Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Զանգերի ֆիքսումը թույլ կտա կանխարգելել 7 օրը մեկ վարակվածների թվի կրկնապատկման դինամիկան

Զանգերի ֆիքսումը թույլ կտա կանխարգելել 7 օրը մեկ վարակվածների թվի 
կրկնապատկման դինամիկան

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հեռախոսազանգերը ֆիքսելու մեխանիզմը համաչափ է, միջամտությունները անհրաժեշտ տարրական միջամտություններ են և միանշանակ իրավաչափ նպատակ են հետապնդում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բադասյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում:

 «Նախագիծը որևէ կերպ գաղտնալսման կամ տեղեկությունների բացահայտման մասին չէ, նախագծով կարգավորվողը տեխնիկապես հնարավորություն չի էլ տալիս քաղաքացիների զանգերը գաղտնալսել կամ զանգերի ու կարճ հաղորագրությունների բովանդակությանը այլ կերպ ծանոթանալ: Այս կարգավորումները, որոնք նախատեսում են մասնավոր ընտանեկան կյանքին և մի շարք այլ իրավունքներին համաչափ միջամտություն, բացառապես արտակարգ դրության ընթացքում են կիրառվելու: Ավելին, սա վերաբերվում է  միայն այնպիսի արտակարգ դրությանը, որը հայտարարվել է համաճարակի հիմքով»,-վստահեցրեց Բադասյանը ու հավելեց՝ բոլոր տվյալները արտակարգ դրության ավարտից հետո ենթակա են ոչնչացման:

Անդրադառնալով հնչող դիտարկումներին, թե արդյո՞ք դա վերջին միջոցն էր՝ առանց որի արդյունավետ պայքար հնարավոր չէր մղել համաճարակի դեմ՝ նախարարը հիշեցրեց, որ Առողջապահության նախարարն ընդամենը երեկ հրապարկեց վիճակագրական տվյալներ, թե գործող սահմանափակումների պահպանման դեպքում ինչ զարգացում կլինի: Զարգացումը ցույց էր տալիս, որ վարակակիրների քանակը պետք է 7 օրը մեկ կրկնապատկվի: Նա նկատեց՝ եթե նախքան այս մեխանիզմի կիրառումը՝ վարակակիրը նոր էր թեստավորվում, բայց ավելի վաղ էր վարակել, և  օրինակ պոտենցիալ վարակակիրների քանակը 5  էր, այդ 5 անձինք կիմանային, որ իրենք պոտենցիալ վարակված են միայն այն ժամանակ, երբ թեստի արդյունքները կպարզվեին:

«Նախագծով փոխվում է այնպես, որ անմիջապես ավտոմատացված տվյալների վրա կբերվեն տեղեկություններ, և այդ 5 անձինք ավելի վաղ կտեղեկացվեն, որ հնարավոր է վարակվել են, կկիրառվի ինքնամեկուսացում կամ մեկուսացում: Այսինքն, իրենք իրենց հարազատների հետ չեն շարունակի շփումները, և այդ շղթան հնարավոր կլինի կոտրել: Այսինքն, այդ դինամիկան, որը բերելու է 7 օրը մեկ կրկնապատկման, այդ միջոցով հնարավոր է կանխարգելել»,-ասաց Բադասյանն ու նշեց՝ այդ գործիքն արդյունավետ է, համաչափ է, քանի որ մի դեպքում պահպանում է կյանքը և առողջութունը, մյուս դեպքում թույլ է տալիս համաչափ և շատ սահմանափակ անձնական տվյալների հավաքագրում՝ համաճարակի դեմ պայքարելու համար:

«Եվ մեր նպատակն է, որ միջինում մեկ անձը մեկից քիչ մարդ վարակի: Երբ հասնենք այդ միջին տվյալին, նշանակում է՝ ունենում ենք վերահսկելի իրավիճակ»,-ասաց նա:

ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։ 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ