Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մայիս

Ավինյանը ներկայացրեց կոնտակտավորների հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծի անհրաժեշտությունը

Ավինյանը ներկայացրեց կոնտակտավորների հեռախոսազանգերը ֆիքսելու նախագծի 
անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների հեռախոսազանգերը ֆիքսելու օրենքի նախագծերի փաթեթի անհրաժեշտությունը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս հարցին Ավինյանն անդրադարձավ Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում։

«Այն լուծումները, որոնք հիմա տրվում են, միտված են կանխարգելման ու մեկուսացման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելուն։ Նախագծով նախատեսվում է տեղորոշել այն անձանց, որոնք շփվել են վարակակրի հետ։ Երբ մեր տվյալների բազայից տեղեկություն է հասնում, որ որևէ անձ վարակակիր է, համակարգն ավտոմատացված ռեժիմով` վերլուծելով նրա վերջին 14 օրերի տեղադիրքերը և հեռախոսազանգերը, տալիս է հավանական ցանկ այն մարդկանց, ում հետ նա ունեցել է շփում։ Մենք զանգահարելու ենք տվյալ անձանց ու ասելու ենք, որ ամենայն հավանականությամբ նա շփվել է վարակակրի հետ։ Այստեղ չկա մարդկային միջամտություն, կա ծրագիր։ Եթե անձը հաստատում է, որ շփվել է վարակակրի հետ, մենք խնդրում ենք, որ նա ինքնամեկուսանա։ Արդյոք մեր հայրենակիցներն իրավունք չունեն րոպե առաջ իմանալ, որ շփվել են վարակակրի հետ։ Համոզված եմ, որ ունեն»,– ասաց Ավինյանը։

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է միաձայն` 71 կողմ ձայնով։ 

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս 10 օրով։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ