1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները

Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին: Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 թ. հունվարի 1-ից հետո ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող այն անձինք, ովքեր` 2019 թ.-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, 2019 թ.-ին հանդիսացել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք և «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունեցել են հարկերից ազատման արտոնագիր, 2020 թ. հունվարի 1-ից հանդիսանում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ և 2019 թ.-ին չեն հանդիսացել սույն մասի առաջին և երկրորդ կետում նշված անձ, ինչպես նաև հաշվառված չեն եղել որպես անհատ ձեռնարկատեր։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով։

Անկախ հավելվածի երրորդ մասով սահմանված դրույթների, շահառու հանդիսացող անձանց տրամադրվում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով, եթե՝ շահառու անձինք 2020 թ. ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ՊԵԿ-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ունեն ներկայացված հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման հայտ, սակայն ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում դեռևս ակտիվացված նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենա  չունեն, հանդիսանում են սույն հավելվածի երկրորդ մասի երրորդ մասով սահմանված շահառու հանդիսացող անձ։ Շահառու հանդիսացող անձանց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառություն է համարվում ՀՀ ՊԵԿ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում շահառու հանդիսացող անձի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված հասույթների և ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում առկա նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ֆիսկալային հասույթների հանրագումարը։

Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝ որոնց կողմից 2020 թ. առաջին եռամսյակի ընթացքում մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների իրացման շրջանառությունը գերազանցել է 6 մլն դրամը, ովքեր 2020 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել են երկու և ավելի աշխատակից և ովքեր հանդիսանում են այլ միջոցառման շահառու։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է. «Մեր հակաճգնաժամային այս միջոցառումներն ունեն օպերատիվ, ընթացիկ բնույթ, բայց մեր որոշումների մեջ կա մի կարևոր առանձնահատկություն: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդ որոշումներն ունենան ռազմավարական կոմպոնենտ, որը կապ ունի մինչև այժմ մեր վարած քաղաքականության և ապագային միտված մեր քաղաքական պատկերացումների հետ»:

Վարչապետի խոսքով՝ միկրոբիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք պարտաճանաչ արձանագրել են իրենց կատարած առևտուրը հսկիչ դրամարկղային կտրոնների  միջոցով,  ավելի շատ աջակցություն կստանան, իսկ ովքեր ՀԴՄ կտրոն չեն թողարկել, այս ծրագրով որևէ աջակցություն չեն ստանա: «Բոլոր 10 միջոցառումների մեջ, մենք հաշվի ենք առնում սոցիալական, տնտեսական և ռազմավարական կոմպոնենտը, որովհետև այս շրջանում սրանով մենք պետք է առավելագույնս խրախուսենք տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք նախաճգնաժամային ժամանակաշրջանում աչքի են ընկել իրենց օրինապահ կեցվածքով և գործելակերպով: Եվ մեր բոլոր միջոցառումներում, ըստ էության, այսպիսի կոնտեքստ կա: Իհարկե, սոցիալական բաղադրիչում միշտ չէ, որ դա հաշվի է առնվում, որովհետև սոցիալականը մի քիչ ուրիշ  տրամաբանություն ունի»,-ասել է կառավարության ղեկավարը:

 

 Մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը կհետաձգվի 1 տարով

Գործադիրը հավանություն է տվել 2019 թ. դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ, 2014 թ. մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացել է նաև Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագներին: Երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով՝ ՀՀ-ն 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրել է՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին: Հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ Միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել ևս մեկ տարով։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պայմանագրով սահմանված 2020 թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը հետաձգել մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն վերաբերում է մի շարք պարենային և արդյունաբերական  ապրանքների, որոնց գինը միջինում 3 տոկոսով կնվազի այս արձանագրության ուժի մեջ մտնելու պահից: Այդ ապրանքներն են՝ միս, կարագ, բրինձ, ձեթ, մարգարին, ծխախոտի հումք, պարարտանյութ, մի շարք դեղագործական արտադրանքներ և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ որոշումների կարևորությունը հատկապես այս օրերին, երբ որոշակի գնաճային ճնշումներ են նկատվում շուկայում: Վարչապետը ՏՄՊՊՀ  նախագահ Գեղամ Գևորգյանից հետաքրքրվել է այսօր շուկայում առկա  իրավիճակով: 

ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ Երևանում և հանրապետության մարզերում իրականացվող ամենօրյա մոնիթորինգի արդյունքներով ամենաշատ սպառման ենթակա ապրանքային շուկաներում այսօր արդեն դիտվում է գների նվազման որոշակի միտում: «Այսինքն՝ ոչ թե համեմատած փետրվարի, այլ մարտ ամսվա ընթացքում, երբ գինը փոքր- ինչ բարձրացել էր, սկսել է արդեն նվազել: Գների աճման միտումը 1-4 տոկոսի սանդղակում  է, և գների կտրուկ բարձրացում կոնկրետ ապրանքատեսակների մասով տեղի չի ունեցել: Մենք համեմատություն ենք արել 2018 թ.-ի նուն ժամանակահատվածի հետ կոնկրետ այդ ապրանքատեսակների մասով  և ունենք հետևյալ պատկերը, օրինակ՝ շաքարավազն այս տարվա փետրվարին եղել է 230, ապրիլի 8-ի դրությամբ դարձել է 255 դրամ, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածում 1 կգ շաքարավազն արժեցել է 338 դրամ»,-ասել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ նույն պատկերն է նաև այլ ապրանքների, մասնավորապես՝ կարագի,  դիզվառելիքի, առումով: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ այս թվերը ցույց են տալիս, որ շուկայում կա մրցակցություն, ինչի արդյունքում  գնանկում է նկատվում: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ.-ին և 2020 թ.-ի առաջին երկու ամիսներին  բազմաթիվ ուղղություններով գնանկում է եղել, և դա պետք է արձանագրել այսօրվա գնաճի մասին խոսելիս: «Իհարկե, մենք ամենօրյա ռեժիմով քննարկում ենք, և  այստեղ պետք է ուշադիր լինել հատկապես մարզային խանութների և ոչ ցանցային առևտրի կետերի և խանութների նկատմամբ: Մենք մոնիթորինգ ենք իրականացնում հիմնականում ցանցային խանութներում, բայց դրանից դուրս կարող են տեղի ունենալ երևույթներ, որոնք տնտեսապես արդարացված չեն, և մենք պետք է ուշադիր լինենք դրանց նկատմամբ:

Իհարկե, կառավարությունը և պետական մարմինները պետք է ուշադիր լինեն գների նկատմամբ, բայց դա նաև պետք է բավականին ճշգրիտ անել: Եթե հանկարծ փորձենք արհեստական միջամտություն անել գների նկատմամբ, մենք շուկայում կունենանք դեֆիցիտ, որովհետև ուղղակի մարդիկ, գործարարները կդադարեն ապրանքներ ներկրել: Եվ այստեղ կա երկու եզր՝ առաջինը, որ արհեստական միջամտություն չլինի, և երկրորդ՝ իրավիճակից գերշահույթներ ստանալու երևույթներ չլինեն:

Ես ուզում եմ կրկին հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն այն փոքրաթիվ երկրներից  էր և երկրներից է, որտեղ խանութների դատարկ ցուցափեղկերի երևույթներ չեն նկատվել: Այսօր կան այդպիսի երևույթներ նույնիսկ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներում», -ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկումը կարևորել է հատկապես գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի առումով: Նշվել է նաև, որ անցած գիշեր, չնայած ցրտահարության վտանգին, էական վնասների մասին տեղեկություններ այս պահին չկան:

 

Կհիմնանորոգվեն պետական նշանակության ավտոճանապարհները

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընդհանուր առմամբ որոշմամբ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 33.7 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 10.0 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 17.7 կմ և մարզային նշանակության ավտոճանապարհներ` 6 կմ: Ըստ այդմ՝ առաջարկվում է 4.1 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» կատարումն ապահովվելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ 4.1 մլրդ դրամից 3.7 մլրդ դրամն անհրաժեշտ է 2019 թ. իրականացված, ինչպես նաև անավարտ շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության համար, 73.9 մլն դրամը` նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական աշխատանքների համար, և 353.4 մլն դրամը` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշ ճանապարհների մասով, անհրաժեշտ գումարները պայմանավորված են նաև նրանով, որ դեռևս 2019թ. իրականացված աշխատանքների մի մասը պատվիրատուի կողմից չի ընդունվել՝ ոչ պատշաճ կամ թերի կատարելու պատճառով։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անկախ կորոնավիրուսից նախորդ տարի մեր հրապարակած նախագծերը՝ այս տարի  500 կմ ճանապարհ վերանորոգելու հետ կապված, ամբողջությամբ ուժի մեջ է:  «Սա շատ կարևոր է, մենք պետք է նաև կապիտալ ծախսերի մասով մեր անելիքները քննարկենք, որովհետև ճգնաժամը հաղթահարելու իմաստով կապիտալ ծախսերը մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր: Կապիտալ ծախսն այն ուղղությունն է, որ իր հետևից պետք է, այսպես ասած, քաշի նաև տնտեսության մյուս ճյուղերը: Եվ մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա: Այն ծախսերը, որոնք մտածում ենք, որ այս տարի չենք կարող իրականացնել, բյուջեում վերաբաշխումներ ենք անում, որպեսզի առաջացած տարածքում հնարավորություն ունենանք ներգրավել նոր միջոցներ և ընդլայնել մեր պլանավորած կամ հնարավոր կապիտալ ծախսերի մասշտաբը: Այս թեմայով նույնպես մեր քննարկումները սկսել ենք և կշարունակենք մինչև համոզվենք, որ այդտեղ հարցը կարգաբերել ենք հնարավորինս լավագույն ձևով»,- նշել է վարչապետը և հույս հայտնել, որ ամեն ինչ կընթանա նախատեսածով:

Կառավարությունն ընդունել է մեկ այլ որոշում, որի նպատակն է աջակցել  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ նկատմամբ դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ վերջիններիս վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման և վճարովիության սկզբունքով տրամադրելով բյուջետային վարկ։ Ըստ հիմնավորման՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունը 2018 թ. վերջից ի վեր չի վճարել  ենթակապալառու կազմակերպություններին վերջիններիս կողմից ծրագրի շրջանակում  իրականացված աշխատանքների դիմաց, ինչը հանգեցրել է նշված կազմակերպությունների ծանր ֆինանսական վիճակին: Ենթակապալառու կազմակերպությունների ընդհանուր պարտքը կազմում է  2 228 549 216 ՀՀ դրամ։ Որոշմամբ առաջարկվում է «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ հանդեպ  դրամական պահանջ ունեցող ենթակապալառուներին տրամադրել բյուջետային վարկ՝ ընկերության հանդեպ ունեցած պահանջի  չափով 5 տարի ժամկետով տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ըստ էության, սա նույնպես հակաճգնաժամային որոշում է, որը, իհարկե, ծագել էր կորոնավիրուսից շատ առաջ: Ուզում եմ հիշեցնել նաև, որ այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը ընթանում է: Այն այս ընթացքում հարուցված մեր ամենամասշտաբային քրեական գործերից է: Հույս ունենք, որ նախաքննությունը կոնկրետ արդյունքներ կբերի, և պետությանը, հանրությանը պատճառված վնասները լիարժեք կվերականգնվեն»:   

 

Արտոնություններ են տրամադրվել մի շարք ներդրումային ծրագրերի. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Ռոզ ֆիլդ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման՝ հոլանդական վարդերի արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 375 մլն դրամի կապիտալ ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3.8 մլրդ դրամի ներդրում ցանկով ներմուծվող սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաև ջերմոցների կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 65-70 նոր աշխատատեղ` 185,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը կկազմի  1 մլրդ 720 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 670 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2 մլրդ 215 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 110.7 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվեն նաև «Արթիկի ՓՀԿ» և «Միշել Սերղանի» ընկերությունները: «Արթիկի ՓՀԿ» ընկերությունը զբաղվում է թելի, կտորի թափվածքների արտադրությամբ և վերամշակմամբ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է արտադրել բժշկական բամբակ, ինչպես նաև տեքստիլ կտորներ` բանվորական հագուստների, բազմակի օգտագործման տոպրակների համար (ք. Գյումրի): Ընկերությունը 2018 թ. կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 25 նոր աշխատատեղ: Նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ հումքի, գործարանի վերանորոգման, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 նոր աշխատատեղ (18 ամիսների ընթացքում)` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը առաջին տարում կկազմի 820 մլն դրամ, որից 620 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` ՌԴ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 176 մլն դրամ: «Արթիկի ՓՀԿ»-ին տրվել է նաև   ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություն:

«Միշել Սերղանի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է պայուսակների, գոտիների և այլ աքսեսուարների արտադրության համար։

 

Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի նպատակն է հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալի և պատշաճ որակի ապահովումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանն այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:

Կառավարության որոշմամբ  առաջարկվել է ՀՀ ԱԺ նախագահին  ապրիլի 13-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]