1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Մեր հայրենիքը սա է, և մենք պետք է մնանք այստեղ»․ խոսում են Ապրիլյան պատերազմի ականատեսները

«Մեր հայրենիքը սա է, և մենք պետք է մնանք այստեղ»․ խոսում են Ապրիլյան 
պատերազմի ականատեսները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով: Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական կողմը, հրետանու, զրահատեխնիկայի և օդուժի կիրառմամբ, հարձակման թիրախ դարձրեց Արցախի սահմանամերձ բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը: Չնայած ապրիլի 5-ին Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը, խախտելով պայմանավորվածությունը, մարտական գործողությունները շարունակեց գրեթե ողջ ամսվա ընթացքում՝ ամսի 26-ին կրկին թիրախավորելով խաղաղ բնակավայրերը:

Արցախի բնակիչները այսօր էլ հիշում են ադրբեջանական կողմի իրագործած վայրագությունները և մնում հաստատուն հայրենիքը երբեք չլքելու, ամեն գնով պաշտպանելու իրենց դիրքորոշման մեջ:

Արցախի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վյաչեսլավ (Սլավիկ) Գրիգորյանը, որի որդին՝ Արայիկը, զինծառայող է, պատմում է. «Ապրիլի 2-ի գիշերը Արայիկը ասում ա՝ խփում են, լսում ես, ասում եմ հա, «Գրադ» էլ ա խփում, սնարյադ (արկ՝ խմբ․) էլ ա խփում, պուշկա (հրանոթ՝ խմբ․) էլ ա խփում…»: Չնայած իր հասակին՝ Սլավիկը չի լքել գյուղը: Նա ցավով է հիշում 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի խաղաղ բնակիչների կոտորածը, որի հետևանքով հարկադրված լքել են հայրենի Մարգուշևան գյուղը (Մարաղան և Մագուշևանը հարևան գյուղեր էին՝ ԽՍՀՄ տարիներին միավորված Լենինավանի խորհտնտեսության մեջ՝ խմբ․)։

Վյասչեսլավը ոչ մի պարագայում չի պատրաստվում կրկին կորցնել իր հողը, տունը․ «Ինչի գնամ, թողնեմ, ո՞ւր գնամ: 20-25 տարի աշխատել եմ, թողել եմ էնտեղ... 20 տարի ա՝ աշխատում եմ: Ամեն ինչ ես եմ ստեղծել, թողնեմ, ու՞ր գնամ: Ավելի լավ ա՝ մի ավտոմատ տան, ես սպասեմ, մինչև տեսնեմ՝ ով ա գալիս, ես իրենց խփեմ, իրենք՝ ինձ, քան ես տեղահանվեմ»:

Վյասչեսլավ Գրիգորյանը մեծ ոգևորությամբ է պատմում այդ օրերին հայ զինվորների՝ թե՛ մարտական պատրաստվածության և թե՝ անկոտրում կամքի մասին. «Փառք Աստծու, մեր բանակը լավ ա դիմադրել... Մեր տղերքը, լավ, ամեն ինչով, պահում են, ապրեն… Արայիկը ասում ա՝ տղերքը դուխով են, թեկուզ նոր եկած զինվորներ են, էլի, 18-20 տարեկան, բայց դուխ ունեն, ասում ա՝ շատ ուժեղ: Թե՛ սպաները, թե՛ տղերքը դուխով են»: Ապրիլյան պատերազմի ընթացքում իրենք զգացել են նաև արտերկրում ապրող հայրենակիցների աջակցությունը և օգնելու մեծ պատրաստակամությունը. «Ամբողջ հայությունը ասում է՝ մենք չենք եկել Ղարաբաղը պահենք, մենք եկել ենք ամբողջ Հայաստանը պահենք»,-ավելացնում է Վյաչեսլավը:

1992թ. պատերազմից հետո հայրենիքը լքած, սակայն, ավելի ուշ ընտանիքով Թալիշում մշտական բնակության տեղափոխված Աշոտ Հայրիյանը պատմում է. «Երբ սկսեցին ռմբակոծել, դուրս եկա, ճանապարհից նայում էի, երևում էր, որ ռմբակոծում են, եկա տուն, քունս չէր տանում, ժամը 3-ն էր, թե 3:30, ասացի՝ կռիվ է սկսվելու: Գնալով կրակոցները մոտեցան, ու լուսադեմին (այստեղ մոտիկ որ պայթեց) պատուհանների ապակիների բեկորները ներս թափվեցին: Երեխան շատ վախեցավ․ փոքր է՝ 12 տարեկան տղա է, ավտոմեքենայով ուղարկեցի Ստեփանակերտ»: Աշոտը պատմում է, որ այնուհետև գնացել է Եղնիկներ՝ ծնողներին Ստեփանակերտ տեղափոխելու, որից հետո կրկին վերադարձել է Թալիշ: Նա նշում է, որ չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել հանուն խաղաղության:

Ապրիլյան պատերազմի առաջին թիրախ դարձած Արցախի Թալիշ գյուղը ամբողջությամբ ավերվել էր։ 

Հենց Թալիշում ադրբեջանական ստորաբաժանումները իրականացրեցին առաջին պատերազմական հանցագործությունները՝ խոշտանգումների, գնդակահարության, ապա նաև դիախեղման գործողություններ իրականացնելով Թալիշի 3 տարեց, անզեն բնակիչների նկատմամբ, որոնց չէին հասցրել տարհանել գյուղից:  Պատերազմի առաջին գիշերը հիշում է Թալիշի բնակչուհի Վանյան Իրինան, որին, ինչպես բոլոր արցախցիներին, քաջ ծանոթ են զինատեսակներն ու դրանց պայթյունի ձայները։ Գյուղի  ուղղությամբ արձակված  առաջին արկերի պայթյունից հասկացել էր՝ պատերազմ է:  Իրինան նշում է, որ հնարավոր չէ նկարագրել Ապրիլյանի պատերազմի ողջ սարսափը, սակայն միևնույն ժամանակ ասում է, որ այն իրենց չի վախեցրել․ 

«Մեր տունը սա է, մեր հայրենիքը սա է, և մենք պետք է մնանք այստեղ: Ոչ մի տեղ այնքան լավ չէ, ինչքան քո տանը: Բոլորը պետք է վերադառնան իրենց տները:  Մեր գյուղապետը այստեղ է, ինչպե՞ս կարող ենք չմնալ: Նա վիրավորվել էր ամսի 2-ին, եթե չվիրավորվեր, բոլոր գյուղացիներին հաստատ կհաներ, բայց հիմա նա այստեղ է, բոլորը ռիսկով մնում են․․․»,- ավելացնում է Իրինան:

Պատերազմից 4 տարի անց Թալիշը գրեթե ամբողջությամբ վերակառուցվել է։ Այնտեղ վստահորեն Թալիշի բնակիչները իրացնում են կյանքի, ապրելու իրենց անօտարելի իրավունքը, որի երաշխիքը Արցախի պաշտպանության բանակն է, ՀՀ-ը և աշխարհասփյուռ հայությունը: Ապրիլյան պատերազմը և այդ ընթացքում հակահայկական, խաղաղ բնակչության դեմ ուղղված անմարդկային գործողություններն ու քաղաքականությունը ևս մեկ անգամ հաստատեցին ԼՂՀ բնակչության դիրքորոշումը. Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած առաջարկ անընդունելի  է՝ նույնիսկ Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի կամ դրա կիրառման պարագայում:

Վանուհի Կարապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]