Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Աշխատակիցներին չկրճատած մի խումբ տնտեսավարողներ արդեն կարող են դիմել միանվագ աջակցության համար

Աշխատակիցներին չկրճատած մի խումբ տնտեսավարողներ արդեն կարող են դիմել 
միանվագ աջակցության համար

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման կառավարության հաստատած հինգերորդ միջոցառման կարգն արդեն հաստատված է, պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից՝ ապրիլի 1-ից կարող են դիմել՝ պետությունից միանվագ աջակցություն ստանալու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված է։ Պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից կարող են դիմել աջակցության համար ու ստանալ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով աշխատատեղերի պահպանությանը»,-գրել է Թունյանը:

Նա հիշեցրել է, թե ովքեր կարող են լինել միջոցառման շահառու (աջակցություն ստանալ). այն տնտեսավարողները, որոնք.2020 թվականի հունվարի մեկից  մինչև.2020 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատող և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

«Տնտեսվարողների աշխատավարձի փաստացի ֆոնդի հաշվարկներում չեն ներառվում 26.03.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված աշխատողների քանակը և ավելացված աշխատավարձի ֆոնդը»,-պարզաբանել է Թունյանը:

5-րդ միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները։

Օժանդակության չափը կազմելու է աշխատավարձի մեկ ամսվա ֆոնդի 16-20 տոկոսը։

Պատգամավորը ծանոթացրել է նաև դիմելու կարգին, քայլերի հերթականությանը.

1․ Ապրիլի 1-ից սկսած մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվության ներկայացումից հետո տնտեսվարողը, ծրագրի պայմաններին բավարարելու դեպքում, ՊԵԿ էլեկտրոնային համակարգի իր էջին ստանալու է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։

2․ Ծանուցումը ստանալուց հետո տնտեսվարողը նույն համակարգում առկա նոր ձևանմուշով ներկայացնում է դիմում՝ դրամաշնորհ ստանալու համար։

3․ Դիմումի ներկայացումից հետո դրամաշնորհը շահառուի բանկային հաշվին փոխանցվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Վարչապետը Փաշինյանը կառավարության նիստում միջոցառումը հաստատելիս նկատել էր, որ այս աջակցության ծրագրով կառավարությունն իր շնորհակալությունն է հայտնում այդ գործատուներին, որոնք այս դժվար ժամանակներին խուճապի չեն մատնվել և ցուցաբերել են սոցիալական պատասխանատվություն, այսինքն այն ընկերությունները, կազմակերպությունները, որոնք ի հեճուկս դժվար ժամանակների չեն կրճատել իրենց աշխատողներին, չեն կրճատել աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը, պետության կողմից կստանան դրամաշնորհ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]