Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների հեռախոսազանգերը կֆիքսվեն նրանց արագ գտնելու նպատակով

Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորների հեռախոսազանգերը 
կֆիքսվեն նրանց արագ գտնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 71 կողմ ձայնով։ Խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին ԱԺ արտահերթ նիստին։

Ազգային ժողովում օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով նրան, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, նշել էր՝ մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը, հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում բացառվել է հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմիններից տվյալներ պահանջելու և ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է  ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորությունը, և սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լինեն ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո:

Առաջարկվող սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու: Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվելու և չի մշակվելու, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվելու են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար, այսինքն` նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում: Բոլոր մեկտեղված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ միայն անձնավորված, այլ նաև ապանձնավորված տվյալները: Փաթեթը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, ֆիքսվելու է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։  

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս 10 օրով։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]