Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

COVID-19. Ֆրանսիան մահացածների թվով անցել է Չինաստանից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

 COVID-19. Ֆրանսիան մահացածների թվով անցել է Չինաստանից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 882 հազարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 44 հազարից: Ապաքինվածների թիվը կազմում է 185 հազար 67: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 188 հազար 647 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարից: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 105 հազար 792 է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 12 հազար 428 մարդ:
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 102 հազար 136 է: Իսպանիայում 6 հազարից ավելի նոր դեպքեր են ի հայտ եկել: Մահացածների թիվն ավելացել է 589-ով՝ կազմելով 9 հազար 53 դեպք:
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ: Մահացածների թիվը կազմում է 3 հազար 312:
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 73 հազար 217 է: Մահացել է 802 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 52 հազար 128 է: Մահերի թիվը 3 հազար 523 է: Ֆրանսիան այս ցուցանիշով շրջանցել է Չինաստանին:
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 47 հազար 593 է: Այստեղ մեկ օրում գրանցվել է վարակվածության 2 հազար 987 դեպք: Մահացածների թիվն ավելացել է 138-ով՝ կազմելով 3 հազար 36:
Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 150 է, Շվեյցարիայում՝ 17 հազար 137:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 115 դեպք կա, Ռուսաստանում` 2 հազար 777, Թուրքիայում՝ 13 հազար 531: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի։
Իտալիայի կառավարությունը կարանտինի ժամկետը երկարաձգում է մինչև ապրիլի 13-ը
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների ժամկետը երկարաձգել է մինչև ապրիլի 13-ը: Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: «Եթե մենք սխալվենք ժամկետներում և շտապենք որոշ քայլեր իրականացնել, ապա ռիսկի կենթարկենք այս ընթացքում մեր ներդրած ջանքերը: Սա միակ գործուն մեթոդն է մեր տնտեսության շարժիչը գործարկելու, սոցիալական շփումների, ազատությունների վերականգնման համար»,- ասել է նա Իտալիայի խորհրդարանում:
Նրա խոսքով՝ կորոնավիրուսի հաղթահարման ճանապարհը երկար է լինելու, քանի որ բացակայում է պատվաստանյութը: Կանխարգելող միջոցառումներն անհրաժեշտ կլինեն նաև անցումային փուլում, որպեսզի վարակի նոր օջախներ չառաջանան:
Մոնակոյի իշխանը բուժվել է կորոնավիրուսից
Մոնակոյի թագավորական պալատի տարածած հաղորդագրության համաձայն, երկրի իշխանը համարվում է բուժված և իրեն լավ է զգում: Պալատը տեղեկացնում է նաև, որ իշխանը մտադիր է շարունակել պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը, բայց արդեն իր ընտանիքի հետ:
Մարտի 19-ին հայտնի էր դարձել, որ Մոնակոյի իշխանը վարակվել է կորոնավիրուսով:
Իսպանիայի իշխանությունները պարզաբանել են հարկերի հավաքագրումը չդադարեցնելու որոշումը
Իսպանիայի իշխանություննեը բացատրել են, որ չեն կարող երկրում դադարեցնել հարկերի հավաքագրումը: Իսպանիայի փոխվարչապետ, տնտեսական հարցերի և թվային փոխակերպումների նախարար Նադյա Կալվինոն նշել է, որ հարկերի հավաքագրումը կշարունակվի, քանի որ երկիրը դրա կարիքն ունի: «Այս իրավիճակը բացառիկ է, բայց դա չի նշանակում, որ մեզ եկամուտներ պետք չեն: Մենք չենք կարող հրաժարվել պետական հատվածի բնականոն գործունեությունից: Պետական ծախսերը չեն անհետանում»,-նշել է նա: Նադյա Կալվինոն ընդգծել է, որ իշխանությունները պետք է վճարեն բժշկական անձնակազմին և անվտանգության համակարգի աշխատողներին:
Իսպանիայում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքը եղել հունվարի 31-ին: 
ՌԴ-ում քաղաքացիներն իրենց առողջական վիճակի մասին տվյալները կլրացնեն հատուկ բացված մատյանում
Ռուսաստանի իշխանությունները կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին կպարտավորեցնեն առողջական վիճակի մասին տվյալները լրացնել հատուկ բացված էլեկտրոնային մատյանում: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել է, որ մատյանը կվարվի հանրային ծառայությունների պորտալում:
«Կարանտինի մեջ գտնվող քաղաքացիները պարտավոր կլինեն լրացնել առողջական վիճակի վերաբերյալ իրենց տվյալները այդ էլեկտրոնային մատյանում և հաստատել տանը գտնվելու հանգամանքը»,-հայտարարել է վարչապետը:
Պանաման արգելել է տղամարդկանց ու կանանց դուրս գալ փողոց միևնույն օրը
Պանամայի իշխանությունները փորձում են առավելագույն ձևով սահմանափակել երկրում սոցիալական կապերը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Երկրում արձանագրվում են կարանտինի ռեժիմի մեծ թվով խախտումներ: Նոր սահմանափակման համաձայն, տղամարդկանց և կանանց արգելվում է իրենց տները լքել միևնույն օրը: Այս սահմանափակումը երկրում ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից: Ղեկավարությունը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով կարանտինային ռեժիմի խախտումների վիճակագրությունը: Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն մտցրել է տեղաշարժի սահմանափակման կանոններ մարտի 25-ից անորոշ ժամանակով: Ըստ դրանց՝ երկրի բնակիչներին օրվա մեջ, առավոտյան 06.30-19:30-ն ընկած ժամանակահատվածում, հատկացվում է երկու ժամ կենսական նշանակության ապրանքներ գնելու համար: Թե քաղաքացիները որ ժամերին կարող են դուրս գալ, դա արդեն կախված է իրենց անձնագրի համարի վերջին թվից:
Տարբեր երկրների ղեկավարներ կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի դաշինք
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, ինչպես նաև Հորդանանի, Սինգապուրի, Էկվադորի, Եթովպիայի առաջնորդները կոչ են անում ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ դաշինք: Նշված երկրների ղեկավարների առաջարկությունները ներկայացվել են «The Financial Times»-ում: Նշվում է, որ կորոնավիրուսի առաջ բոլորը հավասար են, և անհրաժեշտություն կա աշխատել միասին, որպեսզի իրավիճակը հաղթահարվի: «Այս վարակը չի խնայի ոչ մեկին՝ անկախ նրանից, թե այդ երկրում որքանով են զարգացած տնտեսությունը, տեխնոլոգիաները, որքան մեծ են հնարավորությունները»,- ասված է հոդվածում: Որպես կոնկրետ միջոցառում կորոնավիրուսի դեմ պայքարում, նշվում է պատվաստանյութի ստեղծումը և դրա արդար բաշխումն ամբողջ աշխարհում:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։
Կուբայում կորոնավիրուսի դեմ պայքարում խստացվում են սահմանափակումները
Կուբայի իշխանությունները որոշում են կայացրել դուրս բերել օտարերկրյա նավերը երկրի ջրային տարածքներից, ինչպես նաև դադարեցնել ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները: Այդ մասին հայտարարել է Կուբայի վարչապետ Մանուել Մարրերո Կրուսը:
«Կուբայի կառավարությունը որոշում է կայացրել խնդրել դուրս բերել այն օտարերկրյա նավերը, որոնք դեռ գտնվում են մեր երկրի ջրային տարածքներում: Ստեղծված իրավիճակը նաև նպաստել է, որ դադարեցնենք երկիր ժամանող բոլոր տեսակի ուղևորափոխադրող ինքնաթիռների թռիչքները, քանի որ այն ստեղծում է հավելյալ ռիսկ բնակչության համար»,-նշել է Կրուսը:
Նա տեղեկացրել է, որ կշարունակեն թռիչքներ իրականացնել բեռնափոխադրող ինքնաթիռները:
Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսն էլ իր հերթին հայտարարել է, որ որոշում է կայացվել չեղարկել Աշխատանքի օրվա համար նախատեսված բոլոր միջոցառումները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]