Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը շուրջ 294 հազար է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը շուրջ 294 հազար է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 362 հազար 687-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 76 հազարը: Ապաքինվել է ավելի քան 293 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 368 հազար 174 հաստատված դեպք կա: Մեկ օրում գրանցվել է 1100-ից ավելի վարակվածության նոր դեպք: Այստեղ մահացածների թիվն անցել է 10 հազար 960-ը:

Մեկ օրում վարակվածության ամենաշատ նոր դեպքերը գրանցվել են Իսպանիայում, որն ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը կազմում է 3 հազար 835, ընդհանուր թիվը՝140 հազար 510: Իսպանիայում վարակից մահացել է 13 հազար 798 մարդ:

Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 132 հազար 547 է: Վարակից մահացել է 16 հազար 523 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 103 հազար 717 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 822: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 98 հազար 010 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 911 է:

Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 740 ընդհանուր և ընդամենը 32 նոր դեպքերով։ Պատասխանատուները նշում են, որ նոր դեպքերը բերովի են: Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Վարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Չինաստանում մահվան դեպք չի գրանցվել:

 Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 62 հազար 589 է: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 872: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 51 հազար 608 է, Թուրքիայում՝ 30 հազար 217 է, Շվեյցարիայում՝ 22 հազար 242։ Եվրոպական երկրներից Բելգիայում  նկատվում է վարակվածության թվի զգալի աճ: Մեկ օրում այստեղ վարակվածների թիվն ավելացել է 1380-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 22 հազար 194:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 195 դեպք կա, Ռուսաստանում` 7 հազար 497:  ՌԴ-ում մահացել է 58 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 2 հազար 76, այստեղ գրանցվել է մահացության 11 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 1832 մարդ, այստեղ մահացությունները ԱՄԷ-ի համեմատ ավելի քիչ են: Վարակից մահվան 4 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 85 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1322: Իրաքում վարակվածների թիվը 1000-ից մի փոքր ավելի է, մահացության ցուցանիշը 64 է: Բահրեյնն առանձնանում է մահացության քիչ դեպքերով: Այստեղ վարակից մահացել է 4 մարդ: Ընդհանուր վարակվածության հաստատված դեպքերի թիվը 756 է: Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 743: Արաբական երկրներից վարակվածության քիչ թվով առանձնանում է Սիրիան, այստեղ հաստատվել է 19 դեպք, մահացել է 2 մարդ, ինչպես նաև Լիբիան, որտեղ գրանցվել է վարակվածության 19, մահվան 1 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը:

Իտալիային վերականգնման համար անհրաժեշտ կլինի 700 մլրդ եվրո

Իտալիայում, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի վարակվածության ավելի քան 132 հազար դեպք, մի շարք շրջաններում տնից դուրս գալիս դիմակներ կրելը դարձել է պարտադիր։

Եթե սկզբում Լոմբարդիայում էր պարտադիր դիմակ կրելը, ապա շուտով միացան նաև այլ շրջաններ ևս։

Երկրի տնտեսության շարժիչն անջատվեց մի քանի շաբաթ առաջ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, սակայն շուտով այն կրկին պետք է գործի դնել։

Իտալիայի իշխանությունները նշում են, որ տնտեսության վերականգնման համար անհրաժեշտ կլինի ավելի քան 700 մլրդ եվրո։

«Անհրաժեշտ կլինի 400 մլրդ եվրո ավելացնել նախորդ ամիս խոստացված 340 մլրդ եվրոյին։ Երբ պահանջվում է պաշտպանել երկիրն ու իր շահերը, ապա մենք գնի առջև կանգ չենք առնի։ Թեպետ ես շատ զգուշավոր եմ կանխատեսումների հարցում, բայց կարծում եմ, որ պատմությունը կընդունի մեր կողմից ընդունված որոշումների ճշմարտացիությունը»,֊ նշել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։

ԱՄՆ-ին կորոնավիրուսի հետ կապված ծանր շաբաթ է սպասում

ԱՄՆ-ն մուտք է գործել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի ծանր շրջան: Այս համատեքստում դաշնային վերահսկիչ մարմինը տեղեկացնում է, որ հիվանդանոցներն ամբողջ ուժով փորձում են պահպանել, ինչպես նաև ընդլայնել իրենց հնարավորությունները վարակված քաղաքացիներին բուժելու, խնամելու գործում: ԱՄՆ-ում մահացության թիվն անցել է 10 հազարը և արագ տեմպերով մոտենում է Իսպանիային ու Իտալիային, որտեղ մահերը, համապատասխանաբար, 16 հազարից ու 12 հազարից ավելի են:

«Սա լինելու է դիմելիության, հոսպիտալացման, ինտենսիվ թերապիայի և, ցավոք սրտի, մահացության ցուցանիշի պիկ շաբաթ»,-նշել է կորոնավիրուսի հարցով Սպիտակ տան աշխատանքային խմբի անդամ, բժիշկ Բրեթ Ժիրուան: Նա իր մտահոգությունն է հայտնել Նյու Յորքի, Նյու Ջերսիի և Կոնեկտիկուտի, ինչպես նաև Դետրոյթի իրավիճակի առնչությամբ:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը ճեպազրույցի ժամանակ նշել էր, որ կորոնավիրուսի մահացության ցուցանիշն այս շաբաթ կավելանա: «Ամենայն հավանականությամբ, սա կլինի ամենածանր շաբաթը: Ցավոք, կլինեն մեծ թվով մահեր: Ես կարծում եմ, որ նման բան մենք դեռ չենք տեսել»,-ասել է նախագահը: 

Վրաստանում կտրուկ կրճատվել են արտակարգ դրության ռեժիմը խախտելու դեպքերը

Վրաստանում վերջին մեկ օրում արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 167 մարդու: Ապրիլի 7-ին այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը: Գերատեսչության տվյալներով, իրավախախտներից 112-ը տուգանվել է պարետային ժամը չպահելու, 28-ը՝ մեկ տեղում 3-ից ավելի անձանցով հավաքվելու, և 27-ը՝ տրանսպորտով ուղևորներ տեղափոխելու համար:

Նշվում է, որ նախորդ օրը արտակարգ դրության ռեժիմի խախտման համար իրավապահները տուգանել են 286 մարդու: Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 31-ին սահմանափակումները խստացվեл են: Ռեժիմի խախտման համար անձը տուգանվում է 3000 լարի (մոտ 900 դոլար):

Բորիս Ջոնսոնն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով վարակվել էր կորոնավիրուսով, առողջական վիճակի վատացման պատճառով տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ին, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։  «Ռոյթերս» գործակալության աղբյուրները հայտնում են, որ ներկայումս վարչապետի առողջական վիճակի փոփոխություն չկա։ Մարտի 27-ին Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք էր տվել և նա ինքնամեկուսացել էր։ Ապրիլի 5-ին Մեծ Բրիտանիայի վարչապետը  հոսպիտալացվել էր Լոնդոնի Սուրբ Թոմաս հիվանդանոցում:

Դանիայի իշխանությունները նախատեսում են աստիճանաբար մեղմել սահմանափակումները

Դանիայի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում մտցված սահմանափակումներն աստիճանական մեղմելու մասին:  Նախատեսվում էմանկապարտեզների և տարրական դպրոցների բացում ապրիլի 15-ից: Մյուս դասարանների աշակերտները դպրոց կսկսեն գնալ մայիսի 10-ից:

Ժամանցի վայրեը, ռեստորանները, վարսավիրանոցները, մերսման սրահները, առևտրի կենտրոններն առայժմ կմնան փակ: Առայժմ շարունակում է ուժի մեջ մնալ 10 հոգուց ավելի հավաքվելու արգելքը:

Չինաստանն ուժեղացնում է սահմանային վերհսկողությունը վարակի ներթափանցումը կանխելու համար

Չինաստանն ընդլայնում է սահմանային վերահսկողության միջոցառումները, որպեսզի կանխի կորոնավիրուսի ներթափանցումը երկիր: Պատասխանատուները նշում են՝ քանի որ գործում է 91 սահմանային անցակետ, ինչպես նաև կան մեծ քանակությամբ շրջանցող և կարճ ճանապարհներ, հետևաբար Չինաստանը  բախվում է ցամաքային սահմանային անցակետով կորոնավիրուսի երկիր ներթափանցման բարձր ռիսկի: Որոշում է կայացվել սահմանային հատումների  սահմանափակման վերաբերյալ, ինչը հագեցրել է մեծ թվով այցերի կրճատման: Սահմանային հատումները կատարվում են խիստ անհրաժեշտության դեպքում: Եվ այդ պարագայում քաղաքացիները համապատասխան ուժեղացված ստուգում են անցնում:

Սահմանային այն անցակետերը, որոնք անվտանգության միջոցառումների շրջանակում ավելի վաղ փակվել էին, այսօր շարունակում են փակ մնալ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]