 28 տոկոսով դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: 
Շարունակել է մտահոգիչ մնալ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի աճը՝ 48,7 տոկոսով, այդ թվում մահվան ելքով դեպքերը՝ 4-ով կամ 17,4 տոկոսով: Հատկանշական է, որ խուլիգանության դեպքերը նվազել են 9-ով կամ 64,3 տոկոսով:
Պետք է փաստեմ, սակայն, որ վիճակագրական տվյալների զանգվածում առանձին հանցատեսակների աճը պայմանավորված է իրավապահ մարմինների համակարգված ու համագործակցված աշխատանքի արդյունքով. դրանք վերաբերում են հատկապես լատենտային բնույթ կրող հանցագործություններին, մասնավորապես, կոռուպցիոն դեպքերին, թմրանյութերի ապօրինի իրացմանն ու շրջանառությանը և այլն:
Ինչ վերաբերում է հանցագործությունների բացահայտման ցուցանիշներին, ապա, ընդհանուր առմամբ, այն կազմում է 59 տոկոս, որի առումով ևս որոշակի բացասական դինամիկա ունենք: 
Սպանության 3 դեպքից բացահայտվել է 1-ը, իսկ 2-ը դեռևս չենք կարողացել բացահայտել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի լողափում բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում Սահակ Ս.ի դին հայտնաբերելու և Նորատուս գյուղի բնակիչ Գուրգեն Հ.-ի սպանության դեպքերին: Բացահայտվել է Սևանի թերակղզու տարածքում ավտոմեքենայի հետևի նստատեղի վրա, գլխի շրջանում ջնջխված վերքերով Գյումրի քաղաքի բնակիչ Ժորա Մ.-ի դին հայտնաբերելու դեպքը, որով նախաքննությունը կատարվել և ավարտվել է ՀՀ քննչական կոմիտեում:
Որոշ դրական արդյունքներ ունենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման դեպքերի բացահայտման առումով, առաջինի դեպքում 2.7, երկրորդի դեպքում 27.8 տոկոսային կետով: 
Հանցագործությունների բացահայտման արդյունքների դիտարկումը ցույց է տալիս, որ մտահոգիչ են մնում չբացահայտված սպանության, մահվան ելքով ՃԵԿ-ի խախտման և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, հատկապես բնակարանային գողությունների դեպքերը: Դրանց ուղղությամբ համակարգված և նպատակային միջոցներ ձեռնարկելու համար իմ կողմից միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին և ՀՀ ՃՈ տարածքային ստորաբաժանման հրամանատարին: Գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացվելու է հանցագործությունների աճի, բացահայտման ցուցանիշների նվազման համապարփակ և խորքային ուսումնասիրություն՝ ըստ ճյուղերի, պատճառների, որոնց արդյունքում կգործադրվեն համարժեք դատախազական ներգործության միջոցներ:
Մարզում պաշտոնեական դիրքի չարաշահման ի՞նչ դեպքեր են գրանցվել: Կարո՞ղ եք դեպքերից մի քանիսն առանձնացնել:
-Նախ՝ ուզում եմ նշել, որ հանցագործության դեպքերի աճը որոշ չափով պայմանավորված է օպերատիվ ստորաբաժանումների կողմից կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերմամբ: Այսինքն` այս դեպքում արձանագրվող հանցագործությունների աճը դրական ցուցանիշ պետք է համարել, որովհետև դրանք բացահայտման արդյունք են:  
2019 թվականի ընթացքում գրանցվել է կոռուպցիոն հանցագործությունների 155 դեպք՝ 2018 թվականի 114 դեպքի դիմաց: Այսինքն, ունենք դեպքերի կամ որ այս դեպքում նույնն է՝ բացահայտման աճ 41-ով կամ 26,4 տոկոսով: 
Նախորդ տարվա ընթացքում 9 քրեական գործ՝ 12 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկել ենք դատարան: Այդ գործերից հարկ է առանձնացնել Մադինա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացման դեպքը: ՀՀ հողօգտագործողներին 2016 թ. գյուղատնտեսության աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության պետական ծրագրի շրջանակներում 2016 թ. ապրիլ-մայիս ամիսներին Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքին մատակարարվել է 100 տ ազոտական պարարտանյութ` ընդհանուր 12 միլիոն ՀՀ դրամ արժողության, և 3 տոննա գարնանացան գարու սերմացու` 390 հազար ՀՀ դրամ արժողության, որն ստացել է Մադինա համայնքի ղեկավարը: Արդյունքում գյուղացիներից հավաքագրված ընդհանուր մոտ 13 միլիոն ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափի գումարը յուրացման եղանակով հափշտակվել է: Պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է նրա կողմից և վերջինս պատժից ազատվել է համաներման մասին օրենքի կիրառման հիմքով: 
Մեկ այլ քրեական գործով Արծվանիստ համայնքի ղեկավարը մեղադրվել է մոտ 7.5 միլիոն ՀՀ դրամ գույքի յուրացման համար, որով վնասն ամբողջությամբ վերականգնվել է, և գործի վարույթը կարճվել է համաներման մասին օրենքի կիրառման հիմքով:
Կոռուպցիոն 67 գործի նախաքննությունը տեղափոխվել և շարունակվում է 2020 թվականին: 
Վարույթում քննված քրեական գործերի վիճակագրական տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ նախորդ տարվա համեմատ 2019 թ. ընթացքում քննվել է 56,4 տոկոսով կամ 75 քրեական գործով ավելի, ինչն ինքնին խոսում է այս ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների կողմից կատարվող շատ լուրջ, հետևողական և համակարգված աշխատանքի արդյունավետության մասին:
Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերն առավելապես արձանագրվել են տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից հիմնականում յուրացումներ և վատնումներ կատարելու փաստերով: Մասնավորապես, կարող եմ նշել Սարուխանի գյուղապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից տրանսպորտային միջոցների գույքահարկի հավաքագրված՝ առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման դեպքի բացահայտման մասին, որով համայնքին պատճառված 37 միլիոն դրամն ամբողջությամբ վերականգնվել է: 
Բացի այդ, արձանագրվել են նաև սոցիալական ապահովության, կրթության, առողջապահության և փոստային ծառայության ոլորտներում նույնպես յուրացումներ և վատնումներ կատարելու փաստեր: Մասնավորապես, մեկ այլ գործով բացահայտվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության իրավասու պաշտոնատար անձանց կողմից շուրջ 200 մլն դրամ պետական միջոցներ խարդախությամբ հափշտակելու դեպքը, որով նախաքննությունը շարունակվում է: 
Ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված 5.5 միլիոն դրամ վնասից հաջողվել է վերականգնել 4.5 միլիոն դրամը, ինչը կարծում եմ՝ վատ ցուցանիշ չէ:
- Դատախազությունը ապօրինի ձկնորսության դեմ պայքարում ինչ քայլեր է ձեռնարկում: Կան արդյոք հարուցված քրեական գործեր և ինչ փուլում են գտնվում: Որոնք են այս բնույթի գործերով քննությունների հիմնական խնդիրները: 
-Այս խնդիրը մշտապես մեր ուշադրության ներքո է: 2019 թվականին մարտին իմ նախաձեռնությամբ մարզի դատախազությունում մարզպետի տեղակալի, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետի, ոստիկանության տարածքային բաժինների պետերի, ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչության պետի, Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ օպերատիվ խորհրդակցություն անցկացվեց, որի օրակարգային հարցերից մեկը հենց ապօրինի ձկնորսության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները և համատեղ իրականացվելիք գործողությունները քննարկելն էր: 
Պետք է նշել, որ այս պայքարում առկա են օբյեկտիվ որոշ բարդություններ, որոնք չենք կարող անտեսել: Մասնավորապես, քրեական գործերը հարուցվում են արդեն իսկ որսված ձկան տեղափոխման կամ վաճառքի կետերում հայտնաբերման փաստերով: Նման պայմաններում քրեական գործերով դժվար է հայտնաբերել ապօրինի ձկնորսություն կատարած անձանց: Այդ պատճառով է, օրինակ, որ հարուցված քրեական գործերից 49-ով վարույթները կասեցվել են՝ որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձը հայտնի չլինելու պատճառով: Այս հանգամանքը, իհարկե, մտահոգիչ է և վկայում է «Սևան ազգային պարկի», ոստիկանության ու բնապահպանության համապատասխան աշխատակիցների կողմից ոչ արդյունավետ աշխատանքի մասին: 
Նշածս խորհրդակցության ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների ուշադրությունը նաև այդ հանգամանքի վրա է հրավիրվել: Իմ կողմից հանձնարարվել է նաև բնակչության շրջանում տանել բացատրական աշխատանքներ:
Կարծում եմ, մասամբ նաև դրա արդյունքն է, որ 2019 թվականին ապօրինի ձկնորսության փաստերով ավելի շատ քրեական գործեր են հարուցվել: Եթե 2018 թվականի ընթացքում ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 15 քրեական գործ, ապա 2019թ.՝ 57: Նախորդ տարի 2 անձի վերաբերյալ 2 գործ է մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: 
- 2019թ. քանի՞ արդարացման դատավճիռներ են գրանցվել: Որո՞նք են այդ դեպքերը: Արդյոք բողոքարկվե՞լ են վերադաս ատյաններ:
-2019 թվականի ընթացքում արդարացման դատավճիռ է կայացվել 1 քրեական գործով՝ 2 անձի նկատմամբ: Մասնավորապես, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալներ Սերգեյ Ստեփանյանի և Բաբկեն Սարգսյանի անմեղությունը: Նրանք մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից անձի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանության մեղսագրվող արարքում: Նշված գործով մեղադրողի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել: Պետք է նշեմ, որ արդարացման դատավճիռների առումով իրավիճակը չի տարբերվում նախորդ՝ 2018 թվականից:
- Մարզի տարածքով է անցնում միջպետական Երևան-Սևան մայրուղին և առանձին սեզոնների երթևեկությունը բավականին խտանում է ու առաջանում են վթարային իրավիճակներ: Արդեն նշեցիք, որ այս ուղղությամբ ևս հանցագործությունների աճ է արձանագրվել: Ինչո՞վ եք հիմնականում դա բացատրում և ի՞նչ աշխատանք է տարվում դրանց դեմ: 
-Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ուսումնասիրվել և ամփոփվել է 2019թ. ընթացքում ՃԵԿ խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման վիճակը: Ամփոփմամբ պարզեցինք, որ ՃԵ կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերն աճել են 37-ով կամ 48,7 տոկոսով (2018թ.՝ 76, իսկ 2019թ.՝ 113 դեպք), այդ թվում մահվան ելքով դեպքերը, ինչպես արդեն նշեցի, աճել են 4-ով կամ 17,4 տոկոսով (2018թ.՝ 23, իսկ 2019թ.՝ 27): 
Ըստ վարչական տարածքների՝ վերլուծվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքերը, կազմվել է համապատասխան քարտեզ, առանձնակի ուշադրություն է դարձվել կրկնվող դեպքերին:
Մեր կողմից միջնորդագիր է ուղարկվել ՀՀ ՃՈ տարածքային ստորաբաժանման հրամանատարին: Պահանջվել է կազմակերպել գործուն միջոցներ ՃԵԿ խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ, առանձնակի ուշադրություն դարձնել այն ճանապարհահատվածներին, որտեղ դեպքերը կրկնվում են, վեր հանել ՃԵԿ-ի խախտմանը նպաստող հանգամանքները և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ: Պահանջվել է ակտիվացնել գործակցությունը ՀՀ ոստիկանության մյուս ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Հուսանք՝ կձեռնարկվեն առարկայական կոնկրետ միջոցառումներ և այս ոլորտում կունենանք բարելավում: 
 
-Հայտնի է, որ մարզի բնակչությունն աչքի է ընկնում ակտիվ արտագնա աշխատանքի մեկնելով և թերևս նրանց բնակարանների անձեռնմխելիության հետ կապված ռիսկերն ավելանում են: Թերևս նաև դրանով է պայմանավորվում բնակարանային գողությունների կրկնակի աճի հանգամանքը, չնայած նրան, որ նախորդ տարի դատախազության կողմից դրա դեմ պայքարին միտված քայլեր էին նախաձեռնվել: Արդյոք կարելի՞ է ասել, որ դրանք արդյունավետ չեն եղել և ի՞նչ լրացուցիչ միջոցառումներ են նախատեսվում այս տարվա համար:  
-Իսկապես, բնակարանային գողության 80 դեպքից չի բացահայտվել 69-ը: Բացահայտումը կազմել է 13,8 տոկոս, ինչը, մեղմ ասած տխուր ցուցանիշ է: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ 2019 թ. արդյունքներով կոնկրետ միջոցառումներ իրականացնելուն ուղղված միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետին: 
Խնդիր է դրվել կազմակերպել համապատասխան օպերատիվ-հետախուզական գործուն միջոցառումներ չբացահայտված բնակարանային գողության դեպքերով հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ, ինչպես նաև իրազեկել հաճախակի և տևական ժամանակով իրենց բնակարաններից բացակայող անձանց, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն իրենց բնակարանների անձեռնմխելիությունը բարձրացնելու համար՝ տեսախցիկների, ահազանգման համակարգերի, ճաղավանդակների, որակյալ փականների տեղադրում և այլն: Պահանջվել է հանձնարարել նաև, որպեսզի ոստիկանության աշխատակիցներն ավելի ակտիվացնեն կանխարգելիչ միջոցառումները, ապահովվի արդյունավետ գործակցություն քննչական մարմնի հետ: Նկատի ունենալով, որ մարզի գրեթե բոլոր բնակավայրերում, հատկապես ճանապարհահատվածներում, տեղադրված են տեսախցիկներ՝ հանձնարարվել է գույքագրել ավտոճանապարհների հատվածները տեսանկարահանող տեսախցիկները և միջոցներ ձեռնարկել ճանապարհահատվածները լրիվ ծավալով տեսանկարահանումն ապահովելու համար:
Բացի այդ, հաշվի առնելով, որ համայնքային իշխանությունները ակտիվ ներգրավված չեն այս պրոցեսում, առաջարկել եմ Գեղարքունիքի մարզպետին՝ համայնքների ղեկավարների հետ քննարկել քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների  և լուսավորության բացակայության ծավալները գույքագրելու, քաղաքային և գյուղական համայնքների բյուջեներում շենքերն անվտանգության համապատասխան տեխնիկական միջոցներով կահավորելու համար ֆինանսական ռեսուրսներ նախատեսելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու հարցերը, և քննարկման արդյունքների մասին հայտնել: 
Պետք է նշեմ, որ նախորդ տարի որոշակի ձեռքբերումներ ունեցանք բնակարանային գողությունների բացահայտման տեսանկյունից, ինչը, կարծում եմ՝ կարող է նախադրյալներ ստեղծել հետագայում այս բնույթի հանցագործությունների դեպքերի նվազման համար: Խնդիրն այն է, որ մի քրեական գործի քննության շրջանակներում բացահայտվեց Գեղարքունիքի տարածքի բնակավայրերից կատարված թվով 22 գողության դեպք, որոնցից 13-ը՝ բնակարանից, իսկ 9-ը՝ շինությունից կամ պահեստարանից:
Օգտվելով առիթից՝ կոչ ենք անում ազգաբնակչությանը՝ սեփական բնակարանների, առանձնատների անձեռնմխելիությունն ու անվտանգությունն ապահովելու միտված քայլեր ձեռնարկել, համագործակցել մարզի իրավապահ մարմինների հետ:
- Որո՞նք են 2020 թվականին Գեղարքունիքի մարզի դատախազության առաջնային քայլերը, ինչ ուղղության վրա է հիմնական աշխատանքը տարվելու:
 
-2020 թվականին Գեղարքունիքի մարզի դատախազության առաջնային քայլերը բնակարանային գողությունների կանխարգելման և բացահայտման, ապօրինի ձկնորսության և ծառահատումների դեմ շարունակական պայքարի ու պետական շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացումն է, կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը:
Բացի այդ, խնդիր է դրվել շոշափելիորեն ակտիվացնել պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանը հասցված վնասների հայտնաբերման, վերականգնման, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով պետությանը և համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը: Շեշտը դրվելու է նաև ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների կամ այլ գույքի վերհանման, քողարկման մեխանիզմների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանն ուղղված հանձնարարություններ տալու վրա։ Հանցավորության դեմ պայքարի առումով հիմնական խնդիրը լինելու է 2019թ կատարված սպանության, սպանության փորձի, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ինչպես նաև հրազենի գործադրման դեպքերով հարուցված քրեական գործերով մանրամասն վերլուծությունների կատարումը՝ հանցագործությունները ծնող պատճառների, չբացահայտված գործերով բացահայտմանը խոչընդոտող հանգամանքների վերհանման և չեզոքացման նպատակով:
Մեր հիմանական ուշադրությունը նաև կենտրոնացած է լինելու հանցավոր ենթամշակույթի դրսևորումների բացահայտման, նման դեպքերով քրեական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական որակյալ հսկողություն իրականացնելու վրա:
Կարեն Խաչատրյան

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]