Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Կոտայքի մարզպետի հավաստմամբ՝ Չարենցավանում վարակի տարածման միտումը նվազագույնի է հասցված

Կոտայքի մարզպետի հավաստմամբ՝ Չարենցավանում վարակի տարածման միտումը 
նվազագույնի է հասցված

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավան համայնքում ներկայում կա կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը լիահույս է, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին: Բացի նշված թվով քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տների կարանտինում։ Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։

«Հավաստիացնում եմ՝ արվել է ամեն ինչ Չարենցավանում օր առաջ կասեցնելու վարակի տարածման տեմպերը և կայունացնելու իրավիճակը։ Այս պահին կարող ենք արձանագրել, որ իրավիճակը լիարժեքորեն գտնվում է մեր հսկողության տակ»,-նշել է Կոտայքի մարզպետը:

Այս ամենով հանդերձ, Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով սոցիալական տարբեր նախաձեռնություններ ծրագրեր են իրականացվում համայնքի և մի շարք տնտեսվարողների համագործակցության արդյունքում:

Կոտայքի մարզպետի խոսքով, սա տեղական ինքնակառավարում-մասնավոր հատված փոխգործակցության լավագույն օրինակներից մեկն է, ինչը, անշուշտ, վարակիչ պիտի լինի նաև այլ համայնքների համար:

«Շնորհակալ եմ թե՛ համայնքին այս հիանալի համախմբման, թե՛ տնտեսվարողներին համայնքի կողքին կանգնելու և թե՛ այս գործընթացներում ներգրավված ակտիվ կամավորներին իրենց մարդասիրական և հայանպաստ գործունեության համար, իսկ մարզի մյուս համայնքներին կոչ եմ անում իրենց գործողություններում որպես օրինակ դիտարկել Չարենցավան համայնքի համախմբումը», - նշել է Ռոմանոս Պետրոսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ