Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում է մի շարք միջոցառումներով. Նորա Արիսյան

Սիրիան կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում է  մի շարք միջոցառումներով. 
Նորա Արիսյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար Սիրիայի կառավարությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ, որոնք, ըստ նախատեսվածի, իրականացվել են: Կազմվել են մի քանի նախարարությունից բաղկացած կառավարական խմբակ, ինչպես նաև հատուկ շտաբի հանձնաժողովներ:

Որոշումներ են կայացվել նահանգների, քաղաքների, արվարձանների և գյուղերի միջև  երթևեկությունը դադարեցնելու վերաբերյալ: Սահմանվել են պարետային ժամեր՝ կասեցնելու քաղաքներում տրանսպորտի և հետիոտնի երթևեկությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը։

Նրա խոսքով՝ քաղաքներում ախտահանման աշխատանքներ են իրականացվում, փակվել են պետական հիմնարկները, կրթական հաստատությունները՝ դպրոցներն ու համալսարանները: Չեն գործում  նաև ճաշարաններն ու մարզասրահները, հանրային կառույցներն ու վայրերը:

«Սիրիայի ներքին գործերի նախարարությունը փակել է երկրի բոլոր անցակետերը և որոշել է մեկուսացնել անօրինական երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիներին: Ինչ վերաբերում է Խորհրդարանին, նստաշրջանի ավարտին շաբաթվա նիստերը (մարտ ամսվա վերջին շաբաթն էր) չեղյալ են համարվել: Ներկայումս Սիրիայում կորոնավիրուսով վարակված 16 դեպք է արձանագրվել, որոնցից  երկուսը մահվան ելքով: Անպայման պետք է արձանագրեմ, որ Սիրիայի համար դժվար է պայքարիլ այս համաճարակի դեմ Սիրիայի դեմ սահմանված և պարտադրված տնտեսական պատժամիջոցների պատճառով, որոնք բացասական ազդեցին առողջապահական ոլորտի վրա: Այդ պատճառով վերջերս Սիրիայի ԱԳ նախարարությունը նամակներով դիմեց ՄԱԿ-ին Սիրիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկած երկրների վրա ճնշում գործադրելու համար, քանի որ դրանք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքի օրենքները»,-ընդգծեց Արիսյանը:

Անդրադառնալավ Սիրիայի հայկական համայնքին՝ պատգամավորն ասաց, որ Դամասկոսի հայերը հետևում են կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր պահանջներին: Հայկական եկեղեցիներն ու միությունները հետևում են պետական օրենքներին՝ փակելով իրենց կենտրոնների դռները:

«Մեր վարժարաններն անցել են առցանց դասավանդման: Բոլորս փորձում ենք մեղմացնել տագնապը՝ մեր համայնքին աջակցելով թե՛ նյութական, թե՛ բարոյական իմաստով: Հայկական վարժարանների անձնակազմի աշխատավարձները  տանում են ուսուցիչների տներ: Իսկ Դամասկոսի Առաջնորդ Արմաշ Եպս. Նալբանդյանի հովանավորությամբ Ազգային Քաղաքական Ժողովի անդամները, նյութական օժանդակություն են ցույց տվել կարիքավոր ընտանիքներին»,-ներկայացրեց Արիսյանը:

Նա նշեց, որ մի շարք միություններ՝ ինչպես օրինակ «Սիրիայի Օգնության Խաչ»-ը, շարունակելով իր ծառայությունը, նյութական նպաստներ և Սուրբ Զատիկի առթիվ նյութական օժանդակություն է ցույց տվել կարիքավոր ընտանիքներին: «Ա Ահարոնյան» կենտրոնը կազմել է բժշկական խորհրդատու մարմին, ինչպես նաև շտապի հանձնախումբ: «Դամասկոսում միություններն ու բարերար ազգայիններն օժանդակում են գաղութին այս դժվար պայմաններում»,-եզրափակեց Նորիա Արիսյանը:

Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։  Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է 1915-1920-ական թվականներին` Հայոց Ցեղասպանության հետևանքով սկսված զանգվածային բռնագաղթից հետո։

Սիրիայում գործում են՝ Հայաստանի Առաքելական Սուրբ Եկեղեցու Սիրիայի թեմը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմը, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիներ։

Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների և հայկական բարեգործական, կրթական և մշակութային կազմակերպությունների հովանու ներքո գործում են հայկական դպրոցներ, թատերական ու երաժշտական խմբեր, արվեստի «Սարյան ակադեմիա», «Արշիլ Գորկի» (համազգայինի հովանու ներքո) և «Արմիս» դպրոցները։ Սիրիայում Բերիո թեմի առաջնորդարանի հովանավորությամբ գործում է Սիրիահայ գրողների միությունը։

Հալեպում լույս է տեսնում Ազգային առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա

Անժելա Համբարձումյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]