Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի Մարտունու 5/2 տեղամասում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի. հանձնաժողովի նախագահ

Արցախի Մարտունու 5/2 տեղամասում ընտրություններն անցնում են առանց 
միջադեպերի. հանձնաժողովի նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Մարտունու շրջանի 5/2 ընտրատեղամասում 1359 ընտրողներից ժամը 17։00-ի դրությամբ` համապետական ընտրություններին մասնակցել է 770 ընտրող։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Ծատրյանը։

Նրա խոսքով՝ փորձել են հնարավորինս զերծ մնալ կուտակումներից, իսկ քաղաքացիներին հորդորել են պահպանել անվտանգության կանոնները։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի և մինչ այս պահը դիմում-բողոքներ չեն ներկայացվել։

Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]