Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածություն»-ը դարձյալ առաջատար է. հայ գրականություն. մարտ, 2020

«Երևանյան բեսթսելեր». «Կախվածություն»-ը դարձյալ առաջատար է. հայ 
գրականություն. մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում, ամսագրերում հրապարակված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը երկրորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր ունեն մեր կարիքը, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:

Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը երրորդ հորիզոնականում է: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող  զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:

Չորրորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Սա անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Հինգերորդ տեղում է Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…

Վեցերորդ տեղում է Հարութ Կբեյանի «Լոտո»-ն: Այս վեպը հեղինակը սկսել է գրել 2010 թվականին, ավարտին է հասցրել 10 տարի անց։ Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և նաիրյան երկրի նախագահը։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցանակը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ է ընծայելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։

Յոթերորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրքի անոտացիայում գրում է Նիկոլ Փաշինյանը:

Ութերորդ հորիզոնականում է Վարդգես Պետրոսյանի «Ես արդեն մեծացել եմ, մայրիկ» գիրքը: Սերունդների բախումը անխուսափելի է բոլոր ժամանակներում: Խնդիրն ավելի է սրվում, երբ դեռահասները օր առաջ շտապում են կյանքում ինքնահաստատվել ու գործել ինքնուրույն. նրանց թվում է, թե ծնվել են, որպեսզի աշխարհը փոխեն: Գրքի վերջում հեղինակը գրում է. «Գիտեմ, կասեն նաև, որ տասնյոթ տարեկանում քչերն են այդ բաների համար թողնում իրենց տունը, հետո գուցե նույնիսկ պնդեն. «Եթե գիտես այդպիսի մարդ, ասա անունը, հասցեն»: Ես կասեմ՝ անունը երիտասարդություն է, իսկ հասցեն՝ կյանքը: Հետո կասեմ՝ գրականությունը հասցեների սեղան չէ»:

Իններորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» : Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Ամսվա ամենաշատ վաճառվածների տասնյակը եզրափակում է Էդգար Կոստանդյանի «Միլոշ» վեպը: Գրող, դրամատուրգ, միջազգային «Ինտերրայթ» և «Եվրոփեն» մրցույթների հաղթող Կոստանդյանի այս վեպը բավականին պարզ ծանոթագրություն ունի. «Վեպ անցած-գնացած ուրախությունների մասին»:

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Սյունե Սևադա

«Կախվածություն»

Էջ 146
2 *

Արմեն Նիազյան

«Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»

հեղ.հրատ 50
3 +1

Տա Թևեր

«731 օր քեզ համար»

հեղ.հրատ 48
4 +2

Լևոն Նես

«Բալզակ. մի շան պատմություն»

Զանգակ 34
5 -3

Վարդգես Պետրոսյան

«Վերջին ուսուցիչը»

Դարակ 33
6 -3

Հարութ Կբեյան

«Լոտո»

Newmag 32
7 +2

Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»

Անտարես 27
8 -3

Վարդգես Պետրոսյան

«Ես արդեն մեծացել եմ, մայրիկ»

Դարակ 21
9 *

Դավիթ Սամվելյան

«Ռոդենի ձմեռը»

Էդիթ Պրինտ 17
10 *

Էդգար Կոստանդյան

«Միլոշ»

Գրատուն 13



Այս թեմայով


https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ