Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անորոշություն նավթի շուկայում

Անորոշություն նավթի շուկայում

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային շուկայում աննախադեպ գնանկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի կրճատումով, ինչպեսեւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ու դրանից դուրս Ռուսաստանի գլխավորությամբ խոշոր արտահանողների պայմանավորվածության՝ OPEC+—ի փլուզմամբ։ Վերջինս իր գոյության տարիներին բավական արդյունավետ է գործել։ 2016 թ. վերջին, երբ միջազգային շուկայում նավթի գնանկման հետեւանքով մեկ բարելի գինը 30 դոլարից իջնելու միտում էր ցուցաբերում, OPEC+—ի որոշմամբ կրճատվեցին արտահանության ծավալները, ինչի արդյունքում շուկայում արագ տեմպերով գնաճ արձանագրվեց։

Դեռեւս 2019 թ. դեկտեմբերին OPEC+—ը նավթարդյունաբերության նախարարների համաժողովում որոշում էր ընդունել արտահանությունը օրական 1,2 մլն բարելով կրճատելու մասին, որը պետք է հաստատվեր 2020 թ.մարտի 5—ի համաժողովում։ Սաուդյան Արաբիան մարտյան համաժողովին ներկայացրեց օրական 1,5 մլն բարել կրճատելու առաջարկ, ինչը Ռուսաստանը մերժեց։ Էր Ռիյադն ի պատասխան որոշում ընդունեց ավելացնել արդյունահանության ու արտահանման ծավալները, ինչը հանգեցրեց միջազգային շուկայում կտրուկ գնանկման՝ մեկ բարելի գինը տատանվում էր 20—22 դոլարի սահմանում։ Հանգամանք, ինչի պատճառով արդեն որոշ արդյունահանողներ սկսեցին աշխատել վնասով։ Ապրիլի 2—ին էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ֆաթեհ Բիրուլը հայտնել է, որ ներկա դրությամբ արտահանման 5 տոկոսը տեղի է ունենում վնասով, ինչը, սակայն, շարունակվելու է, քանի որ դադարեցումը շատ ավելի մեծ ծախսերի հետ է կապված։ Նա նշել է, թե դա առավելապես վերաբերում է Կասպից ծովի ավազանի երկրներին։ Նման գնանկումը, որը շարունակվելու միտում ունի, լուրջ հարված կլինի նաեւ ԱՄՆ—ին, որտեղ լայն տարածում ունի «շեյլ» տեսակի (թերթաքարի նավթարդյունահանություն) նավթը, որի ինքնարժեքը բավական բարձր է։ Ըստ որոշ ԶԼՄ—ների, այդ տեսակի նավթի մեկ բարելի գինը շուկայում հասել է 10 դոլարի։

Ապրիլի 2—ին Կատարի նախկին վարչապետ Համդ բին Ջասեմը, թերեւս, հենց նշյալ հանգամանքը նկատի ունենալով եւ Ռուսաստան—Սաուդյան Արաբիա «նավթի գների պատերազմին» անդրադառնալով, հայտնել է, որ այն ոչ թե «գների պատերազմ» է, այլ համաձայնեցված գործողություն, որը նպատակամղված է ԱՄՆ «շեյլ» տեսակի նավթ արտադրող ընկերություններին շուկայից դուրս մղելուն (www.irna.ir, 2 ապրիլի, 2020 թ.)։ Նշենք, որ ԱՄՆ—ն հենց «շեյլի» արտադրությունն անհրաժեշտության դեպքում մեծացնելով՝ սանձահարում է միջազգային շուկայում նավթի մեծ տեմպերով գնաճը։ Հետեւաբար, կարելի է նշել, որ Ռուսաստան—Սաուդյան Արաբիա «գների պատերազմը» առնվազն հանգեցրել է նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ։ Միաժամանակ նրանց հորդորել է համաձայնության գալ արտահանումը կրճատելու հարցում, թեեւ Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, թե Մոսկվա—Էր Ռիյադ բանակցություններ չկան։

Ընդսմին, Թրամփը հայտարարել է, թե Պուտինի եւ Համդ բին Ջասեմի հետ բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ նրանք օրական արդյունահանությունը կրճատելու են 10 մլն բարելով՝ նշելով, որ ԱՄՆ—ն եւս պատրաստ է միանալու դրան։ Թեեւ Ռուսաստանը հայտարարել է, թե արդյունահանության կրճատման վերաբերյալ համաձայնություն չի եղել, սակայն ապրիլի 2—ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ արդյունահանության ծավալները մեծացնելու պլանները չեղարկվել են։ Մյուս կողմից Էր Ռիյադը պահանջել է OPEC+—ի նավթարդյունաբերության նախարարների արտահերթ նիստ գումարել, եւ բացառված չէ, որ նիստին ներկա կգտնվի նաեւ ԱՄՆ ներկայացուցիչը, չնայած նման հայտարարություն Սպիտակ տնից չի հնչել։ Հնարավոր է նաեւ, որ նիստը չգումարվի։ Եվ, ահա, ապրիլի 2—ին նավթի գները միջազգային շուկայում թռիչքային աճ արձանագրեցին, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը հասավ 30 դոլարի։

Այդուհանդերձ, միջազգային շուկայում գնաճի հարցում, ինչպես նշել են ԶԼՄ—ները, զգալի դեր է ունեցել Չինաստանը, որի ղեկավարությունը համապատասխան կառույցներին կարգադրել է ապրիլի 2—ից էժանացած նավթով լցնել երկրի ռազմավարական պահեստները, ինչը նույն օրն առավոտյան արդեն հանգեցրել էր 12 տոկոս գնաճի։ Մյուս կողմից, եթե ԱՄՆ նախագահի հայտարարած կրճատումները տեղի չունենան, ապա ամենայն հավանականությամբ գնաճը կսահմանափակվի Չինաստանի գնումներով պայմանավորված, ինչը չի հանգեցնի գնաճի լուրջ փոփոխությունների։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]