1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռումինիայում հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ պայքարում է ինքնամեկուսացման միջոցով

Ռումինիայում հայկական համայնքը կորոնավիրուսի դեմ պայքարում է 
ինքնամեկուսացման միջոցով

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում ստեղծված բարդ իրավիճակին՝ Ռումինիայի հայկական համայնքը շարունակում է ակտիվ լինել, միասնական՝միմյանց ոգևորելով ու սատարելով առցանց հարթակում:

Համայնքի գործունեության, ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող, Ռումինիայի հայոց միության հիմնադիր և նախագահ Վարուժան Ոսկանյանի հետ:

Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Ռումինիայում ապրող հայերն այժմ մեկուսացված են. մարդիկ աշխատանքի չեն գնում՝ փորձելով իրենց գործերն անել տնից: «Բարեբախտաբար,  մեր համայնքում ոչ ոք վարակված չէ, և ես հույս ունեմ, որ ոչ ոք չի էլ վարակվի: Ինչպես արդեն ասացի, մենք տանն ենք, մեկուսացված, բայց միևնույն ժամանակ համակարգչի, բջջային հեռախոսների միջոցով համայնքը կարողանում է համախմբված մնալ և մեր աշխատանքն առաջ տանել: Հաճախ ենք խոսում միմյանց հետ, չենք զգում հեռավորությունը, և բոլորս ենթարկվում ենք վիրուսի կանխարգելմանն ուղղված պահանջներին»,-նշեց Ոսկանյանն ու հավելեց, որ այս օրերին Ռումինիայում հայկական եկեղեցին պատարագներն օնլայն հարթակում է մատուցում, ուստի հավատացյալները չեն կարողանում այցելել եկեղեցի, բայց այն բաց է:

Ոսկանյանը նշեց, որ իրենց կարևոր նպատակներից մեկը հայկական համայնքի ղեկավարությունը երիտասարդ սերնդին փոխանցելն է: «Հիշում եմ՝տարիներ առաջ մեր համայնքի ղեկավարներն այն մեզ փոխանցեցին: Նույնը մենք պետք է անենք: Շատ ծրագրեր կան. այս տարի ցանկանում էինք Ռումինիայի խորհրդարանում հայտարարություն առաջարկել Հայոց ցեղասպանության ճանաչման համար, բայց, ավաղ, չստացվեց, քանի որ խորհրդարանը գործում է միայն առցանց հարթակում: Մենք պետք է անձամբ հաղորդակցվեինք երեսփոխանների հետ: Այս պահին դա անհնար է»,-ընդգծեց Ռումինիայի հայոց միության նախագահը:

Խոսելով համայնքի մշակութային ծրագրերի մասին՝ նա ասաց, որ ամեն տարի զանազան և բազմաբնույթ միջոցառումներ են անցկացնում, անդրադառնում են Սումգայիթի ջարդերին, Հայոց ցեղասպանությանը: Տեղի հեռուստաընկերությունը  ազգային փոքրամասնություններին վերաբերող ծրագրեր ունի, և համայնքը մասնակցում է այդ ծրագրերին: Համայնքն ունի տպարան և հրատարակչություն: Լույս են ընծայում հայ հեղինակների գործեր, Հայաստանին վերաբերող գրքեր և այլն:

«Համայնքը բավականին ակտիվ է, չնայած այնքան էլ մեծ չէ… Նախկինում համայնքում 50-60 հազար մարդ կար, բայց  շատերը գաղթեցին ԱՄՆ, Ֆրանսիա և այլ երկրներ: Այնուամենայնիվ, մեր համայնքը Ռումինիայում բավականին ազդեցիկ է, քանի որ ունի ավանդույթներ: Տեղի հայերը հավատարիմ, օրինապահ քաղաքացիներ են: Համայնավարության ժամանակ  հայերը չէին կարող գործարարներ լինել, ուստի բոլորը մտավորական էին և են, բոլորը բարձրագույն կրթություն ունեն, և մեր ուժը մեծ է: Ամենամեծ արժեքը մեր միասնականությունն է, իսկ գաղափարախոսությունը՝ հայկական ինքնության պահպանումը»,-ասաց  Վարուժան Ոսկանյանը և շեշտեց, որ հետևում են Հայաստանում կատարվող իրադարձություններին, և հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի:

Ռումինիայի հայկական համայնքը հնագույններից է Հարավարևելյան Եվրոպայում: Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ Հայերի հոսքը Ռումինիա ուժեղացել է հատկապես Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Հայերը կառուցել են քարաշեն եկեղեցիներ, ունեցել իրենց հոգևոր թեմը։

Հայերը մասնակցել են ռումինական քաղաքների շենացմանը, առևտրի, արհեստների և մշակույթի զարգացմանը։ Հայկական կենտրոններն ունեցել են առանձնաշնորհումներ, հիմնել են իրենց քաղաքապետարանները, դատարանները, առաջնորդվել հայկական օրենքներով՝ մասնավորապես Մխիթար Գոշի Դատաստանագրքով։ Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին առևտուրը կենտրոնացած է եղել հիմնականում հայերի ձեռքին։ Կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց ասպարեզ են եկել հայ մեծահարուստ վաճառական-արդյունաբերողներ։

 Դեռևս միջնադարում վանքերին և եկեղեցիներին կից գործել են հայկական դպրոցներ։ Ռումինահայ համայնքն ստեղծել է գրչության կենտրոններ, տպարաններ, հրատարակել բազմաթիվ թերթեր ու ամսագրեր։

 Ռումինահայերը ռումին ժողովրդի հետ նաև պայքարել են օտար նվաճողների դեմ։

 Ներկայումս Ռումինիայում բնակվում է մոտ 3 հազար հայ՝ կենտրոնացած Բուխարեստում և Կոնստանցայում։ Հիմնականում մտավորականներ են: Կան նաև ձեռնարկատերեր։

 Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Հայաստանում ապրիլի 2-ի վերջին տվյալներով կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է: Արձանագրվել է մահվան 5 դեպք: Ապաքինվել է 33 քաղաքացի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]