Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Արցախում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի ևս 2 դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում ևս երկու անձի մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը եղել է դրական. դեպքերի թիվը հասել է 3-ի:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Այսօր թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի թեստավորման արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից:

Այդ քաղաքացին ևս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստանի Հանրապետություն»,-հայտնում են նախարարությունից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այստեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում:
Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

Նախարարությունը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին:

Աննա Գրիգորյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ