Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՓՄՁ-ն պետության աջակցությամբ վարկ ստանալու դիմումը պետք է ներկայացնի բացառապես առցանց տարբերակով

ՓՄՁ-ն պետության աջակցությամբ վարկ ստանալու դիմումը պետք է ներկայացնի 
բացառապես առցանց տարբերակով

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր ու միջին ձեռնարկությունները կառավարության կողմից առաջարկված աջակցության գործիքից՝ արտոնալ վարկից օգտվելու համար հայտադիմումը պետք է լրացնեն բացառապես առցանց տարբերակով. առցանց դիմումը պետք է լրացնել Ներդրումների աջակցման կենտրոնի վեբ կայքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

 Մարգարյանը նախ հիշեցրեց, որ 2020 թվականի մարտի 26-ի որոշմամբ ընդունվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը:

Միջոցառումը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմանը: Կարող են օգտվել այն ՓՄՁ-ները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019-ի շրջանառությունը եղել է 24-500 մլն դրամի շրջանակում, և 2019-ի մեկ եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է: ՓՄՁ-ները պետք է անպայման ունենան բարվոք վարկային ու հարկային պատմություն: Այս պայմաններին բավարարող տնտեսավարողները կարող են դիմել ստանալու արտոնյալ վարկեր՝ 36 ամսով տրամադրվող: 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս պայմանով, վերջին երրորդ տարվա համար վարկը գործում է 12 տոկոսով: Վարկը տրամադրվում է միայն անկանխիկ եղանակով, և կարող է ծախսվել աշխատավարձի, հարկերի, վարձակալության, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ: Առաջին 6 ամսվա համար շահառուն որևէ մարում չի անում: Դրանից հետո 7-րդ ամսից սկսած նախատեսված են հավասարաչափ մարումներ:

Զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման: Եթե շահառուն այդ երկու ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 միլիոնը, ապա 7-12-րդ ամիսներին մարման գրաֆիկը սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամը, որից հետո 13-րդ ամսից մինչև պայմանագրի ավարտը կրկին հավասարաչափ մարումներ են լինում: Վաղաժամ մարումներ հնարավոր են:

 Ներդրումների աջակցման կենտրոնի վեբ կայքում՝ isc.am-ում «Դիմում» կոճակը սեղմելով պետք է լրացնել առցանց դիմումը: Բոլոր դիմումներն ընդունվում են միայն առցանց: «Հիմնականում պահանջվող փաստաթղթերը բավականին պարզ են: Վարկային պատմությունը ճշտելու համար կամ պետությունը, կամ շահառուն պետք է դիմեն AKRA համակարգին: Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, մենք առաջարկում ենք Ներդրումների աջակցման կենտրոնին տրամադրել լիազորագիր, որով կենտրոնն ինքը կդիմի AKRA-ին և կստանա այդ տվյալը: Լիազորագիրը կցված է հայտադիմումին: Սակայն լիազորագիրը պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ: Շահառուները պետք է ներբեռնեն նաև իրենց հարկային հաշվետվությունները: Դիմումը լրացնելուց հետո երկու օրվա ընթացքում Ներդրումների աջակցման կենտրոնից կստացվի նամակ, որը կամ կհաստատի դիմումը, կամ կթվարկի պակասող փաստաթղթերը, կամ կմերժի»,-ասաց Մարգարյանը:

Եթե շահառուն անհատ ձեռներեց չէ, ապա պետք է ներկայացվի նաև մեկ անհատական երաշխավորություն՝ սեփականատիրոջ կամ կառավարմանը մասնակցող որևէ անձի կողմից: Այդ դեպքում ևս այդ անձի AKRA հաշվետվությունն անհրաժեշտ է:

 Հայաստանում ապրիլի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 571 է, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստերից 2704-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Հայաստանում ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 31 քաղաքացի:

 ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]