1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Կառավարությունը զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար մշակել է համապատասխան մեխանիզմներ

Կառավարությունը զբոսաշրջության ոլորտին աջակցելու համար մշակել է 
համապատասխան մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր հատվածին աջակցելու համար Կառավարությունը մշակել է համապատասխան մեխանիզմներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

«Կորոնավիրուսի հետևանքով զբոսաշրջության ոլորտն ամենատուժածներից է։ Կարելի է ասել, որ այս պահին Հայաստանում և ամբողջ աշխարհում զբոսաշրջային այցելությունների քանակը հասնում է 0-ի, հետևաբար այս ոլորտը համարվում է առավել խոցելի, քան մյուսները։ Վնասներ են կրում մասնավոր հատվածի ներկայացուցիչները, որոնք ներգրավված են եղել զբոսաշրջության ծառայությունների մատուցման բնագավառում՝ հյուրատները, հյուրանոցները, զբոսաշրջային սուբյեկտները, որոնց հիմնական սպառողը հանդիսացել է զբոսաշրջիկը։ Դրանով պայմանավորված՝ վերջին շրջանում բազմաթիվ քննարկումներ են եղել տարբեր զբոսաշրջային սուբյեկտների, այդ թվում՝ ներգնա, արտագնա տուրօպերատորների, զբոսավարների, հյուրանոցային, հյուրատնային գործունեություն ծավալողերի, ուղևորափոխադրողների և բոլոր այն զբոսաշրջային սուբյեկտների հետ, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով կորուստներ են կրել»,- նշեց Սաֆարյանը և հավելեց, որ վերջին շրջանում քննարկվել են զբոսաշրջության ոլորտին աջակցելու տարբեր մեխանիզմներ։

Նրա խոսքով՝ առաջին միջոցառմամբ սահմանվում է համավարկավորում կամ վերավարկավորում, երբ մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են դիմել վարկավորման՝ 50 տոկոս պետությունից աջակցություն ստանալու համար։ Սաֆարյանը շեշտեց, որ այդ գումարն իրենք կարող են ծախսել իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու, պետական կամ համայնքային բյուջեի վճարումների, տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև իրենց կոմունալ ծառայությունների վճարման համար։

«Այս աջակցությունը մի փոքր կարող է մեղմացնել այն կորուստները, որոնք տվյալ ոլորտի գործունեության սուբյեկտները կրում են։ Կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է վարկավորման աջակցություն զբոսաշրջության փոքր և միջին ձեռնարկությունների համար։ Սրանով նախատեսվում է վարկավորում այն գործունեության սուբյեկտներին, որոնց շրջանառությունը 24-500 մլն դրամի շրջանակներում է։ Պայմանները նախատեսված են այնպես, որ մարման ժամկետը 36 ամիս է, որի առաջին 6 ամսվա ընթացքում վճարումներ նախատեսված չեն՝ տոկոսավճար չկա։ Այս ամենից հետո ևս 2 տարի շարունակում են վճարումներ կատարել մայր գումարն առաց տոկոսի և միայն վերջին՝ 12-րդ ամսում՝ 12 տոկոս տոկոսավճարով կարողանում են օգտվել վարկավորումից։ Վաղաժամկետ վճարման դեպքում, բնական է, որ 3-րդ տարվա տոկոսավճարը չի գանձվում, հետևաբար բավականին շահավետ գործարք կլինի այն բիզնեսների համար, որոնք ի վիճակի են 2 տարում մարել վարկը և գումարներն օգտագործել և՛ իրենց աշխատակազմի կարիքների, և՛ այն բոլոր ծախսերի համար, որոնք այս պահին ծառացած են իրենց առջև։ Չեմ բացառում, որ կլինեն զբոսաշրջային սուբյեկտներ, որոնք, հնարավոր է, դուրս մնան այս աջակցության ֆոնդերից, և մենք քննարկում ենք տարբեր միջոցառումներ նրանց կարիքները նույնպես բավարարելու համար»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը։

ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]