1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ. Ապրիլյան պատերազմ

Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ. Ապրիլյան պատերազմ

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1994թ. թվականի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը՝ ագրեսիվ ռազմական գործողություններ իրականացնելով Արցախի և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչների և զինված ուժերի նկատմամբ: Սահմանային լարվածությունը ադրբեջանական գործողությունների հետևանքով աննախադեպ աճեց 2014-2015 թթ. և իր գագաթնակետին հասավ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով՝ խախտելով միջազգային իրավունքի հարաբերություններում ուժի օգտագործումն արգելող նորմերը:

Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը միջազգային իրավական ակտերով արգելված հանցագործություններ են իրականացրել ոչ միայն զինվորների նկատմամբ, այլ նաև խաղաղ բնակիչների՝ ոչ ընտրովի հարձակման թիրախ դարձնելով խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, հասարակական նշանակության օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառուցվածքներ:

Պատերազմական հանցագործություններ

Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը Արցախի զինծառայողների և քաղաքացիների նկատմամբ թույլ են տվել պատերազմական հանցագործություններ՝ խոշտանգում, մահվամբ պատժում և մարմինների անարգում [տե՛ս Արցախի ՄԻՊ «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» զեկույց], ընդ որում, դեպքերի մեծ մասի դեպքում առկա է հանցագործությունների համակցություն: 

Արցախի դատախազության տվյալներով՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հետևանքով դաժանաբար սպանվել, իսկ այնուհետև տարբեր խոշտանգումների է ենթարկվել Պաշտպանության բանակի 34 զինծառայող, ինչի փաստով դատախազությունը 7 քրեական գործ է հարուցել: Եվս 3 քրեական գործ հարուցվել է 19-ամյա եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի, պայմանագրային վարորդ Հրանտ Ղարիբյանի և 31-ամյա մայոր Հայկ Թորոսյանի սպանության փաստերով. միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի (ՄՄՍԻ) 35-րդ գլխի 113-րդ կանոնի լուրջ խախտմամբ՝ անարգանքի են ենթարկել վերջիններիս մարմինները՝ գլխատելով նրանց: Ընդ որում, փորձաքննության համաձայն, Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո, իսկ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք:

Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները, այդ թվում՝ դիմադրելու ունակությունը կորցրածները, ինչպես նաև խաղաղ քաղաքացիները խոշտանգվել են, նրանց մարմիններն անարգվել է և նրանց նկատմամբ կիրառվել է մահվամբ պատիժ՝ հայ լինելու համար [տե՛ս ՄԻՊ զեկույց]:
Բացի վերը թվարկված հանցագործություններից, ադրբեջանական ագրեսիայի զոհ են դարձել Արցախի քաղաքացիական անձինք. ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման հետևանքով Արցախի Մարտունու Զորավան (Ներքին Ճարտար) գյուղում սպանվել է 12-ամյա Վաղարշակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա՝ վիրավորվել:

Թալիշում գյուղում՝ զինված գործողությունների իրականացման վայրից զգալի հեռավորության վրա, ադրբեջանական զինծառայողները գնդակահարել են 3 անզեն քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 92-ամյա կնոջ՝ անարգելով վերջիններիս մարմինները:

Վերը թվարկված հանցակազմերից երկուսը արգելված են մի շարք միջազգային կոնվենցիաներով, այդ թվում՝ 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիայով (հ. 12, 50), Նյուրնբերգի միջազգային ռազմական դատարանի կանոնադրությամբ (հ. 6(b)): Դիակների խեղման հանցակազմը նախատեսված է միջազգային սովորութային իրավունքով, իսկ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ (հհ. 8-b-xxi և 8-c-ii) ճանաչված է որպես «մարդկային արժանապատվության դեմ ոտնձգություն» տեսակի պատերազմական հանցագործություն: Ուստի՝ դրանք ենթակա են որակման որպես մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում՝ պատերազմական հանցագործություն՝ կյանքի իրավունքի ու խոշտանգման, ինչպես նաև դաժան ու անմարդկային վերաբերմունքի արգելքի մասով (International Military Tribunal Charter (Nuremberg), Article 6(b), Convention (I) for the Amelioration of the Condition of the Wounded and Sick in Armed Forces in the Field. Geneva, 12 August 1949. Article 12, Article 50):

ՄԻԵԴ ներկայացված հայցեր

Ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմից ՄԻԵԴ է ներկայացվել 385 գանգատ՝ զոհվածների մարմինները խոշտանգելու, դիմումատուների կյանքի իրավունքի խախտման, պատերազմական գործողությունների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքով արգելված գործողությունների կատարման, այդ թվում՝ զոհվածների անձնական կյանքի, ազգային խտրականության ենթարկելու, սեփականության իրավունքի խախտման հիմքերով: Դատարանը վարույթ է ընդունել 22 գանգատ:

Ադրբեջանի պետական քաղաքականության հանցավոր բնույթը

Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային հանրությանը՝ յուրաքանչյուր անգամ խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները և հերթական անգամ հաստատելով, որ ռազմական հանցագործությունների, քաղաքացիական անձանց սպանության, հայերի նկատմամբ խտրականության և քսենոֆոբիայի քաղաքականության խրախուսումը ամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականություն է: Դրա վառ վկայությունն է 2004թ. Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը, Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով հայերի նկատմամբ ատելություն և ագրեսիա հրահրող հայտարարությունները, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ինչպես նաև 2016 թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ գործած անձանց, այդ թվում՝ հայ զինծառայողներին գլխատող ադրբեջանցի զինծառայողների հերոսացումը: Այդ ռազմական հանցագործներից առնվազն մեկին հանրային կերպով անձամբ պարգևատրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այն դեպքում, երբ հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերը և առկա փաստերը քննելը ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությունն է:

Վերոգրյալ արարքների համար անպատժելիությունը կանխելու և պատասխանատվության միջոցների կիրառումն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով միջազգային հանրության կողմից ընդունվել են մի շարք միջազգային-իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ «Ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան և «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար պատժի ենթակա անձանց հայտնաբերման, ձերբակալման և հանձնման կապակցությամբ միջազգային համագործակցության» սկզբունքները, որոնք հանձնարարականներ են պարունակում ոչ միայն միջազգային կազմակերպությունների, այլև պետությունների համար: Ներկայացված պատերազմական հանցագործությունները կրել են համակարգված բնույթ և կատարվել են Ադրբեջանի ԶՈւ բոլոր ներգրավված ստորաբաժանումների կողմից, ինչը հերթական անգամ փաստում է, որ Ադրբեջան պետության, ադրբեջանական բանակի և, վերջապես, հասարակության առնվազն որոշ շերտերի համար նման գործողությունների ընդունելի և խրախուսելի են: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ իրավական գնահատական տա Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների կրկնությունը հետագայում կանխելու նպատակով, քանի որ այդ երկրի որդեգրած պետական հակահայկական քաղաքականությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի և ՀՀ-ի, այլ նաև՝ ողջ տարարածաշրջանի կայունության համար:

Վանուհի Կարապետյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]