1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կառավարությունը խրախուսում է հերթական ներդումային ծրագրերը

Կառավարությունը խրախուսում է հերթական ներդումային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք, որի գերակշիռ մասը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել: «Իհարկե, կան նաև նոր դեպքեր, հատկապես բերովի՝ տարբեր երկրներից, թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով: Նրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք բոլոր նախատեսված գործողությունները»,-ասել է նախարարը: Նշվել է նաև, որ ապաքինվել է 33, մինչև այժմ մեկուսացումից դուրս է եկել 350 քաղաքացի:

Արսեն Թորոսյանը նշել է, որ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ: «Դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը՝ որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ օրվա ընթացքում այս բժշկական կենտրոնն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ:

Անդրադառնալով վերջին մեկ օրում վարակավածության 92 դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, կորոնավիրուսի դեպքերի ավելացման տեմպի աճի որոշակի վտանգ կա։ «Մի օրվա տվյալով երևի պետք չէ հետևություն անել, բայց  դեպքերի տեմպի աճի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած, չնայած նախորդ օրը մենք ունեինք տեմպի նվազում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ մենք թեստավորման քանակները մեծացնում ենք, և դա ճիշտ մոտեցում է: Չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, ընդհակառակը՝ ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշենք: Եվ այստեղ ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ մեր իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակում է»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին: «Կա երկու ծայրահեղություն. մի ծայրահեղությունը խուճապն է, որն անթույլատրելի է, և դրա կարիքը չկա ընդհանրապես: Եվ երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է այս համաճարակի տարածման հետ կապված: Մենք սկզբնական շրջանում կարողացանք, այպես ասած, կանխել խուճապային երևույթները, բայց, կարծես,  չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները: Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն: Իհարկե, դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետև հենց այս հանգստությունն է ստեղծում  վտանգ, որ վարակի տեմպը կավելանա:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին: Այսօր մեր հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի, և,  ըստ էության, նրանց մենք չենք բուժում: Բայց նրանց  պահում ենք հաստատություններում, որովհետև եթե նրանք դուրս գան՝ կվարակեն այլ քաղաքացիների»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ցավակցել է կորոնավիրուսից մահացած 89 տարեկան մեր հայրենակցի հարազատներին և մերձավորներին: «Ինչպես ասել ենք՝ ամենամեծ ռիսկի խումբը մեր տարիքով հայրենակիցներն են, և մենք, մեկուսացման, սահմանափակման պայմանները չպահելով,  առաջին հերթին վտանգի տակ ենք դնում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ պարետատան ձեռնարկած միջոցներն ուղղված են քաղաքացիների անվտանգության պահպանմանը. «Սա այն դեպքը չէ, երբ այս արտակարգ միջոցներն իրականացվում են ինչ-որ քաղաքական կամ այլ նպատակներով: Սա արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար: Կարծում եմ՝ մեր քաղաքացիներին նույնպես պետք է խնդրենք, որ  որոշակի ավելի շատ ջանք գործադրեն սեփական անվտանգությունը պահելու համար՝ կրկին անգամ ներողություն խնդրելով պատճառված անհարմարությունների համար»:

Վարչապետն այդ համատեքստում կարևորել է նոր գործիքի կիրառումը, որի վերաբերյալ ամենաանհեթեթ մեկնաբանություններն են հնչել: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի և այլ տվյալների, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա: Հետևաբար պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի: Այսինքն՝ ում օրենքով սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետևել և այլն, այդ բոլոր գործիքակազմը Հայաստանի օրենսդրությամբ կա, գոյություն ունի: Միայն Հայաստանի չէ, աշխարհի բոլոր երկրների օրենսդրություններով, և հետևաբար այդ մեկնաբանություններին այլ անվանում, քան անհեթեթություն, թե իբր արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքում արված փոփոխություններն արվել են քաղաքացիներին վերահսկելու համար, ուղղակի անհեթեթ են: Այն կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ի՞նչ կարիք ունի վերահսկելու: Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում,   երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել  ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր  երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով: Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում: Միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը:

Միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ  ընտանիքները, որոնք հանդիսանում են կառավարության ընդունած նախորդ սոցիալական ծրագրերից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր  երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից և դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կորոնավիրուսի ծավալման առաջին օրերից, մենք խնդիր ենք դրել, որ գտնենք իսկապես կարիքավոր խմբերին, որպեսզի մեր աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական: Գիտեք, որ այս ընթացքում արդեն ութ միջոցառում ենք ընդունել, որոնցից չորսը սոցիալական աջակցության բնույթ ունի, իսկ չորսը՝ տնտեսական: Մենք արձանագրել ենք, որ այդ միջոցառումների շրջանակում չենք կարողանում հասնել մի սոցիալական շերտի, որի մի մասը մեր լավագույն ցանկության դեպքում, պետք է այդ կարգավիճակը չունենար: Խոսքը աշխատող, բայց աշխատանքը չգրանցած անձանց և, երկրորդը, ընդհանրապես որևէ աշխատանք չունեցող մարդկանց մասին է, ովքեր ներառված չեն սոցիալական աջակցության այլ ծրագրերում, մասնավորապես ընտանեկան նպաստի ծրագրերում:

Մենք որոշեցինք, որ հասցեականության, այդ թվում՝ գաղափարականության առումով, շատ ճիշտ է, որ այս աջակցությունը հասցեագրենք երեխաներին: Այսինքն, ըստ էության, այս ծրագրի իրական շահառուն հադիսանում են ոչ թե ծնողները, այլ՝ երեխաները»:

Վարչապետը նշել է, որ արդեն հաստատվել են  սոցիալական բնույթի 5 միջացառումներ, որոնք  կօգնեն 100 հազարավոր մեր հայրենակիցներին հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը: Այնուհետև բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել 8 միջոցառումների ընթացքի վերաբերյալ:

 

Կանխավճար կտրամադրվի Զինված ուժերին սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է հնարավորություն ընձեռել Զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով:

Կազմակերպությունները բարձրաձայնել են, որ իրենց մոտ առկա են ֆինանսական դժվարություններ: Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակում կազմակերպությունների կողմից իրականացվելիք լրացուցիչ ծախսերը և ոլորտի տեմպերի հնարավոր դանդաղեցումները մեղմելու համար որոշմամբ առաջարկվում է պայմանագրերով սահմանված սննդի պատրաստման և մատուցման ծառայության բաղադրիչի (մեկ զինծառայողի մեկ օրվա 3000 դրամ վճարման ենթակա) մասով կանխավճարի հատկացում:

Կանխավճարը կարող է տրամադրվել հաշվի առնելով կազմակերպությունների առաջարկը՝ պարտադիր պայման սահմանելով կանխավճարի ապահովման բանկային երաշխիքի ներկայացումը: Կանխավճարի մարումը նախատեսվում է իրականացնել ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա կատարվելիք վճարումներից՝ 10 տոկոսի չափով նվազեցնելու միջոցով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է զինվորների սննդի ապահովման նոր համակարգի կարևորությունը, որը  տեղավորվում է կառավարության քաղաքական պարտավորության տրամաբանության մեջ: «Մենք ասում ենք, որ ծնողը զինվորին բանակ ուղարկելուց հետո չպետք է նրա մասին  հոգ տանի, որպեսզի որակյալ սնունդ ուղարկի: Եվ մենք տեսնում ենք, որ այն զորամասերում, որտեղ համակարգը ներդրված է՝ սննդի որակի  էական անգամներով փոփոխություն ունենք: Երբ առաջին անգամ սկզբնական շրջանում մենք այս նախագծի ներդրման նպատակահարմարությունն էինք քննարկում, մենք բոլորս գիտեինք, որ մտնում ենք մութ անտառ, որտեղ շատ պարամետրեր ի սկզբանե հայտնի և կանխատեսելի չեն, և մենք պետք է զրոյից ստեղծեինք գոյություն չունեցող համակարգ: Եվ այդ համակարգի ստեղծման ճանապարհին պետք է ունենանք նաև բազմաթիվ հարցեր, և ի սկզբանե մենք պայմանավորվել ենք, որ պետք է լինենք համբերատար, չխուսափենք հարցեր առաջադրելուց և այդ հարցերին պատասխանելուց»,-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի է ունեցել ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ առնվազն չորս քննարկում: «Շարունակելու ենք առանձնացնել այն հարցերը, որոնք ծագում են: Այդ քննարկումները բավականին բովանդակալից են, բավականին պրոբլեմներ են ի հայտ գալիս, պրոբլեմներ են բարձրացվում և՛ Պետական վերահսկողական ծառայության կողմից, և՛ մատակարար ընկերությունների կողմից, և՛ Պաշտպանության նախարարության կողմից: Եվ մենք պայմանավորվել ենք, որ համբերատար պետք է այդ բոլոր հարցերը լուծենք՝ ոչ մի վայրկայնով չմոռանալով մեր գործողությունների հիմնական շահառուին»:

Վարչապետի խոսքով, այս ամենի նպատակը մեկն է՝ զինվորին ապահովել հնարավորինս բարձրորակ սննդով: «Ընկերություններն այս ընթացքում ներդրումներ են արել, և դրանք չեն փոխհատուցվել, բայց կան նրբություններ, որոնք պետք է պարզաբանվեն:

Ինձ համար միանշանակ է, որ  այս ծրագիրը պետք է մինչև վերջ շարունակվի, և մեր ամբողջ Զինված ուժերն անցնեն սննդի մատակարարման այս նոր համակարգին: Իհարկե, այս գերնպատակը չպետք է մեզ խանգարի նաև հարցեր դնել, այդ հարցերին պատասխանել, թերությունները շտկել և այդպես շարունակ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս որոշման նախագիծը բազմակողմանի քննարկումների արդյունք է:

 

 

Խրախուսում են հերթական ներդումային ծրագրերը

Գործադիրը թույլատրել է «Ալֆառենեսանս» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է ներքնակների արտադրության համար (Արարատի մարզ)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 592 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և շուրջ 40 մլն դրամի ներդրում` նոր սարքավորումների և արտադրական տարածքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 16 աշխատատեղ, կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 730 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 592 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 47 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունից կօգտվի նաև «Էպսիլոն ինվեսթ» ՍՊԸ-ն: Ընկերությունը  ներմուծվող ապրանքներն օգտագործելու են առաձգական և ոչ առաձգական ժապավենների արտադրության համար (ք. Գյումրի)։ Ընկերությունը 2018 թ-ին ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 4.7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար, ինչպես նաև 30 մլն դրամի կապիտալ ներդրում  և ստեղծվել է 3 նոր աշխատատեղ: Ներկայիս նոր ծրագրով նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ստեղծել 2 նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 210 մլն դրամ, որից 150 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 60 մլն դրամի արտադրանքը` ՌԴ-ում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 210 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 10.5 մլն դրամ:

Կառավարությունը բավարարել է  «Միշել Սերղանի» անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած հայտը՝ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2019 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է պայուսակների, գոտիների և այլ աքսոսուարների արտադրությամբ Երևանում։ Ընկերությունը երկար տարիներ գործունեություն է ծավալել Բեյրութում, սակայն պատերազմական իրավիճակի, բանկերում հաշիվների սառեցման հետևանքով որոշվել է այն տեղափոխել և գործունեություն ծավալել ՀՀ-ում:  Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 165 մլն դրամի չափով ներդրում, որից 150 միլիոնը կապիտալ ներդրում, իսկ մնացած մասը նախատեսված է ցանկով ներմուծվող հումքի, նյութերի և սարքավորումների ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 9-15 նոր աշխատատեղ` 120-130 հազար դրամ միջին աշխատավարձով:

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն  շատ լավ ազդակ է. «Մենք պետք է նախորդ շրջանի մեր բարձր տրամադրությունը տնտեսական, նկատի ունեմ մինչկորոնավիրուսային, տրանսֆորմացնենք ապագայի նկատմամբ մեր լավատեսությամբ, որն իհարկե պետք է կառուցենք աշխատանքով»:  

 

 

Այլ որոշումներ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել՝ 17,9 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Ծրագիրը հանդիսանում է 2015թ. ապրիլի 8-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունը: Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի նպատակը մնացել է նույնը, ինչ-որ հիմնական վարկային համաձայնագրում էր նշված, այն է՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների  որակի և օգտագործման ու հասանելիության բարելավումը: Ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը (ընդհանուր արժեքը՝ 6,2 մլն եվրո, որից 4,5 մլն եվրոն՝ վարկային միջոցներ): Երկրորդ բաղադրիչով օժանդակություն է նախատեսվում նաև միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին (ընդհանուր արժեքը՝ 16,7 մլն եվրո, որից 12,5 մլն եվրոն՝ վարկային միջոցներ): Այս բաղադրիչի շրջանակում կֆինանսավորվեն՝ շուրջ 35 լրացուցիչ ենթածրագրեր՝ մեկ ենթածրագրի համար մինչև 500 հազ. եվրո վարկային միջոցներ ներդնելու հնարավորությամբ: Ընդ որում, հիմնական վարկային ծրագրի հետ միասին ներդրումային ծրագրեր կիրականացվեն մոտ 70 խոշորացված համայնքներում, չբացառելով նույն համայնքում երկրորդ ենթածրագրի իրականացման հնարավորությունը: Ակնկալվում է, որ ծրագրի 2 համայնքային բաղադրիչների շրջանակներում իրականացվող միկրոծրագրերի և ենթածրագրերի շահառուների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 710 հազար մարդ: Երրորդ բաղադրիչով նախատեսվում է ՀՏԶՀ-ի ինստիտուցիոնալ հզորացում և ծրագրերի կառավարում (2,5 մլն եվրո, որից 0,9 մլն վարկային միջոցներ):

Գործադիրը հաստատել է Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թթ. համալիր ծրագիրը և երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թթ. համալիր ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Արդյունքում կապահովվի շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների հետագա կյանքի կազմակերպումն ընտանիքում, կբարելավվի նրա կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև կապահովվի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելումը: Հիմնավորման համաձայն՝ թեև վերջին տարիներին երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությունների վերակազմավորման քաղաքականության արդյունքում նվազել է այդ հաստատություններում երեխաների թիվը, այնուամենայնիվ հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը մասնագիտացված հաստատություններում աճում է՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու, խնամակալության, խնամատարության և որդեգրման հանձնելու գրեթե անհնարինությամբ պայմանավորված։ Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներով պայմանավորված՝ նախատեսվում է խթանել հանրապետությունում խնամատար ընտանիքների ընդլայնման գործընթացը՝ որպես շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր տարբեր պատճառներով հնարավորություն չունեն խնամք ստանալ կենսաբանական կամ խնամակալ ընտանիքներում: Ներկայում շուրջ 47 խնամատար ընտանիքում խնամք է ստանում 65 երեխա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]