Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել են Ավագ Հինգշաբթիի արարողությունները

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել են Ավագ Հինգշաբթիի արարողությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն ապրիլի 9-ին՝ Ավագ Հինգշաբթիի խորհրդական օրվա կապակցությամբ Սուրբ Գայանե վանքում մասնակցել է վաղ առավոտյան կատարվող Ապաշխարողաց կարգին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջից։

«Այնուհետև Միջօրեի ժամերգությունից հետո մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը, ով նաև Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց Սուրբ Բարսեղ Կեսարացու`«Սուրբ Հաղորդության մասին» հայտնի ճառը:

Նույն օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվեց Ոտնլվայի կարգը: Այս առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ դուրս էր բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը։ Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծնկի գալով, լվաց և յուղով օծեց Մայր Աթոռի միաբաններ՝ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Հոգեշնորհ Տ. Մինաս աբեղա Հախվերդյանի և Բարեշնորհ Արամայիս սարկավագ Սողբաթյանի ոտքերը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը սրբի մասունքով օրհնեց հայրենի երկիրը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդին՝ հայցելով Հայոց Եկեղեցու մեծ աղոթողի բարեխոսությունը համավարակի այս ծանր իրավիճակի դիմագրավման համար» ասվում է հաղորդագրության մեջ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ