Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լանջաղբյուրում ներդրված ոչխարաբուծական ծրագիրը հաջող ընթացքի մեջ է

Լանջաղբյուրում ներդրված ոչխարաբուծական ծրագիրը հաջող ընթացքի մեջ է

ԳԱՎԱՌ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում նախորդ տարվա հունիսից մեկնարկած ոչխարաբուծական  ծրագիրը հաջող ընթացքի մեջ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լանջաղբյուր գյուղի բնակիչ, ոչխարաբուծական նորաստեղծ տնտեսության ղեկավար, անհատ ձեռներեց Արսեն Մարգարյանը, ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարարներ Սերգո Բազեյանի, Վազգեն Նավոյանի եւ իր համատեղ գործակցությամբ:

Նախորդ ամռանը Ռուսաստանի Դաշնությունից  Լանջաղբյուր է տեղափոխվել 230 գլուխ ոչխար, որոնցից 13-ը խոյեր են, մնացածը՝ մաքիներ: Վերջերս հոտը համալրվել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված տոհմային «Կիսարսկի» տեսակի մսատու ոչխարներով: Այս տեսակի արուները կշռում են մինչեւ 170, էգերը՝ 130 կիլոգրամ: Տնտեսությունում անցած տասն ամիսների ընթացքում արդեն ընթանում է երկրորդ ծինը: «Ոչխարաբուծական մեր ծրագիրը նախատեսում է ունենալ մինչեւ 4 000 գլուխ հոտ, որից մինչեւ 1 200-ը կկազմեն մայրերը, մնացածը՝ գառները: Մենք Ռուսաստանից ներկրել ենք «Ռոմանովսկի» ցեղատեսակի ոչխարներ, որոնք ունեն բարձր գառնատվություն: Այն  ստացվել է 1958 թվականին եղնիկի, այծի եւ ոչխարի խաչասերումից: Տարեկան ամեն մայրը տալիս է մինչեւ 5 գլուխ գառ՝ ծնելով  երկու անգամ: Ոչխարներից յուրաքանչյուրը կշռում է  մինչեւ 50 կիլոգրամ, տարվա ընթացքում խուզվում երեք անգամ՝ ապահովելով բարձր բրդատվություն: Մենք այս ընթացքում, մինչեւ ոչխարների ներկրումը, կառուցել ենք ոչխարաբուծական ֆերմա՝ այն զինելով օդափոխության սարքերով, մայրերի ու գառների համար առանձնացված վանդակներով, բոլոր անհրաժեշտ պայմաններով: Ամենայն ուշադրություն ենք դարձնում խնամքին, կերակրմանը, անասնահամաճարակների դեմ տարվող պայքարի միջոցառումներին:

Այսօրվա դրությամբ արդեն 100 գլուխ ծնված գառներ ունենք, առաջիկա օրերին սպասում ենք եւս 70-ի ծնվելուն: 4 նորածին գառներ էլ ունենք նոր ներկրված «Կիսարսկի» ցեղատեսակից: Մի խոսքով՝ մեր ներկրած տոհմային ոչխարները շատ լավ հարմարվել են մեր պայմաններին ու կենսունակ են հետագա բազմացման համար: Առանձին տնտեսություններ էլ հետաքրքրություն են ցուցաբերում՝ մեր հոտի հաշվին իրենց անասնագլխաքանակի տեսականին թարմացնելու համար: Առաջիկայում ծրագրում ենք ներկրել  40 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր անասուններ եւ զարկ տալ նաեւ տավարաբուծությանը: Դրան զուգահեռ մտածում ենք կերի բազայի ստեղծման ուղղությամբ, որի համար պետք է զբաղվենք նաեւ հողագործությամբ: Շատ ենք ոգեւորված այն մտքից, որ պետությունն այժմ խրախուսում է գյուղատնտեսական տարաբնույթ ծրագրերը, եւ մենք ցանկանում ենք հնարավորինս օգուտ քաղել այդ ծրագրերից՝ միաժամանակ զարկ տալով հայրենի գյուղատնտեսությանը: Ամեն դեպքում, մեր ձեռնարկները հուսալիորեն առաջ են ընթանում»,- տեղեկացրեց Արսեն Մարգարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am