Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա». Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկու մասին

«Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա». Ստեփան Ռոստոմյանը՝ Քշիշտոֆ 
Պենդերեցկու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար,կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն անդրադարձել է Քշիշտոֆ Պենդերեցկու մահվանն ու նշել, որ խորը ցավ է ապրել, երբ ստացել է նշանավոր կոմպոզիտորի և իր սիրելի ընկերոջ` Քշիշտոֆ Պենդերեցկու կորստի վշտալի լուրը:

Ռոստոմյանը ներկայացրել է Պենդերեցկու հետ կապված գեղեցիկ ու լուսավոր հուշերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա պատմել է. «Ինչպիսի ցնծություն էր, երբ երկարատև բանակցություններից հետո ես հայտարարեցի Պենդերեցկու Հայաստանյան առաջին այցի օրերը: Շատերը չհավատացին՝ կարծելով, որ հերթական հիասթափությունն են ապրելու, ինչպես դա եղել էր տասնամյակներ շարունակ… «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը ներկայացրեց մոհիկանին իր ողջ փայլով: Իր հետ Երևան էինք հրավիրել երկու տասնյակ աշխարհահռչակ կատարողների, ովքեր գրեթե բոլոր հայկական կատարողական ուժերի հետ, ներկայացնում էին Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային, վոկալ և գործիքային ստեղծագործությունները: Մեկ շաբաթ տոն էր Երևանում, ամեն օր Արամ Խաչատրյանի անվան համերգասրահը լեփ-լեցուն էր: Նա մինչև սրտի խորքը երախտապարտ էր նման ընդունելության և պատվի համար: Երախտապարտ էր, որ վայելում էր ողջ հայ արվեստասեր հասարակայնության անկեղծ սերը, նաև` իր երկրորդ հայրենիքը բացահայտելու համար»,-հիշել է կոմպոզիտորը:

Նրա խոսքով՝ մեկ տարի անց իրեն հրավիրել են Վարշավա կոմպոզիտորի ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով մեծ ընդունելության: Ներկա են եղել երկրի նախագահը, բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, հայտնի երաժիշներ: Անսպասելիորեն, Պենդերեցկին հայտարարել է, որ գտել է իր նախնիների երկիրը, իր երկրորդ հայրենիքը` Հայաստանը, ինչի համար բեմից շնորհակալություն է հայտնել Ռոստոմյանին:

«Չորս անգամ մեծ շուքով շարունակաբար իրականացրեցինք «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը: Տասնյակ հազարավոր ունկնդիրներ, շուրջ հիսուն գործերի կատարումներ, նվագախմբեր, երգչախմբեր, հրավիրյալ երաժիշտներ, հայ մենակատարներ, ընդունելություն և պարգևներ պետական մակարդակով... Դա բացառիկ էր. Պենդերեցկին սիրեց Հայաստանն ու իր ժոդովրդին, մտերմացավ մեր երաժիշտների և նվագախմբերի հետ, իսկ ոմանց կայացման գործում մեծ դեր խաղաց: Նա խորապես հոգևոր անձնավորություն էր և չեր կարող անտարբեր մնալ հայկական հարուստ հոգևոր երաժշտության նկատմամբ: Մենք ժամեր ենք անցկացրել 200-տարի առաջ տպագրված «Շարական» հատորի շուրջը: Ես ներկայացնում էի նրան շարականները, իսկ նա հիշում էր, որ նման մեղեդիներ լսել էր Կրակովի հայկական եկեղեցում, ուր մանկության օրերին այցելում էր հայազգի տատիկի հետ»,-նշել է նա:

Այսպես ծնվել է հայկական հոգևոր թեմայով մեծ օրատորիա գրելու գաղափարը: Առավել իրականանալի է եղել երգչախմբային գործի ստեղծումը` որը նվիրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տեքստը Դավթի վեցերորդ սաղմոսի գրաբարյան տարբերակն է եղել: Ստեղծագործությունն առաջին անգամ մեծ շուքով կատարվել է Նյու Յորքի Քարնեգի Հոլում` «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակներում «Հովեր» կամերային երգչախմբով: «Հիշողությունները շատ են ու զորավոր, և դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա: Մշտապես հիշելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում նրա ասած խոսքերը. «Հիմա տատիկիս հոգին հանգիստ կհանգչի երկնքում. ես վերջապես տեսա իմ Հայաստանը»: Թող ամենակարող Տերը իր երկնային դրախտի մեջ ընդունի քո հոգին, սիրելի Քշիշտոֆ»,-եզրափակել է Ռոստոմյանը:

Լեհ երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին մահացել է մարտի 29-ին 87 տարեկանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]