Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Ինչու՞ են աղմկում իրանցի գործիչները․ մեկնաբանում է իրանագետը

Ինչու՞ են աղմկում իրանցի գործիչները․ մեկնաբանում է իրանագետը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին օրերին իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական գործիչներ և ԶԼՄ-ներ ակտիվորեն անդրադառնում են Իսրայելում դեսպանատուն բացելու ՀՀ որոշմանը։ Իրանցի գործիչները, դատապարտելով Երևանի որոշումը, կոչ են անում վերանայել այն։ Թեմային առաջինն արձագանքել է ԻԻՀ խորհրդարանի նախագահի օգնական Հոսեյն Ամիր Աբբդոլահիանը՝ հայտարարելով, որ Թել Ավիվում դեսպանատան բացումը բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանի անվտանգության վրա։

Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։

-Ինչո՞վ են պայմանավորված վերջին շրջանում իրանցի որոշ խորհրդարանականների կողմից և մի շարք լրատվամիջոցներում Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման թեմայի շահարկումները։

-Իրանը շատ զգայուն է տարածաշրջանում և հատկապես հարևան երկրներում իր հակառակորդներ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից ակտիվության դրսևորման հարցերում։ Պարբերաբար այսօրինակ դրսևորումներ են արձանագրվում նաև Ադրբեջանի՝ Իսրայելի հետ հարաբերությունների, զենքի գնումների ֆոնին։ Նման արձագանք է եղել նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակահատվածում։

Նաև Բոլթոնի այցի ժամանակ Երևանը հերթական անգամ ցույց տվեց, որ, ի տարբերություն մյուս հարևանների, թափանցիկ ու վստահելի գործընկեր է Թեհրանի համար։ Նույնիսկ Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակներում Հայաստանը միշտ պաշտպանել է հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները, իսկ արտակարգ իրավիճակներում էլ օգնության է հասել հարևան ժողովրդին։ Նման պայմաններում Իրանի որոշ շրջանակների անհարկի ջղաձգումները բոլորովին անտեղի են և երրորդ կողմից ուղղորդված կամ ավելի վատ՝ պատվիրված լինելու տպավորություն են ստեղծում։

Ինչ վերաբերում է Երևանի դիրքորոշմանը, ապա Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ ցանկացած նոր կամ ավելի խորացող համագործակցություն տեղի չի ունենում այլ հարաբերությունների, առավել ևսբարեկամ ու հարևանի երկրներ հետ հարաբերությունների ստորադասման հաշվին։ Այս սկզբունքն ավելի ակներև է Իրանի հետ հարաբերությունների օրինակով, երբ որևէ դերակատարի հետ Երևանի համագործակցությունը չի կարող վնասել Թեհրանի հետ հարաբերություններին, և, իհարկե, Հայաստան-Իրան բարեկամությունը որևէ կերպ չի կարող խոչընդոտել այլ երկրների հետ գործընկերության խորացման Երևանի քաղաքական ուղեգծին։

-Ձեր խոսքից կարելի է նաև ենթադրել, որ իրանական կողմի անդրադարձները, հնարավոր է,  ուղղորդված հակահայկական արշա՞վ են։ Եթե այո, ապա ո՞րն է դրա նպատակը։

-Առաջին նշանակալի արձագանքը ԻԻՀ խորհրդարանի նախագահի օգնական Հոսեյն Ամիր Աբբդոլահիանի հայտարարությունն էր, որին հաջորդեցին իրանական հեղինակավոր լրատվամիջոցների հրապարակումները։ Սա ցույց է տալիս, որ եղել է որոշակի ուղղորդում և համակարգում։ Մինչ այդ թեմային անդրադառնում էին սահմանափակ թվով մարգինալ, ադրբեջանամետ և ոչ այնքան հայտնի իրանական լրատվամիջոցներ, որոնք այս օրերին ևս շարունակում են «տաք պահել» թեման։ Հարցին անդրադառնում են նաև թյուրքախոս շրջանակների ներկայացուցիչներ, որոնք աչքի են ընկնում իրենց ադրբեջանամետությամբ։

Ինչ վերաբերում է Ամիր Աբդոլահիանին, ապա պետք է փաստենք, որ նա էլ  հարում է պահպանողական ճամբարին, որի այլ ներկայացուցիչներ ևս արձագանքել են թեմային։ Եվ այն հեղինակավոր լրատվամիջոցները, որոնք այս օրերին քննադատական հոդվածներով են անդրադարձել թեմային, դրանք ևս պահպանողականներին պատկանող ԶԼՄ-ներ են։Իսկ պահպանողականները, գաղտնիք չէ, որ Իսրայելին վերաբերող հարցերում շատ ավելի կոշտ հռետորաբանություն ունեն։

Ուզում եմ ելակետ ընդունել այն հանգամանքը, որ նման արձագանքների պատճառներն առավելապես Իրանի ներքաղաքական գործընթացների համատեքստում են և չունեն արտաքին հետագիծ։ Մասնավորապես, Իրանի կառավարությունը և այս քննադատական հայտարարությունները հնչեցնողները քաղաքական հակառակորդ ճամբարներից են։ Եվ հնարավոր է՝ պահպանողականները բարեփոխականների դեմ դիվիդենտներ են հավաքում՝ Հայաստանի հաշվին, ինչն, ամեն դեպքում անընդունելի է և չի բխում երկկողմ հարաբերությունների շահերից։

-Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման ուղեգիծը հայ-իրանական հարաբերությունների վրա։

-Իրանի նորընտիր խորհրդարանի մեծամասնությունը պահապանողականներն են։ Բացի այդ, 2021 թվականին այդ երկրում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որտեղ ևս, ըստ նախնական գնահատականների, հաղթելու է պահպանողական թեկնածու։ Եվ եթե պահպանողականները շարունակեն այսպիսի հայտարարությունները, ապա անհրաժեշտ է լինելու նրանց կրկին և տարբեր մակարդակներում ավելի մանրամասն ներկայացնել Հայաստանի քաղաքականությունը հարևան պետությունների հարցում։

Հայ-իրանական հարաբերությունները երկկողմ հարաբերություններ են և չպետք է պայմանավորված լինեն երրորդ կողմով։ Հայաստանը, ինչպես նույն Իրանը, իր արտաքին համագործակցությունը ձևավորում է՝ ելնելով բացառապեսսեփական շահերից։

Ավելին, եթե Հայաստանը Իսրայելի հետ հարաբերություններում բացառում է Իրանի դեմ գործողությունները, ապա, տրամաբանական է, որ նման մոտեցում ակնկալվում է նաևԻրանից։ Հայաստանն ըմբռնումով է վերաբերում, օրինակ,Բաքվի հետ Թեհրանի հարևանային և բարեկամական հարաբերություններին, բայց Երևանի համար ընդունելի չեն դրանցում եղած ոչ հազվադեպ հակահայկական դրսևորումները։ Մեկ անգամ չէ, որ, օրինակ, Իրանում այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությանը»  նվիրված ցուցահանդեսներ, «Ղարաբաղի ազատագրման թեմային» նվիրված գիտաժողովներ են կազմակերպել, հակահայկական հայտարարություններ հնչել և այլն։

Հայաստանի համար ընդունելի չեն նաև Իրան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափիտարբեր հանդիպումներում ընդունվող հայտարարություններնարցախյան հակամարտության վերաբերյալ։  Բարեկամ Իրանի կողմից նման վարքը և նման նախաձեռնությունների մասնակից լինելը չեն բխում երկկողմ բարեկամության տրամաբանությունից։

Մյուս կողմից մենք տարածաշրջանում Իրանի հետ ունենք ընդհանուր շահեր, այդ թվում նաև՝ «Իսրայելից եկող վտանգի» հարցում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն իր սպառազինության մի զգալի մասը գնում է Իսրայելից։ Այդ զինատեսակները կարող են օգտագործվել ոչ միայն հայկական պետությունների զինված ուժերի, այլև հենց Իրանի դեմ, և նման նախադեպ եղել է։

Թեհրանի մտավախությունն այն է, որ հարևան երկրները չվերածվեն հակաիրանական հարթակի։ Հայաստանի պարագայում նման մտավախությունը անտեղի է՝ հաշվի առնելով երկու հարևան պետությունների՝ պատմությամբ թրծված բարեկամությունը։

Հայաստանը չի գնա գործողությունների, որոնք կվնասեն Իրանի հետ հարաբերությունները։ Սակայն Հայաստանը ինքն է որոշում՝ ինչպիսի հարաբերություններ է ունենալու այլ երկրների հետ։ Եվ համոզված եմ՝ իրանական որոշ շրջանակների կողմից նմանանհարկի ջղաձգումներըչեն կարողհետք թողնել երկու ժողովուրդների հազարամյաբարեկամության վրա

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ