Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ-ն քրգործ է հարուցել Սիսիանի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու 
դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«2020թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին:

Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի  նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]