Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս». Արսեն Թորոսյան

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս». Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է տանը մնալու անհրաժեշտությունը՝ նշելով, որ կորոնավիրուսի տարածման տեմպը կառավարությանը միայնակ կոտրել չի կարող, սակայն այն հնարավոր է կոտրել բոլորի համատեղ ջանքերով։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»–ի իր էջում։

«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը: Երկրները այս ընթացքում տարբեր արագություններ են ունեցել 2-ից մինչև 10 օր: Մենք այս պահին գտնվում ենք 7-օրյա տեմպի տակ: Այսինքն մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ: Այդպիսի տեմպ որպես օրինակ ունի նաև Ճապոնիան»,– գրել է Թորոսյանը։Առողջապահության նախարարը նշել է, որ, եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 7-ին կունենանք մոտ 1000 դեպք, ապրիլի 14-ին 2000 և այդպես շարունակ:

«Բոլորիս խնդիրն է այնպես անել, որ այդ տեմպը գնալով դանդաղի, որպեսզի մենք ունենանք սկզբի համար ուղիղ այնքան նոր դեպք, որքան կունենանք առողջացած պացիենտ, իսկ հետո ավելի քիչ նոր դեպք, քան առողջացած պացիենտ: Եթե տեմպը պահպանվի ու օրինակ չդառնա Հարավային Կորեայի նման հարթ, ապա մենք ստիպված ենք լինելու թեթև ընթացքով կամ առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը, ինչպես անում են շատ երկրներ` պարզապես այլ ելք չունենալով: Չեմ կարծում, թե դա մեր կողմից ցանկալի սցենար է, քանի որ առողջապահական համակարգը, ներառյալ դրա` հատուկ կորոնավիրուսի համար ծավալվող հատվածը կկարողանա այդ բեռը տանել: Ի դեպ որևէ երկրի առողջապահական համակարգ չի կարող այդ բեռը կրել»,– նշել է նախարարը։

Արսեն Թորոսյանը հավելել է, որ հենց վերոգրյալի համատեքստում է կարևոր մնալ տանը և խստորեն պահպանել ինքամեկուսացման ցուցումները` այդ թվում վարչական պատասխանատվության ռիսկից դրդված:

«Հենց այս ամենի համար է կարևոր, որպեսզի մենք այս կամ այն եղանակով արձանագրենք այդ խախտումները և վերադարձնենք մարդկանց իրենց ինքնամեկուսացման վայր: Դա ինքնանպատակ չէ, այլ ուղիղ ազդող գործիք վարակիչ հիվանդության տարածման տեմպի վրա: Այն ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5% պետական ծախսերով երկրի առողջապահական համակարգից և միայն արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև մեր այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության: Սակայն միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա պետք է անենք «մենք բոլորս»»,– գրել է Արսեն Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս տասը օրով։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ